Ինչո՞ւ է աղտոտվել Դեբեդ գետը․ պատասխանատու կառույցները լռում են, իսկ Ալավերդու համայնքապետարանում պատճառներից տեղակ չեն

Լուրեր

25.11.2024 | 11:40
ՌԴ-ն ակնկալում է հասնել Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշի՝ 14-16 միլիարդ դոլարի․ Սերգեյ Կոպիրկին
25.11.2024 | 11:29
Մարդիկ տեղյակ չեն, որ դա ներդրում է, և գումար է ավելանում․ պատգամավորը՝ կուտակային կենսաթոշակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 11:18
Կոպիրկինը հայտարարել է, թե «ՌԴ-ն հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովման պարտավորություններին և՛ երկկողմ, և՛ ՀԱՊԿ-ի ձևաչափով»
25.11.2024 | 11:07
Մոտոցիկլավարը մահացել է, վարորդը դիմել է փախուստի
25.11.2024 | 10:55
Վիլնյուսում բեռնատար ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա
25.11.2024 | 10:44
Տպավորություն է՝ փրկօղակ եք ուզում սարքեք, ասեք՝ անհասկանալի ընկերությունում ներդրում արեք․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 10:33
Կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոնի, ինչը լուրջ թիվ է․ ԿԲ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 10:18
Վրաստանի խորհրդարանում գործարկվել է անվտանգության դեղին մակարդակ
25.11.2024 | 10:05
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
25.11.2024 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 25-ի դրությամբ
25.11.2024 | 09:31
Փակ է «Ամբերդ»-ից Քարի լիճ տանող ճանապարհը
24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
Բոլորը

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Օլեգ Դուլգարյանը Ֆեյսբուքում հրապարակել էր տեսանյութ, որտեղ թափոններից դեղնած Դեբեդ գետն էր։

Դուլգարյանը տեսանյութում նշել էր․ «Դեբեդ գետի աղտոտիչներից մեկն է՝ Ալավերդի քաղաքում, Սանահինի կամուրջի մոտ։ Մադան գյուղից իջնող Դեբեդ գետի վտակին, որը դեղնավուն գույն ունի, խառնվում հին, լքված հանքերի և պոչամբարների թափոնները։ Երբ համայնքապետարանին, ավագանուն առաջարկություն է արվում որպեսզի բնապահպանական գումարներն ուղղվեն թափոնների կառավարմանը, ապա դա այնքան էլ ոգևորությամբ չի ընդունվում և գումարները, բնականաբար, այդ ուղղությամբ չեն գնում»։

Factor․am-ի հետ զրույցում էլ Օլեգ Դուլգարյանը խնդրի մասին մանրամասներ ներկայացրեց։

«Աղտոտիչների հիմնական մասը բաժին է ընկնում Ախթալա գետակին։ Ալավերդու նախկին լքված, չշահագործվող հանքերի ու պոչամբարների թափոններն են են, որոնք այնտեղ տասնամյակներ առաջ են կուտակվել։ Թափոների կառավարման խնդիր ունենք՝ թե՛ համայնքային, թե՛ ազգային մակարդակում։ Ոչինչ չի արվում, որ թափոնները կոնսերվացվեն»,- նշեց նա։

Դուլգարյանի խոսքով՝ խնդիրը նոր չէ, և այս մասին բոլորը գիտեն։

«Թե՛ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, թե՛ Տեղական ինքնակառավարման մարմիններն, ինձ թվում է, խնդրին լավատեղյակ են։ Շրջակա միջավայրի նախարարությունը տեղյակ է և թափոնաջրերի քարտեզագրում ունի իրականացրած, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացված է, որովհետև վերջին 3 ամիսներին մի քանի անգամ խնդրի մասին տեղեկացրել ենք, և մեզ պաշտոնապես պատասխանել են։ Սրանից մեկ շաբաթ առաջ էլ բնակիչներից մեկը ևս այդպիսի տեսանյութ էր հրապարկել, և, որպես հետադարձ կապ, հայտարարվել էր, որ դրանք կավահողեր, շիկահողեր են, բայց պետք է նշել, որ այսքան կավահող մենք տարածքում չունենք։ Տարիների ընթացքում դրենաժային գործընթացներ են տեղի ունենում, և ցանկացած թափոն, հատկապես՝ պղնձամոլիբդենային հանքերից ստացված, դեղնում է։ Հեշտ է ամեն անգամ ասել, թե շիկահող է, կավահող է։ 2018-19 թվականներին մենք վերցրել ենք այդ թափոնաջրերից և այնտեղ բազմաթիվ ծանր մետաղներ հայտնաբերել․ մկնդեղ, պղինձ, երկաթ»,- ասաց Դուլգարյանը։

Ըստ նրա՝ թափոնաջրերը թեպետ հենց Ալավերդի քաղաքին այնքան էլ վնաս չեն պատճառում, դրանից ներքև գտնվող գյուղերում, որոնց ոռոգման համակարգը կապված է Դեբեդ գետի հետ, և որտեղ բոլորն իրենց այգիներն այդ ջրերով են ոռոգում, ծանր մետաղները նաև գյուղատնտեսական հողեր են ներթափանցում, հետո՝ մրգի և բանջարեղենի մեջ, ըստ այդմ էլ՝ մարդու օրգանիզմ։

«Ալավերդի համայնքը պետության կողմից զգալի գումարներ է ստանում՝ որպես բնապահպանական սուբվենցիա։ Վերջին գումարը, որ ստացել են, մոտավորապես 300 միլիոն դրամ է եղել։ Մի քանի ամիս առաջ գումարները բաշխվել են ավելի շատ սոցիալ-տնտեսական լուծմանը, թափոնների կառավարմանը չի ուղղվել՝ չնայած մեր կողմից առաջարկություն է եղել։ Վերջին 20 տարիներին Ալավերդին միշտ ստացել է բնապահպանական սուբվենցիա, բայց այդ գումարները տասնամյակների ընթացում գրեթե երբեք թափոնների կառավարմանը չեն ուղղվել»,- նշեց Օլեգ Դուլգարյանը։

Հարցի շուրջ մեկնաբանություն ստանալու համար նախ դիմեցինք Շրջակա միջավայրի նախարարություն։ Գերատեսչության մամուլի բաժնից մեզ տեղեկացրին, որ նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանն առաջին խորհրդակցությունն է անցկացնում, և օրվա երկրորդ կեսին այս թեմայով պաշտոնական հայտարարություն կհրապարակեն։

Դիմեցինք նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, որտեղից ասացին, թե առաջիկայում անպայման մեզ հետ կապ կհաստատեն և կներկայացնեն իրենց դիրքորոշումը։ Factor.am-ն այն ստանալուն պես կհրապարակի։

Հավելենք, որ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պետական բյուջեից սուբվենցիաների տեսքով Ալավերդի համայնքին տրամադրվում է գումար, որով կլուծվեն համայնքի բնապահպանական և առողջապահական խնդիրները։

Այդուհանդերձ, Factor.am-ը, ուսումնասիրելով Ալավերդի համայնքի՝ բնական միջավայրի պահպանման և բնակչության առողջության վերականգնման 2020 և 2021 թվականի ծրագրերը, պարզեց, որ առաջիկայում Դեբեդ գետը լցվող թափոններին ու դրանց կառավարմանը վերաբերող ծրագրեր չեն նախատեսվում։

Խնդրի առնչությամբ զրուցեցինք նաև Ալավերդու համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի հետ։ Անդրադառնալով համայնքի բնական միջավայրի պահպանման և բնակչության առողջության վերականգնման 2020 և 2021 թվականների ծրագրերում Դեբեդի թափոնաջրերին վերաբերող ծրագրերի բացակայությանը՝ Խեչումյանը նշեց․ «Այժմ մի նախագիծ ունենք, որը դեռ քննարկման փուլում է։ Միաժամանակ, աշխատում ենք և՛ Շրջակա միջավայրի, և՛ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ։ Այս խնդիրը երեկվա չէ, ԽՍՀՄ ժառանգություն է։ Մենք այնտեղ պոչամբար չունենք, ունենք դեռ 250 տարվա գործարանի և իր կենսագործունեության, արտադրության հետքերը։ Դա ոչ ոք չի կարող հերքել։ Ունենք սովորական աղբավայր, որը լիցենզավորված է, դրանից որևէ գույնի հեղուկ չի գալիս, այն նույնիսկ լոկալիզացիայի է ենթարկվել։ Շուրջբոլորն ամեն ինչ կա, բայց թե որն ինչ ազդեցություն և հետևանքներ ունի կամ ինչ մետաղ է պարունակում, այժմ ոչ ոք չի կարող ասել: Առանց համապատասխան լիազոր մարմինների եզրակացությունների՝ որևէ մեկս չենք կարող որևէ գործունեություն ծավալել կամ գնահատական տալ»։

Մեր դիտարկմանը, թե «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Օլեգ Դուլգարյանը 2018-19 թվականների փորձաքննության մասին է նշում, Սասուն Խեչումյանն ասաց, որ համայնքապետարանում պատրաստ են ուսումնասիրել դրանք։

Օլեգ Դուլգարյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց նաև, որ 2018 թվականին Ալավերդի, Շնող և Ախթալա համայնքներում ուսումնասիրությունն իրականացրել են չեխ մասնագետները՝ փորձելով պարզել, թե տարածքները որքանով են աղտոտված ծանր մետաղներով և թե այդ աղտոտվածությունն ինչ ազդեցություն կունենա մարդու առողջության վրա:

Այսպես, 2018 թվականի հուլիսի 18-23-ը Չեխիայի քիմիական անվտանգության ոլորտում մասնագիտացված «Առնիկա» կազմակերպության ու Պրահայի քիմիայի և տեխնոլոգիաների համալսարանի մասնագետները նմուշներ են վերցրել համայնքների հողից, գետերի հուներից, բնակիչների մազերից, ինչպես նաև ուսումնասիրության նպատակով իրենց հետ տնային տնտեսություններից ձու տարել: Նմուշները լաբորատոր ուսումնասիրության են ենթարկվել Չեխիայի մայրաքաղաք Պրաhայի քիմիայի և տեխնոլոգիաների համալսարանում։

Արդյունքում, վերոնշյալ տարածքների հողի, սննդի (մասնավորապես՝ ձվի) և բնակիչների մազերի մեջ ծանր մետաղներ են հայտնաբերվել։

Նելլի Մելքոնյան