ՔՊ-ում պառակտում կա՝ Արմեն Գրիգորյանի հոդվածը բացահայտեց․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
16.11.2026 | 18:00«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանը Factor TV-ի եթերում քննադատության է ենթարկել ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ ԵՄ-ին անդամակցությունն անհնարին համարող բովանդակությամբ նրա հեղինակած վերջին հոդվածի և արտաքին քաղաքական մոտեցումների համար։
Ադամյանը հարցադրում է արել․ «Արմեն Գրիգորյանի հոդվածն ո՞վ է գրել, Պեսկո՞վը, թե՞ Զախարովան», նրա խոսքով՝ Գրիգորյանի տեսակետները գրեթե չեն տարբերվում Ռուսաստանի պաշտոնական հռետորաբանությունից․ «Արմեն Գրիգորյանը բացարձակապես պաշտպանում է ՀՀ-ի՝ «գուբերնիա» լինելու և «գուբերնիա» մնալու տեսակետը: Նա իրականությունը շրջում է 180 աստիճանով՝ ներկայացնելով, թե ՌԴ-ն ճնշում է ԵՄ օրենքի պատճառով»։
Ըստ բանախոսի՝ իշխող թիմում տարաձայնություններ կան այս հարցի շուրջ։ «ՔՊ-ում պառակտում կա, և Արմեն Գրիգորյանի այդ հոդվածը վկայում է դա․ և՛ «արմենգրիգորյանիզմ» է եղել, և՛ եղել է այն, որ այդ օրենքն Ազգային ժողովում ընդունվել է»։
Ադամյանի պնդմամբ՝ «արմենգրիգորյանիզմը» փորձում է խզել ՀՀ-ի և Արևմուտքի հարաբերությունները՝ դրա փոխարեն դնելով ՌԴ-ի պայծառ կերպարը, մինչդեռ իրականությունը հակառակն է։ «Մայր Ռուսիան կոկորդը չի շոյելու, Մայր Ռուսիան ուզում է ՀՀ-ի գլուխը կտրել»,- շեշտել է նա՝ հավելելով, որ ԱԽ նախկին քարտուղարն իր այս մոտեցմամբ՝ պետությունը տանում է փակուղի․ «Մի պատի ենք հանգելու, և այդ պատի վրա գրված է լինելու՝ Ռուսաստանը մեր փրկիչն է։ Նա սխալ է գնահատում իրավիճակը, քանի որ սխալ ելակետ ունի։ Իսկ սխալ ելակետն այն է, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն չի, և նրա փրկության բանալին մի պետության գրպանում է»։
Խոսելով անվտանգային համակարգերի մասին՝ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամը հայտարարել է, որ Ռուսաստանը ՀՀ անվտանգությունը չի ապահովում. դա անում է Արևմուտքը։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ նա նշել է․ «ՀԱՊԿ-ը պահվում է որպես Նիկոլ Փաշինյանի վերջին փամփուշտ, որը կկրակի, եթե ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որևէ հարձակում նախաձեռնի: Բայց այդ փամփուշտը կրակված է արդեն, մի կողմ դրեք դրան»։ Փոխարենը, ըստ նրա, ԵՄ-ին անդամակցելու օրակարգը ուժեղացնելու է ՀՀ-ի տնտեսությունը, ինչն էլ կբարձրացնի երկրի պաշտպանունակությունը:
Անդրադառնալով եվրոպական ֆինանսական աջակցությանը՝ Ադամյանը նշել է․ «Արմեն Գրիգորյանը թող բարի լինի պատասխանել՝ ինչո՞ւ ԵՄ-ի խոստացած 2.7 մլրդ եվրոն չօգտագործվեց ամբողջությամբ։ Այնքան ռեսուրս է տվել՝ չենք օգտագործել, ինչո՞ւ ծրագրեր չեղան, ՌԴ-ի՞ց էինք վախենում»։
Ամփոփելով հայ-ռուսական հարաբերությունները՝ Անահիտ Ադամյանն ընդգծել է, որ Մոսկվայից Երևանին որևէ կառուցողական առաջարկ չի արվել․ «ՌԴ-ն մեզ վախեցրել է տնտեսական պատերազմով, մահափորձերով՝ հիշեք Մեդվեդևը ոնց էր ողբում, որ Նիկոլ Փաշինյանը ողջ մնաց»։
Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

