Նիկոլ Փաշինյանին հիշեցնեմ՝ եթե ընտրակաշառքը բացահայտ էր, մի՞թե դա չէին գիտակցում Գագիկ Ծառուկյանի հետ հուշագիր ստորագրելիս․ Լիլիթ Գալստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
23.09.2020 | 19:30Factor.am-ի հարցազրույցը ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանի հետ
-Հոկտեմբերի 8-ին ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու Վանեցյանի կուսակցությունը հանրահավաք են հրավիրել։ Ո՞րն է հանրահավաքի օրակարգը։
-Օրակարգում, բնականաբար, քաղաքական գնահատական կտրվի քաղաքական մեծամասնությանը, իշխանությունների՝ ավելի քան երկուսուկես տարվա գործունեությանը, և անշուշտ՝ քաղաքական գնահատականներին զուգահեռ մենք կփորձենք ամփոփել նաև հանրային տարբեր շրջանակներում տրվող գնահատականները, և երեք քաղաքական ուժերը, բոլոր այն մարտահրավերներն ու ռիսկերը, որ այսօր դիմագրավում է Հայաստանի Հանրապետությունը, կներկայացնեն։ Բնական է, որ եթե ամեն ինչ լավ լիներ և մեր գնահատականը դրական լիներ, մենք հանրահավաք կազմակերպելու անհրաժեշտությունը չէինք ունենա և տագնապեցնող, Հայաստանին նետված մարտահրավերի լրջությունը մեզ թելադրում է տալ գնահատականներ ։ Եվ բնական է՝ մենք ունենք ճանապարհային քարտեզ, ծրագրային ելույթների ճանապարհով քաղաքական գնահատականներին կհաջորդեն մեր քայլերի կամ քաղաքական նպատակադրումների մասին հանրության հետ մեր տեսակետները կիսելը։
-Ճանապարհային քարտեզ ասելով՝ որպես վերջնանպատակ նկատի ունե՞ք արտահերթ ընտրությունները։
-Մենք արդեն հնչեցրել ենք մի քանի առիթներով, նկատի ունեմ Հայ հեղափոխական դաշնակցությանը, իհարկե քաղաքական գնահատականները մեր կողմից, հնչում են մեկուկես, երկու տարի շարունակ և այս վերջին շրջանում, երբ որ հանրապետության ռիսկերն ավելի են ահագնանում, մենք եկել ենք քաղաքական այն եզրակացության, որ Հայաստանի համար անխուսափելի անհրաժեշտություն է նոր որակի իշխանություն ունենալը՝ քաղաքական նոր ուժ, նոր համախմբում, որը կկարողանա Հայաստանի խնդիրները լուծել, և բնական է՝ նոր որակի իշխանությունը այլ նկարագիր ու առաջնահերթություն կունենա, քաղաքական այլ վարքագիծ կունենա և ամենակարևորը՝ կսպասարկի մեր հանրության բոլոր շերտերի սպասումները։
-ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ հանրահավաքի որոշումը հարմարեցվել է դատարանում Ծառուկյանի կալանքի հարցի քննարկմանը։ Այսպիսով, ըստ նրա, ամեն բան արվում է քրգործով մեղադրվողի քաղաքական պաշտպանության ու հարցի քաղաքականացման համար։ Մինչ հանրահավաքը Ծառուկյանը կալանավորված կլինի, և հանրահավաքը կլինի պաշտպանության գործողություն։ Ինչպե՞ս կպատասխանեք։
-Ալեն Սիմոնյանը, ինչպես շատ այլ դրվագներում, այդտեղ էլ խորը մոլորության մեջ է կամ էլ հասարակությանն է ուզում մոլորեցնել։ Իրականում քաղաքական ուժերը՝ Դաշնակցությունը ու ևս երկու քաղաքական ուժ, մեկ անձի տիրույթից դուրս են և մեր քաղաքական ուժերի լրջագույն քաղաքական օրակարգը անձերով պայմանավորված չի։ Երբ որ Ալեն Սիմոնյանը փորձում է ծանրության սլաքներն ուղղորդել դեպի Գագիկ Ծառուկյան անձը, դրանով փորձում է նաև սեփական թիմի մեղավորությունից հեռացնել թեման, իսկ թեման Հայաստանի Հանրապետության տագնապալի ներկան և և խիստ անորոշ տանգնապալի ապագան է։ Ինչ վերաբերում է մեր երեք քաղաքական ուժերի քաղաքական օրակարգի առանցքում Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեսնելուն, սկսեմ նրանից, որ Դաշնակցության համար սա․․․ մենք թերևս առաջին քաղաքական ուժն էինք, որ դեղին քարտերով զգուշացման առաջին միտինգը հրավիրեցինք մայիսին և ամենաբազմամարդ հանրահավաքն էր Հայաստանում 2018 թվականի դեպքերից հետո։ Մենք խոստացել էինք, որ ակնդետ պետք է հետևենք Հայաստանի քաղաքական գործընթացներին, և բնական է՝ մենք մեր գնահատականը չպիտի ուշացնեինք։ Իսկ այսօր Հայաստանն այնպիսի տանգապային, ճգնաժամային իրավիճակում է, որ քաղաքական պատասխանատու ուժերը չեն կարող ուղղակի վիճակագրի կեցվածքով մի կողմ քաշվել ու տեսնել, թե ինչպես է Հայաստանը գլորվում։
-Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը կրկին դատարանում է, թեև այսօր նիստը չկայացավ։ Երկու օրից է նոր նիստ լինելու դատարանում։ ՀՅԴ-ն պաշտոնական հայտարարությամբ սա բռնաճնշում է որակել, ռեպրեսիվ գործելակերպ։ Ծառուկյանը և տասնյակից ավելի անձինք մեղադրվում են ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքը խոչընդոտելու համար։ Այսինքն՝ դուք հերքո՞ւմ եք մեղադրանքը։
-Խնդիրը բացարձակապես ընտրակաշառքի և չընտրակաշառքի մասին չի։
-Դուք կասկածի տակ դնո՞ւմ եք Ծառուկյանին առաջադրված մեղադրանքը։
-Ես դատավոր չեմ, որ կասկածի տակ դնեմ, դա թողնենք իրավապահ համակարգին, նաև չխախտենք անմեղության կանխավարկածը։ Բայց ես շատ կուզեմ ասել մեր սիրելի հեռուստադիտողներին և հանրությանը, որ Հայաստանում մեկ անձի քաղաքական իշխանություն է այսօր և ամբողջ քաղաքական համակարգը սպասարկում է նրան։ Հիշեցնեմ «Իմ քայլի» ղեկավարին՝ երբ 2018 թվականին Գագիկ Ծառուկյանի հետ հուշագիր էր ստորագրվում և նոր Հայաստան կերտելու քաղաքական համաձայնագիր էին կնքում, Գագիկ Ծառուկյանը մի՞թե օլիգարխ էր և մի՞թե չէին գիտակցում՝ եթե կար ընտրակաշառքի ակնառու բացահայտ իրողությունը, թող այդ ժամանակ քաղաքական հասունություն ունենային։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան