Ավելի դաժան վերաբերմունք, քան ՀՀԿ-ի հանդեպ էր, աշխարհում չի եղել՝ դագաղներ, թաղումներ․ Վահրամ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
16.09.2020 | 22:26Factor.am-ի հարցազրույցը ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ
– Պարո՛ն Բաղդասարյան, Հայաստանի քաղաքական դաշտում ընդունված է՝ երբ աշունը գալիս է, ընդդիմությունը խոստանում է թեժացնել այն։ Այս անգամ ընդդիմադիր ձեր գործընկերներից ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու Արթուր Վանեցյանի կուսակցությունն արտահերթ ընտրությունների պահանջ են դնում։ Որտե՞ղ է այս ամենում ՀՀԿ-ն, արդյո՞ք ձեզ մի օր այս ուժերի կողքին կտեսնենք։
– Նախ՝ թեժ աշնան հետ կապված․ թեժությունը քաղաքական օրակարգն է թելադրում, կարևոր չէ՝ աշուն է, թե տարվա այլ եղանակ։ Բայց քաղաքական զարգացումներն են թելադրում, թե քաղաքական դաշտն ինչ թեժություն պետք է ունենա։ Բնականաբար, կան դրա դրդապատճառները, չեմ թաքցնում՝ դա կապ ունի կորոնավիրուսի ժամանակ ստեղծված իրավիճակի հետ, ցանկացած երկրում դժգոհություններ առաջանում են, բայց դա չի նշանակում, որ եթե չլիներ կորոնավիրուս, չէին լինի այս դժգոհությունները։ Ընդհանուր գնահատականը քաղաքական դաշտում տրվում է տվյալ իշխանությանը տրված քաղաքական գծով։ Յուրաքանչյուր իշխանության միշտ պետք է զգոն պահի կառուցողական ընդդիմությունը։ Ես ի սկզբանե դեմ էի այն մոտեցմանը, որ 70 տոկոս ձայն հավաքած քաղաքական ուժը կարող է միանձնյա իշխանություն ձևավորել, ժողովրդավարական երկրներին դա հարիր չէ, և կողմնակից կլինեի՝ իմ երկրի շահերից ելնելով, որ միանձնյա չլիներ դա, այլ կոալիցիոն գործընկերություն լիներ, Ազգային ժողովում լիներ ոչ թե երեք, այլ հինգ քաղաքական ուժ։ Այդ ժամանակ քաղաքական դաշտն ավելի ճիշտ կդասավորվեր։
– Քաղաքական դաշտին հետևող կողքի աչքի համար տարօրինակ կլիներ ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին նույն հարթակում տեսնելը՝ հիշելով 2014-2015 թվականները, երբ ՀՀԿ-ականներիդ ձեռամբ Գագիկ Ծառուկյանը փակեց քաղաքականության էջը։ Նրանք հայտարարում էին, որ հանրապետականները ճնշում են իրենց, կողմնակիցներին են ձերբակալում։ Կգա՞ մեկ օր, որ ձեր ուժին և ԲՀԿ-ին նույն հարթակում կտեսնենք՝ իշխանության հրաժարական կամ արտահերթ ընտրություններ պահանջելիս։
– Նախ՝ քրեական գործերի հետ կապված․ հիմա շատ ամոթ է, որ քրեական գործ հարուցված չլինի որևէ մեկի նկատմամբ, որովհետև դա կազդի մարդու ընդդիմադիր իմիջի վրա։ Քրեական գործերը սովորական են դարձել, քրեական գործեր հարուցելը շատ հեշտ է, պետք է նայենք՝ մեղադրանքները հաստատվում են, թե՞ չեն հաստատվում։ Ինչ մնում է իրար կողքի տեսնելուն, ընդդիմադիր դաշտն ընդհանուր հասկացություն է, յուրաքանչյուր քաղաքական ուժ իր մոտեցումներն ունի, և եթե ընդդիմություն ես, բնականաբար, կարող են շատ հայացքներ համընկնել։ Նույն հայացքներն ունենալը չի նշանակում լինել իրար կողքի, լինել միասնական, ընդդիմության մեջ էլ կան միմյանց ընդդիմություններ։ Դուք շատ ճիշտ եք ասում՝ տարիներ շարունակ մենք ունեցել ենք շատ կոալիցիոն գործընկերներ՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Օրինաց երկիրը», միշտ ասվել է՝ քաղաքականության մեջ չկան հավերժ բարեկամներ ու թշնամիներ։
Կայացած քաղաքական ուժը պետք է միշտ հետևություն անի այդ գործընկերությունից։ Ընդդիմության մեջ էլ կան ընդդիմություններ։ Եվ, իհարկե, բացառված չէ, որ եթե մենք ունենք նույն քաղաքական հայացքները, ապա ընդհանուր նպատակի համար կարող է համաձայնվենք։ 2018-ի ապրիլին իրար հերթ չէին տալիս՝ հարթակի վրա բարձրանալու, իրար ձեռք բռնելու և նկարվելու, ասելու, որ վերջ՝ մենք իրար հետ ենք։ Եվ դրանից հետո տեսաք՝ կարճ ժամանակ հետո ինչ եղավ՝ ծնկի վրա կոալիցիան քայքայվեց փողոցում, և դա պատիվ չէր բերում, Հայաստանի քաղաքական դաշտի իմիջին նման ձևով բաժանումը հարիր չէ։ Մեր քաղաքական դաշտում նման մոտեցումներն ինձ համար անընդունելի են։ Քաղաքական զարգացումները ցույց կտան, թե ինչ հարաբերություններ կունենանք մնացած ընդդիմադիր գործընկերների հետ։ Մեր կարևոր խնդրի հետ կապված՝ Արցախի հարց, հայ-թուրքական հարաբերություններ և այլն, մենք պատրաստ ենք՝ ընդհուպ իշխանական քաղաքական ուժը, բոլորի հետ բանակցելու։ Որևէ մեկը չի կարող ժխտել, թե ինչ դաժան վերաբերմունք է եղել ՀՀԿ-ի նկատմամբ, աշխարհում երկրորդ դեպքը չի եղել ինչպիսի վերաբերմունք եղավ ՀՀԿ-ի նկատմամբ, չեք կարող երկրորդը բերել՝ պառակտել, ազգը երկու մասի բաժանել, դագաղներ, աղբամանը նետել և այլն։ Այսօր պահպանողական և գաղափարական ուժ է ՀՀԿ-ն։ Արտախորհրդարանական ուժերից ամենաարմատական ուժը ՀՀԿ-ն է։ Ընդհանուր հարցերի շուրջ կարող են հայացքները համընկնել, բայց դա չի նշանակում՝ գնում ենք մի ուղղությամբ։ Շատ սուր հակասություններ էլ կարող ենք ունենալ՝ ընդհանուր երկրի ապագան տեսնելու իմաստով։
– 2018 թվականի ընտրություններից երկու տարի անց ՀՀԿ-ն փոխնախագահի մակարդակով հայտարարում է, թե փաստեր են ի հայտ գալու, ըստ որոնց՝ կեղծվել են 2018-ի ընտրությունների արդյունքները։ Մասնավորապես, ըստ Աշոտյանի, 50-ից 55 հազար ձայն է պակասեցվել ՀՀԿ-ից, որպեսզի խորհրդարան չանցնի։ Դուք կիսո՞ւմ եք այս գնահատականը և ի՞նչ փաստեր ունեք։
– Եկեք փաստերով չխոսենք, պարզապես ես կասեմ, որ Հանրապետական կուսակցությունը ունեցել է 10-ից 12 տոկոս ձայն, և դա իրենք իմացան ընտրություններից հինգ օր առաջ, երբ մոնիթորինգ արեցին։ Եվ այդ օրվանից հետո ընտրարշավը փոխվեց, լրիվ այլ տեսք ստացավ։ Մեր մարդկանց ուղարկում էին Վրաստան՝ Բագրատաշենում հերթ էր, գյուղապետերը տնային կալանքի տակ էին՝ հեռախոսները հավաքված, որևէ մեկն իրավունք չուներ զանգի պատասխանել։ Իմ մասով ասեմ, երբ իմ վստահված անձինք տեղերից վերադարձել էին, իմ ձայների քանակը եղել է 7․000-ին մոտ, բայց երկու ժամ դադար տեղի ունեցավ, ասացին՝ «կամպյուտերը» կախվել էր, և ես զարմանում եմ, որ ԿԸՀ անդամների հեռախոսներն էլ կախվեցին այդ պահին, որևէ պատասխան չկար։
Առավոտյան զարմանալի էր, երբ այդ թվերը ստացանք, երբ 8-ից 10 տոկոս էինք սպասում՝ մեր մոնիթորինգը դա էր ցույց տալիս, ներողություն՝ 10-ից 12 տոկոս չէր, շատ ասացի, իրենք էլ դա գիտեին, որ արդյունքն այդպիսին է։ Կարող եք մեղադրել՝ ինչո՞ւ չբողոքարկվեց, արկղներ չբացվեցին։ Այդ երկու ժամն ընդհանրապես կասկածելի էր, երբ «Հանրապետականի» ձայները դարձան 4․6 տոկոս, 4․7 տոկոս։ Փաստեր իմ ձեռքի տակ չկան, պարզապես տարբեր մոնիթորինգի արդյունքներով վստահ էինք, որ 10 տոկոս ձայն ունեինք։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան