Վանեցյանն ու մյուսները Գագիկ Ծառուկյանի կապիտուլյացիային են սպասում, որ վերցնեն նրա դաշտի հրամանատարությունը. Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
18.06.2020 | 18:06Factor.am-ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ
– Պարո՛ն Բադալյան, դատարանում է Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննությունը, որն արդեն շարունակվում է երկու օր։ Երկու տեսակետ կա այս հարցի վերաբերյալ․ մի դեպքում ասում են՝ Գագիկ Ծառուկյանին այս իշխանությունը չներեց և քաղաքական հետապնդման է ենթարկում, երկրորդ տարբերակն այն է, որ Հայաստանն այսպես ազատագրվում է օլիգարխիայից։ Իրականում, Ձեր կարծիքով, ի՞նչ է տեղի ունենում։
– Ես կարծում եմ՝ գլխավոր շարժառիթներն այն ամենի, ինչ տեղի է ունենում, պայմանավորված են ավելի շատ արտաքին քաղաքական գործոններով, քան հայաստանյան ներքաղաքական որոշումներով։ Իհարկե՝ դա չի նշանակում, որ հայաստանյան ներքաղաքական իրողությունները դեր չունեն, բայց դրանք առավելապես ծառայում են որպես գործիք, հնարավորություն՝ խաղարկել ավելի լայն քաղաքական նկատառումներից ելնելով։ Դրա պարզ վկայությունն այն էր, որ ստեղծված իրավիճակում շատ օպերատիվ կերպով տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների և Ռուսաստանի դեսպանի հանդիպումը՝ շատ հստակ ցույց տալով այն շրջանակը, որի հետ մենք գործ ունենք։ Այս տեսանկյունից, կարծում եմ, Հայաստանում առկա համակարգային խնդիրները հերթական անգամ փորձ է արվում օգտագործել Հայաստանի վրա արտաքին ներգործության համար, որը, ինչպես նշեցի, պայմանավորված է համաշխարհային շատ ավելի լայն պրոցեսներով։ Պատահական չէ, որ հիմնական հենակետ է ընտրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որովհետև այս կուսակցությունը դասական իմաստով քաղաքական չէ, այս կուսակցության առաջնորդը, մեծ հաշվով, քաղաքական մարդ չէ՝ մեղմ ասած, և այսպիսի պայմաններում շատ դյուրին է ազդեցության գործիքներ գտնել և կիրառել այդ գործչի և նրա ղեկավարած ուժի նկատմամբ։ Իմ գնահատականը տեղի ունեցող զարգացումներին առավելապես այս համատեքստում է։
– Հետաքրքիր է՝ ԲՀԿ-ի պատգամավորներն ի՞նչ հույսերով են Ռուսաստանի դեսպանի հետ գնում հանդիպման, որպեսզի ՌԴ իշխանությունները փորձեն կապի դուրս գալ Հայաստանի իշխանության հե՞տ, ինչին, կարծես, ականատես եղանք, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի դեպքում, երբ գրեթե ուղիղ տեքստով էին հասկացնում, որ դա իրենց ոչ հաճելի գործընթաց է։ Ի՞նչ եք կարծում։
– Այս առումով մենք նոր երևույթի ականատես չենք։ Հայաստանյան ներքաղաքական կյանք, ներքաղաքական դաշտ ասվածը մշտապես եղել է այս մտածողության ռեժիմում։ Այսինքն՝ մշտապես փնտրվել է որևէ ազդեցիկ հովանավոր արտաքին աշխարհում, և առավելապես այստեղ դիտարկվել է Ռուսաստանը՝ հասկանալով, որ Հայաստանը ռուսական ազդեցության գոտի է դիտվում, այստեղ մեծ են քաղաքական, տնտեսական և բազմաթիվ այլ ազդեցության գործիքներ, և մշտապես քաղաքական որևէ հաջողության հեռանկար հայաստանյան քաղաքական դասը, այսպես ասած, դիտարկել է ՌԴ-ից ստացված աջակցության շրջանակում։ Այս մտածողությունն ու սրանից բխած իրականությունն էլ, որ համակարգային արատներով հաստատվել է Հայաստանում անցած երեք տասնամյակում, իր հերթին ռուսական շրջանակների համար դառնում է իրենց ազդեցությունը, խնդիրները լուծելու, ներգործելու, Հայաստանն իրենց քաղաքական ծրագրերի մեջ ներքաշելու գործիքակազմ, մեխանիզմ։ Այսինքն՝ այստեղ գործ ունենք փոխադարձաբար ձևավորված մի արատի հետ, ինչը հերթական անգամ մեզ՝ որպես հանրություն, որպես պետություն, պետք է բերի հետևյալ եզրահանգման․ եթե մենք այս համակարգային, խորքային խնդիրները չենք լուծում, եթե չենք ձևավորում իսկապես ինքնիշխան պետությանը բնորոշ մտածողությամբ և ինստիտուցիոնալ կարողություններով քաղաքական դաշտ, մենք պարբերաբար կարող ենք հայտնվել այսպիսի խնդիրների առաջ։ Այստեղ մենք կարող ենք լուծել կուսակցությունների, անձերի խնդիր, բայց եթե խորքային պատճառը չենք չեզոքացնում, անընդհատ կանգնելու ենք նույն երևույթի առաջ։
– Փաստորեն, Արթուր Վանեցյանն է նաև աջակցում Գագիկ Ծառուկյանին, ևս երկու ուժ, ինչպես նաև ՀՅԴ-ն։ Հնգյակ է ձևավորվել, նրանք նույնիսկ հանդիպել են, քաղաքական որոշ պրոցեսներ են գուցե նախաձեռնել։ Ինչ եք կարծում՝ Ծառուկյանի կալանավորումը կարո՞ղ է գործընթացների տեմպն արագացնել․ տարբեր կանխատեսումներ կան՝ փողոցային ինչ-որ գործողություններ, իշխանությունների դեմ որոշակի այլ գործիքների կիրառում։
– Կարծում եմ՝ հետագա մարտավարությունը գլխավորապես կախված է նրանից, թե, այդուհանդերձ, ինչպիսի շարունակության ազդակներ կլինեն Ռուսաստանից։ Երկրորդ՝ եթե ներքին մոտիվները դիտարկենք, ապա Արթուր Վանեցյանն ու մնացած կուսակցություններն այս իրավիճակում տեսնում են Գագիկ Ծառուկյանի դժվարություններից օգտվելու հնարավորություն։ Այսինքն՝ նա կարիք է զգում նրանց աջակցության՝ մենակ չմնալու համար, հատկապես, որ մարդն իսկապես քաղաքական ֆիգուր չէ և մշտապես ունեցել է այսպիսի շրջանակի աջակցության կարիք, և նրանք գալիս են, եթե պատկերավոր ասեմ, Գագիկ Ծառուկյանի կապիտուլյացիային սպասելով և նրա զբաղեցրած դաշտի հրամանատարությունը ստանձնելու ակնկալիքով։ Ես կարծում եմ՝ ավելի լայն, խորքային հեռանկարներ, ավելի խորքային ծրագրեր այստեղ, գոնե առայժմ, չկան։
– Ձեր կարծիքով՝ ԲՀԿ-ի վախճանը կանխատեսողները շտապո՞ւմ են, թե՞ դեռևս այդ կուսակցությունն ունակ է, օրինակ, ԲՀԿ ղեկավարի հնարավոր կալանավորումից հետո շարունակել ինքնուրույն կյանքը։ Եթե հիշենք 2015 թվականն ինչ ցույց տվեց՝ նրանք ավելի փոքր ուժերով սկսեցին գործել, ոչ այն հռետորաբանությամբ, ինչպես Գագիկ Ծառուկյանի հետ էին։
– Եթե խոսում ենք ԲՀԿ-ի քաղաքական վախճանի մասին, ես կարծում եմ, այդ վախճանը եղել է դեռևս 2008 թվականին, այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանին չհաջողվեց «Բարգավաճ Հայաստան» քաղաքական նախաձեռնությամբ և ծրագրով լուծել իշխանության շարունակության հարցը, և Հանրապետականն այդ դիմակայությունում, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հաղթեց։ Երբ Ռոբերտ Քոչարյանը դրանից հետո հեռացավ և փաստացի հրաժարվեց հրապարակային քաղաքական պայքարից, կարծում եմ՝ ԲՀԿ-ի քաղաքական վախճանը, որպես այդպիսին, սկսվեց հենց այդ փուլից։ Ոչ թե ինչ-որ խորիմաստ սխալների արդյունքում, այլ պարզապես այդ քաղաքական նախագիծը կարող էր շարունակություն ունենալ միայն Ռոբերտ Քոչարյանի հետ։ Եվ մենք տեսանք, որ ԲՀԿ-ն, մեծ հաշվով, բուֆերային դերակատարումից այլ դերակատարում չստանձնեց, անկարող եղավ ստանձնել։ Հեղափոխությունն այդ առումով հնարավորություն էր Գագիկ Ծառուկյանի համար՝ լուծել այս խնդիրը, կուսակցության քաղաքական արդիականացման գնալ, բայց նա այստեղ առաջնորդվեց որպես բիզնեսմեն, որպես մարդ, որն իր սեփականությունն է դիտում կուսակցությունը, և որոշումները կայացվեցին այս ռեժիմում, որոնք, ինչպես նշեցի, դարձյալ բերեցին նույն խնդիրների առաջ՝ թե՛ «Բարգավաճ Հայաստանը», թե՛ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան