ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի նկատմամբ
Քաղաքականություն
16.11.2026 | 16:49
ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում ներառել 145 ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» նավերը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն, փոխանցում է Current time-ը։
Նրա խոսքով՝ պատժամիջոցներ կսահմանվեն, մասնավորապես, Wildberries ընկերության ղեկավար Տատյանա Կիմի նկատմամբ։ Սահմանափակումների տակ կհայտնվի նաև Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալը։
Կիմի դեմ պատժամիջոցների նախապատրաստման մասին ավելի վաղ գրել էր EUObserver-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պատժամիջոցների ամբողջական ցանկը դեռևս չի հրապարակվել։ Խոսքը պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին չէ, այլ նոր անձանց՝ սահմանափակումների ցանկերում պարբերաբար ներառելու մասին։ 22-րդ փաթեթի շուրջ քննարկումները կմեկնարկեն այս շաբաթ, իսկ դրա ընդունումը նախատեսվում է մինչև Սուրբ Ծնունդ։
Ավելի վաղ «Система» հետաքննական նախագիծը պարզել էր, որ նոյեմբերի 11-ին ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կողմից համաձայնեցված ցանկում չորս իրավաբանական անձով պակաս է ներառված, քան ի սկզբանե քննարկվող տարբերակում։ «Система»-ի տվյալներով՝ քննարկումների ընթացքում ցանկից հանվել են «Առաջին ներդրումային բանկը», «Ներդրումային կոոպերատիվ բանկը», «ՌԵՍՈ Կրեդիտ» բանկը և «ՏԱՆԵԿՈ» նավթային ընկերությունը։ Դրանք բոլորը եվրոպացի բաժնետերերի շահերի շրջանակում են։
Wildberries-ի մամուլի ծառայությունից հայտարարել են, որ պատժամիջոցները չեն ազդի ընկերության գործունեության վրա, քանի որ այն ակտիվներ չունի Եվրամիությունում ու ԵՄ երկրներում գործունեություն չի ծավալում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

