Վճռաբեկը հիմնավոր է ճանաչել Մասիսի քաղաքապետի խափանման միջոցի հարցում դատախազության փաստարկները
ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 2018թ. դեկտեմբերի 6-ին վճռաբեկ բողոք էր ներկայացրել 2018թ. ապրիլյան դեպքերի ընթացքում Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների, ինչպես նաև՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 17.09.2018թ. որոշման և այդ որոշման վերաբերյալ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժելու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 03.11.2018թ. որոշման դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ վերոնշյալ քրեական գործով Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Հետագայում նրան մեղսագրվող արարքները վերաորակվել են, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և քրեական գործը, ըստ մեղադրանքի 8 անձի, 14.06.2019թ. ուղարկվել էր դատարան և ներկայումս գտնվում է դատական քննության փուլում (ԵԴ/0700/06/18):
Նշված վճռաբեկ բողոքի կապակցությամբ, այն վարույթ ընդունելուց շուրջ մեկուկես տարի անց, օրերս, ՀՀ վճռաբեկ դատարանը դատախազությանն է ուղարկել Դատախազության բողոքի վերաբերյալ 2019թ. նոյեմբերի 7-ին ընդունած որոշումը, և ընձեռնվել է հնարավորություն ծանոթանալու դրա հիմնավորումներին:
Վճռաբեկ դատարանն իր հիմնավորումներում, մասնավորապես, նշել է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Դ. Համբարձումյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս չեն պահպանել Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի պահանջները, անտեսել են քրեական գործի տվյալ պահին առկա փատական հանգամանքների առանձնահատկությունները, որոնք, ի դեպ, ինչպես Առաջին ատյանի դատարանում, այնպես էլ Վերաքննիչ դատարանում հարցի քննարկման ժամանակ վկայակոչում էր դատախազությունը:
Ցավոք, գործող իրավական ընթացակարգերն այնպիսին են, որ իրավական զարգացման տեսանկյունից նման խիստ կարևոր որոշումները, իրավական մեկնաբանությունները հնարավոր են դառնում այսպիսի ուշացումներով՝ ըստ էության, իմաստազրկելով կոնկրետ գործընթացը և անուղղակի կերպով անհիմն անվստահություն սերմանելով վարույթն իրականացնող մարմնի, դատախազության գործողությունների և դրանց որակի նկատմամբ:
Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանի այս որոշումը լավագույն պատասխանն էր այն բոլոր անառողջ քննադատությունների, որոնք նշված քրեական գործի շրջանակներում խափանման միջոցի հարցի իրավական ու հանրային քննարկումների տիրույթում հնչում էին նախաքննական մարմնի և դատախազության հասցեին: