Գագիկ Ծառուկյանին ու Ռոբերտ Քոչարյանին միավորում է իշխանության հրաժարականի նպատակը․ Վիգեն Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
18.09.2020 | 19:30Factor.am-ի հարցազրույցը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ
-Պարո՛ն Հակոբյան, երեկ քաղաքական փոխհրաձգություն էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև։ Առաջինը հակառակորդին բռնաբարության պատմությունն ու միաժամանակ ազգային արժեքները պաշտպանելու հռետորաբանության մասին էր հիշեցնում, երկրորդը կարծում էր՝ Սահմանադրությունով պետք է արգելվի հոգեկան խնդիր ունեցողների բարձր պաշտոններում նշանակվելը։ Արդյոք թշնամանքի հասնող կանվանե՞ք այս հակամարտությունը, եթե՝ այո, ապա այն ինչի՞ ծնունդ է։
-Սա ես ոչ միայն քաղաքական թշնամանք կհամարեմ, այլև մարդկային փոխհարաբերություններում եմ տեսնում թշնամության ակնհայտ էլեմենտներ։ Ես կարծում եմ՝ արդեն անցել է քաղաքական թշնամանքի փուլը, դա ամռանն էր, երբ հակամարտությունը սկսվեց ու ավարտվեց կամ դեռ չի ավարտվել՝ դատական պրոցեսով։ Ես կարծում եմ՝ ընդհանուր առմամբ այս բառապաշարը, ոճը ատելության մակարդակի հետևանքն է, և, ուշ թե շուտ, պետք է դա տեղի ունենար։ Ավելին՝ ես ձեզ ասեմ, որ հնարավոր չէ սոցցանցերում ատելության մթնոլորտն ու թշնամանքը փողոց չտեղափոխվի։ Որովհետև դա, ուշ թե ուշ, փողոց էլ է տեղափոխվեու։ Երբ օրինակ՝ սկսվի հանրահավաք ու հակառակորդ կողմերն իրար հանդիպեն փողոցում, մանավանդ, եթե իրար ճանաչեն, դա կարող է նաև ձեռնամարտի վերածվել, շատ ավելի բարդ հետևանքներ ունենալ։ Ես, կարծում եմ, սա ընդամենը հերթական փուլ է՝ քաղաքական ատելությունից արդեն անցել ենք մարդկային ատելության, և ես մտավախություն ունեմ, որ դա կարող է տեղափոխվել փողոց։
-Գագիկ Ծառուկյանը պաշտպանել է հեղափոխությունը, երբ ակնհայտ էր նրա դրական ելքը, հայտարարեց՝ իրենց ակտիվիստներն են եղել փողոցներում, այնուհետև 2018-ի մայիսի 8-ին վարչապետի ընտրության ժամանակ ԲՀԿ-ն կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին, այդ ուժն ընդգրկվեց Կառավարությունում, հետո հարաբերությունները սրվեցին հոկտեմբերի 2-ին, երբ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն փորձում էին օրենսդրական փոփոխություններ կատարել, դրանից հետո ԲՀԿ-ն դուրս մղվեց կառավարութունից, իսկ վերջերս էլ Ծառուկյանը Կառավարության հրաժարականը պահանջեց։ Ըստ Ձեզ՝ այդ ատելությունը Փաշինյան-Ծառուկյան հարաբերություններում ինչի՞ց սկսվեց։
-Գիտե՞ք, ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որոշակի «ռուբիկոններ» անցավ նախ և առաջ իշխանությունը, որովհետև Ծառուկյանի քաղաքական ակտիվությանը հակադարձվեց ուժային ձևով։ Այն պահից սկսած, երբ Գագիկ Ծառուկյանը և իր քաղաքական ուժն անցան քաղաքական պայքարի և հայտնվեցին արմատական ընդդիմության ճամբարում, միանգամից իր դեմ գործի դրվեց կոմպրոմատային կոշտ պայքարը։ Նույն այդ բռնաբարության թեման առաջին անգամ չէ, որ սեղանին է դրվում։ Ամենաթեժ պահերին մի քանի անգամ դա ակնարկվել է, հետո բացահայտ դրա մասին խոսվեց, հետո մամուլում՝ ոչ պաշտոնապես, բայց բոլորը հասկանում են, թե տեղեկատվական այդ արտահոսքի ակունքները որտեղ են։ Դա չէր կարող չբերել միջանձնային հարաբերությունների սրմանը, որովհետև, նորից եմ ասում՝ իշխանությունը «ռուբիկոններ» անցավ՝ բացվեց «Պանդորայի արկղը» և սովորաբար՝ դա փոխադարձ է լինում, այսինքն՝ կոմպրոմատային պայքար է սկսվում։ Այժմ դա տեսնում ենք հայտարարությունների մակարդակով, սկսեց, երբ ԿԳՄՍ նախարարը հայտարարություն արեց, հետո Նիկոլ Փաշինյանը կանգեց իր նախարարի մեջքին և պատասխան եղավ մյուս կողմից։
-Ընդդիմադիր դաշտում ակտիվ է նաև Ռոբերտ Քոչարյանը։ Նրա օրոք է ծնունդ առել Ծառուկյանի ԲՀԿ-ն։ Եվ կոչված էր դառնալու Քոչարյանի քաղաքական հենարանը։ Այսօր ի՞նչն է միացնում և ի՞նչն է տարանջատում այս զույգին, համատեղ գործողություններ, օրինակ, Փաշինյանի հրաժարականի պահանջով կարո՞ղ են լինել։
-Իրենց մոտ կա ընդհանուր տակտիկական խնդիր՝ երկուսն էլ, և ոչ միայն նրանք, այլ նաև՝ Վանեցյանը, Դաշնակցությունը, երեկ տեսնում էինք «Ազգային օրակարգն» էր հանրահավաք անում, այսինքն՝ ընդդմադիր դաշտի տարբեր սեգմենտների մոտ կա ընդհանուր տակտիկական նպատակ՝ պահանջել այսօրվա իշխանությունների հրաժարականը, ձևավորել հակաճգնաժամային կառավարություն, և հետո հասնել արտահերթ ընտրությունների։ Սա ընդհանուրն է, որ միավորում է Գագիկ Ծառուկյանին և Ռոբերտ Քոչարյանին՝ նրանք ընդհանուր տակտիկական նպատակներ ունեն, թեև հիմա նրանք առանձին են գործում։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան