Հայաստանը դնելու է ՀԱՊԿ-ին պատասխանատվության առաջ․ նրա լինելիությունը կանխորոշելու ենք մենք․ Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ

– Պարո՛ն Բադալյան, թեև այսօր Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ երեկ կեսգիշերից սկսած լարվածությունը սահմանին նվազել է, այնուհանդերձ, հայտնի չէ՝ ինչ կարող է լինել առաջիկա ժամերին։ 2016-ից ի վեր սա աննախադեպ գործողություն է, ընդ որում՝ հայ-ադրբեջանական սահմանին։ Վերլուծելով Ադրբեջանում ներքին իրավիճակը և մի  շարք արտաքին գործոններ՝ Ձեր կարծիքով՝ այս հարաբերական անդորրի վիճակը ինչքա՞ն կարող է շարունակվել, ի՞նչ սպասել առաջիկայում։

– Հանգստի մասին, կարծում եմ, դեռ տարիներով չենք կարող խոսել։ Իհարկե, հարաբերական իմաստով կարող ենք որոշակի ժամանակաշրջաններ ակնկալել։ Ընթացիկ լարվածությունը կպահպանվի, դա կբերի ռազմական գործողությունների վերսկսման կամ հրետակոծության, թե՝ ոչ, իհարկե, տակտիկական խնդիր է։ Ինչ-որ լարվածության կպահպանվի։ Ադրբեջանը բավականին ծանր կորուստներ է կրել, նկատի չունեմ միայն մարդկային ու աստիճանակարգային կորուստը՝ գեներալ, գնդապետ, կորպուսի հրամատարական կազմ, այլ առաջին հերթին դիրքային ռազմավարական կորուստը։ Եվ սա զուտ դիրք չէ, սա իսկապես խորքային առավելություն տվող ձեռքբերում է, որ ադրբեջանական սադրանքին ի պատասխան՝ ձեռք է բերել հայկական զինուժը։ Եվ Ադրբեջանը, իհարկե, բավականին դժվար կհամակերպվի այս կորստի հետ։ Մյուս կողմից, կա խնդիր՝ իսկ ի՞նչ պետք է անի Ադրբեջանը, կփորձի՞ ինչ-որ բան ստանալ։ Բայց եթե դա անի ռազմական ճանապարհով, կարծում եմ՝ կստանա նոր կորուստ, և մեր բանակը ցույց տվեց, որ հենց այդպես էլ կլինի։

– Եղել է տեսակետ, որ ռազմաքաղաքական բալանսը թեքված է եղել Ադրբեջանի կողմը, և դա հաշվի առնելով՝ սանձազերծվեց Ապրիլյան պատերազմը։ Եթե իրապես խախտված է բալանսը, ինչպե՞ս բացատրել հայկական բանակի հաջողությունները։

– Երբ խոսում ենք բալանսի խախտման մասին՝ Ապրիլյան պատերազմի համատեքստում, ապա ոչ թե Ապրիլյան պատերազմը խախտեց այդ բալանսը՝ հօգուտ Ադրբեջանի, այլ հակառակը՝ Ապրիլյան պատերազմի արդյունքով հայկական բանակը վերականգնեց խախտված ռազմաքաղաքական բալանսը, որը խախտվում էր դրան նախորդած մի քանի տարիների ընթացքում։ Հայաստանի ռազմավարական դաշնակից հանդիսացող պետությունը բազմամիլիարդ մահաբեր սպառազինություն էր տրամադրում Ադրբեջանին, որը պատերազմով էր սպառնում։ Բացի այդ, տեղի էր ունենում Հայաստանի քաղաքական սուբյեկտությանը հասցվող հարվածների մի շարք՝ Հայաստանին պարտադրվեց հրաժարվել եվրաասոցացման քաղաքական գործընթացից և անդամակցել ԵՏՄ-ին։ Սա մեծ հարված էր ՀՀ-ի սուբյեկտայնությանը։ Պարտադրվեցին մի շարք ամոթալի պայմանագրեր, որոնք, համընդհանուր տպավորությամբ, նսեմացնում էին Հայաստանի սուբյեկտային դերակատարումը, և սա արվում էր շատ հստակ քաղաքական ծիրի շրջանակում՝ վերականգնել ռուս-թուրքական պայմանագրերը, որոնց համաձայն է բաժանված եղել Կովկասը։ Ես նկատի ունեմ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերը։ Այդ պայմանագրերն իրենց առանցքից շեղվել են հայկական հաղթանակով Արցախում, երբ փորձ էր արվում գալ մի համաձայնության, որը թույլ կտար ռեգիոնալ իրավիճակը մոտեցնել այդ պայմանագրերին։

– Եթե վերլուծենք այս երեք օրերին միջազգային կազմակերպությունների, Հայաստանի կարևորագույն գործընկերների արձագանքը, ի՞նչ եզրահանգումներ կարող ենք անել։ Սկսենք ՀԱՊԿ-ից։ Մենք տեսանք, որ ՀԱՊԿ-ն ոչ միայն որևէ աջակցություն չհայտնեց իր անդամ հանդիացող Հայաստանին, այլ նաև հավասարության նշան դրեց Ադրբեջանի ու Հայաստանի միջև՝ մի թեթև ընդգծելով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Բավարարո՞ւմ է ՀԱՊԿ-ի արձագանքը։

– ՀԱՊԿ-ն չի կարող դրսևորել համարժեք դիրքորոշում, որովհետև նախ պետք է, որ գոյություն ունենա ՀԱՊԿ։ Սակայն այսօր ՀԱՊԿ-ի փոխարեն կա ցուցանակ, և սա համընդհանուր ճշմարտություն է, որը բոլորը գիտեն։ Այստեղ մենք պետք է չափենք հայ-ռուսական հարաբերությունը։ Շատ կարևոր է այն, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը ստացավ ռազմաքաղաքական սուբյեկտության, ավելի ինքնիշխան վարքագծի հնարավորություն, և նկատելիորեն փորձ է արվում օգտագործել այդ հնարավորությունը, այդ թվում՝ հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ։ Երևանը մի կողմից բացարձակ կասկածի տակ չի դնում երկկողմ դաշնակցային պարտավորությունները, միևնույն ժամանակ, դնում է շատ կարևոր հարցադրումներ՝ ներքին գործերին չմիջամտելու, փոխադարձ հարգանքի և ինքնիշխանության առնչությամբ։ Վարչապետի հայտնի խոսքը հիշեցնեմ, որ եթե Ռուսաստանը կասկածներ կարող է ունենալ Հայաստանի հանդեպ, մենք էլ կարող ենք կասկածներ ունենալ։

Այստեղ խնդիրն այն է, որ պետք է անցնել միջպետական բնույթի հարաբերության։ Եվ այս շեշտադրումները փոխում են Ռուսաստանի վարքագիծը։ Ընդ որում, չնայած Մոսկվայում ներկա վերնախավում մտածողությունը շարունակում է մնալ կայսերական, Հայաստանի հանդեպ մոտեցումները՝ վասալական, բայց ես կարծում եմ՝ Ռուսաստանում վերնախավը գալու է այն գիտակցման, որ Կովկասում Ռուսաստանի դերակատարումը կախված է ոչ թե վասալ, այլ՝ ինքիշխան Հայաստանից։ Սա իր ազդեցությունը թողնելու է ՀԱՊԿ-ի շուրջ զարգացումների վրա։ Ի վերջո, ես կարծում եմ՝ Հայաստանը դնելու է ՀԱՊԿ-ին պատասխանատվության առաջ, և Հայաստանում ձևավորված իրողությունները, ինչ տեսնում ենք Տավուշում, դա առերեսելու է ՀԱՊԿ-ին իրողությունների հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան