Ինչու Հայաստանը հրաժարվեց Ատոմակայանի արդիականացման ռուսական վարկից
Տնտեսություն
09.09.2020 | 10:21Մեծամորի ատոմակայանն ապահովում է ցանցերին մատակարարվող էլեկտրական էներգիայի մոտ 1/3 մասը։ Ատոմակայանի ռեակտորը նախագծվել է 1960-70-ական թվականներին և կոնկրետ պիտանելիության ժամկետ չի ունեցել: Այն սովետական տարածված ջրաջրային էներգետիկական ВВЭР-440 ռեակտորների շարքին է պատկանում: Մասնավորապես, Մեծամորում տեղադրվել է այդ շարքի ամենահին՝ ВВЭР-440/230 մոդելի սեյսմակայուն մոդիֆիկացիան, որը ստացել է ВВЭР-440/270 անվանումը:
Սակայն ատոմակայանի անվտանգ ու անխափան շահագործման համար անհրաժեշտություն է առաջանում իրականացնել վերազինման աշխատանքներ։ Այդ նպատակով 2015 թվականին ՀՀ և ՌԴ միջև կնքվում է վարկի տրամադրման պայմանագիր, ըստ որի Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է 300 մլն ԱՄՆ դոլար գումար, որից 270 մլն ԱՄՆ դոլարը վարկի տեսքով, իսկ 30 մլն ԱՄՆ դոլարը՝ դրամաշնորհի, որը նպատակաուղղված էր Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինմանը։ Պայմանագիրը կնքվել էր 4 տարով, այսինքն մինչև 2019 թվականը։ Վարկի մարման ժամկետը 10 տարի է, որը սկսվելու էր 2020թ․ հունվարի 15-ից` 3% տարեկան հավելվող վճարի պայմաններով վարկի գումարի օգտագործման օրվանից սկսած։
Սակայն, 2018 թվականի վերջից և 2019 թվականի ընթացքում ընթացել են բանակցություններ վարկի տրամադրման ժամկետը երկարացնելու շուրջ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ էներգետիայի ոլորտը համակարգող տեղակալ Հակոբ Վարդանյանը «Սիվիլնեթի» հետ զրույցում նշել է, որ 2018-ի վերջից սկսած՝ որոշակի աշխատանքների կատարման ժամկետը ավելին է եղել, քան պահանջում էր վարկի օգտագործման ժամկետը։ Ըստ նրա, ստեղծվել էր մի իրավիճակ, երբ առաջացել էր գումարի մեծ մնացորդ, այսինքն աշխատանքները, որ կարող էին 90 տոկոսով ավարտված լինել, 90 տոկոսով վճարումները կատարված լինեին մինչև 2019-ի դեկտեմբերի 31-ը, ուղղակի չեն սկսվել: Ըստ փոխնախարարի՝ վարկի երկարացման նախագծով ժամկետը նախատեսվում էր ձգել մինչև 2021-ի դեկտեմբերի 31-ը, սակայն արդեն ապրիլն էր, և դեռ չկար երկարացված վարկ։
Ավելին, առաջարկվող նախագծի հիմնավորման մեջ տեղ էր գտել այն հանգամանքը, որ 2020թ. փետրվարին ՌԴ ֆինանսների նախարարությունը հայկական կողմին ժամկետը երկու տարով երկարաձգելու վերաբերյալ արձանագրություն է ներկայացրել՝ խստացված պայմաններով։ Մասնավորապես՝ արձանագրությամբ առաջարկվում էր, որ վարկի 80 %-ը պետք է ուղղվի հենց ռուսաստանյան ընկերություններից ձեռքբերումներին։
Այդ ամենը հանգեցրեց նրան, որ 2020 թվականի հունիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինման նպատակով ռուսական վարկից և ծրագրում կիսատ մնացած աշխատանքները շարունակվել սեփական միջոցների հաշվին:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հարցում էր ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ճշտելու համար, թե վարկի ինչքան մասն է օգտագործվել։ Մեզ պատասխանել էին, որ 2019թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկից օգտագործվել է 173,6 մլն ԱՄՆ դոլար, դրամաշնորհից՝ 19,3 մլն ԱՄՆ դոլար և չի օգտագործվել 96․4 մլն ԱՄՆ դոլար վարկ և 10,7 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ։
Նախարարությունից ի պատասխան մեր մյուս հարցին, թե եթե ատոմակայանի վերազինման համար Հայաստանն է տրամադրում գումարը, վերազինման աշատանքները էլի շարունակելու է «Ռոսատո՞մը», պատասխանել էին, որ համաձայն ՀՀ կառավարության 945-Ա որոշման (11․06․2020թ․) ծրագիրն իրականացնելու նպատակով «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի և «Ռոսատոմ Սերվիս» ԲԸ-ի միջև պետք է ստորագրվի ծրագրի իրականացումն ապահովող համապատասխան շրջանակային համաձայնագիր, որի գինը չի կարող գերազանցել 40.255 մլն դոլար գումարի չափը։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ծրագրի իրականացումը պահանջում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կառուցվածքի մեջ մտնող կազմակերպությունների և ազդեցության տիրույթում գտնվող կազմակերպությունների ներգրավում։
Հունիսի 11-ի կառավարության նիստի ժամանակ որոշում ընդունվեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով 2020-2022 թվականների ընթացքում Հայաստանի պետական բյուջեից «Ներքին վարկեր և փոխատվություններ» հոդվածով տրամադրել 63 մլրդ 200 մլն դրամ (մոտ՝ 131 մլն ԱՄՆ դոլար) գումարի չափով բյուջետային վարկ, որից 2020 թվականին՝ 18 մլրդ 700 մլն դրամ, 2021 թվականին՝ 31 մլրդ 500 մլն դրամ և 2022 թվականին՝ 13 մլրդ դրամ:
Բյուջետային վարկերը վերադարձելիության, ժամկետայնության, արժեքավորման ու վճարովիության սկզբունքով պետական բյուջեից համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին դրամական տեսքով տրվող միջոցներն են: Տրվող բյուջետային վարկի սահմաններում իրականացվելիք աշխատանքների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Որպես հավելում նշենք, որ 2021-ին ատոմակայանում մեծ կանգառ է նախատեսված՝ 135-140 օր, որի ժամանակ անվտանգությանը վերաբերող երկու հիմնական և մեծ աշխատանք է կատարվելու՝ ռեակտորի իրանի թրծումը և САОЗ (система аварийного охлаждения защиты реактора – ռեակտորի վթարային սառեցման պաշտպանության համակարգ) համակարգի արդիականացումը: Այդ աշխատանքների պայմանագրերն արդեն կնքված են:
Այսպիսով, Ռուսաստանի կողմից տրամադրված վարկից հրաժարվելու հիմնական պատճառը եղել է այն, որ 2018-ի վերջից սկսած՝ որոշակի աշխատանքների կատարման ժամկետը ավելին է եղել, քան պահանջում էր վարկի օգտագործման ժամկետով, ինչի պատճառով աշխատանքները չեն մեկնարկել ու գումարը չի օգտագործվել։ Սակայն վարկի տրամադրման ժամանակահատվածը հետզհետե սպառվել է։ Այնուհետև 2020 թվականի փետրվարին Ռուսաստանն արձանագրություն էր ներկայացրել վարկի ժամկետը երկարաձգելու առաջարկով՝ ներկայացնելով խիստ պահանջներ, ինչն էլ հանգեցրեց ՀՀ կառավարության կողմից վարկից հրաժարվելու որոշմանը։ ՌԴ կողմից առաջադրվող խիստ պահանջներից էր այն, որ վարկի 80 %-ը պետք է ուղղվի հենց ռուսաստանյան ընկերություններից ձեռքբերումներին։ Սակայն մեր հարցումից պարզ դարձավ, որ ՀՀ կողմից ատոմակայանին տրամադրվող բյուջետային վարկի պարագայում նույնպես ռուսական «Ռոսատոմ Սերվիս» ԲԸ-ից են ձեռքբերումներ կատարվելու։
Սոնա Մկրտչյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»