ԼՂ ԱԳՆ ղեկավարը Երևանում հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակության հետ
Դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) նախագահ Քարոլին Մյուգարի և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի հետ։
Ըստ Ղարաբաղի արտգործնախարարության հաղորդագրության, հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:
Ղարաբաղի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է համագումարի գործունեության կարևորությունը՝ ուղղված Միացյալ Նահանգներում համահայկական շահերի հետևողական առաջմղմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի և ԱՀՀ միջև փոխգործակցության շրջանակների ընդլայնման հեռանկարների վերաբերյալ մի շարք հարցեր:
Մասիս Մայիլյանը ներկայացրել է նաև ԼՂ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, անդրադարձել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման և Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացներին: