Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսում անդրադարձել է Կիպրոսի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի հանդիպմանը: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը:
«Տղաներն իրագործեցին նախապես կազմած մեր ծրագիրը. ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ՝ մրցակցի դարպասի մոտ բազմաթիվ վտանգներ ստեղծելով։ Թեև չկարողացանք հաղթել, բայց թիմը հստակ գիտակցում է՝ ինչ է անում խաղադաշտում։ Հուսով եմ՝ վնասվածք ունեցող խաղացողները շուտով կապաքինվեն ու կվերադառնան շարք։ Նրանց հետ ավելի մրցունակ թիմ կունենանք, և արդյունքը չի ուշանա։ Տղաները դեռ երիտասարդ են, բայց այսօր լավ պայքարեցին ու վստահ գործեցին»,- նշել է մարզիչը:
Նոյեմբերի 15-ին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Ռիգայում վերջին տուրի հանդիպումը կանցկացնի Լատվիայի հավաքականի հետ: Անկախ վերջին տուրի արդյունքից՝ Հայաստանի հավաքականը C լիգայի երկրորդ խմբում կգրավի երրորդ տեղը:

