Որքան գումար է վճարվում հյուրանոցներին՝ կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
22.04.2020 | 20:46Կորոնովիրուսի (COVID-19) հետևանքով առաջացած ճգնաժամերին հակազդումը, համավարակի հետևանքների վերացումը, ինչպես նաև կորոնավիրուսով վարակվածների հետ շփում ունեցող անձանց մեկուսացումը պետությունն ապահովում է 33 հյուրանոցների և 10 բուժհիմնարկների միջոցով:
Կառավարության մարտի 26-ի նիստի ժամանակ խոսելով հիվանդության թեթև ախտանիշեր ունեցող անձանց հյուրանոցներում տեղավորելու մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ այս քայլով պետությունն ինչ-որ կերպ կաջակցի հյուրանոցային բիզնեսին:
«Մեր հիվանդանոցային ռեսուրսները ճիշտ կառավարելու խնդիր ունենք, և այսօր հիվանդանոցում կան պացիենտներ, որոնք թեթև դեպքեր են և բուժում չեն ստանում, և ճիշտ կլինի, որ նրանց տեղավորենք հյուրանոցներում»,- ասել էր վարչապետը:
Փաշինյանի հայտարարությունից հետո կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի շրջանակում հյուրանոցային ծառայությունների մատուցման պատրաստակամություն է հայտնել 78 հյուրանոցային տնտեսության օբյեկտ, որոնցից 40-ը՝ մարզերում, 38-ը՝ Երևանում:
Զբոսաշրջության կոմիտեից Factor.am-ին փոխանցեցին նաև, որ հյուրանոցների մեկ համարի միջին արժեքը մեկ օրվա համար կազմում է 10 հազար դրամ՝ անկախ համարում մեկուսացած անձանց թվից։ Կառույցից չտրամադրեցին հյուրանոցների ցանկը՝ նշելով, որ այն համարվում է անձնական տեղեկություն:
Factor TV-ի տրամադրության տակ, սակայն, հայտնվել են պետության և մասնավոր հյուրանոցների միջև կնքված որոշ պայմանագրեր, որոնք ներառում են միչև 2020 թվականի ապրիլի 16-ի գնումները:
Այսպես՝ Երևանում գտնվող «Նաիրի հոթելի» հետ կնքվել է երկու պայմանագիր, որոնցից մեկի արժեքը եղել է 13 մլն 920 հազար դրամ, երկրորդինը՝ 6 մլն 960 հազար դրամ: Ընդհանուր առմամբ, մատուցվել է 15 օրվա հյուրանոցային ծառայություն: Պայմանագրում, սակայն, նշված չէ, թե ծառայությունից քանի հոգի է օգտվել և հյուրանոցային սենյակից զատ՝ այն ինչ է ներառում:
«Իմպերիալ հոթելի» հետ 15 օրվա համար 19 մլն 635 հազար դրամի պայմանագիր է կնքվել: Պայմանագրում կրկին նշված չէ, թե դա քանի քաղաքացու մեկուսացման համար է: Նշված է միայն, որ գումարի մեջ սնունդը ներառված չէ:
«Արարատ» հյուրանոցի հետ նույնպես COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում երկու պայմանագիր է կնքվել: Երկու օրվա համար 50 սենյակի համար պետությունը վճարել է 3 մլն 508 հազար դրամ: Գումարը ներառել է նաև խնամքի պարագաները: Նույն հյուրանոցը 13 մլն 830 հազար դրամի շրջանակում ևս 15 օրով վարձակալության է տվել ևս 50 սենյակ՝ 107 մարդու համար:
«Ինվեստ հոթելը» 20 մլն 902 հազար դրամի շրջանակում տրամադրել է 55 համար՝ 15 գիշերով, որից օգտվել է 1.500 քաղաքացի: Պայմանագիրը ներառում է նաև սնունդը:
Էջմիածին քաղաքում գտնվող «Ռիչմայնդ» հյուրանոցը 12 մլն 337 հազար դրամի վճարի դիմաց կես ամիս տրամադրել է հյուրանոցային համարներ և սնունդ՝ 85 անձի համար:
Էջմիածնում գտնվող մեկ այլ հյուրանոց՝ «Արկուդա»-ն, 12 անձի համար երեքանգամյա սնունդով մեկ շաբաթ հյուրանոցային ծառայություն է մատուցել 960 հազար դրամով:
«Նորք Ռեդիզենս» հյուրանոցը 30 օր առանց սննդի 36 սենյակ տրամադրել է 10.5 մլն դրամով:
Ծաղկաձորի «Գարուն Հյուրանոց» ՍՊԸ-ն՝ «Ռոսիա» հյուրանոցը, 11 օր առանց սննդի տրամադրել է հյուրանոցային համարներ՝ 10.5 մլն դրամով: Պայմանագրում նշված չէ վարձակալված սենյակների թիվը:
«Սոչի պալաս» հյուրանոցի հետ կնքվել է երեք պայմանագիր, իսկ ծառայությունների ընդհանուր արժեքը կազմում է 7.5 մլն դրամ: Հյուրանոցը պայմանագրերից մեկով 13, իսկ երկուսով՝ 10-ական օր հյուրանոցային սենյակներ է տրամադրել՝ առանց սննդի: Նշված չէ նաև սենյակների քանակը:
Ամենամեծ գումարով պայմանագիրը կնքվել է հյուրանոցային ծառայություններ մատուցող «Ռումի ՍՊԸ»-ի հետ՝ 36 մլն 465 հազար դրամի: Առանց սննդի 30 օր հյուրանոցային համարներ են տրամադրվել, սակայն դրանց քանակը հայտնի չէ:
Գյումրու «Գյումրի» հյուրանոցը 10 օր 15 մլն 900 հազար դրամի հյուրանոցային ծառայություններ է մատուցել, թե ինչ ծառայություն՝ նշված չէ: Մեկ այլ պայմանագրով էլ 11 օրվա համար է հյուրանոցային ծառայություն մատուցվել՝ 5 մլն 224 հազար դրամով, որը ներառում է նաև սնունդը:
«Ռեժինե» հյուրանոցը 4 մլն 50 հազար դրամի շրջանակում 75 համար է տրամադրել՝ յուրաքանչյուրը 12.500 դրամով, որից 45-ը՝ 4 գիշերվա, իսկ 30-ը՝ 3 գիշերվա համար: Փաթեթը սնունդ չի ներառել:
«Պոպոք Դիլիջան 2» հյուրանոցը 580 հազար դրամի մեկ շաբաթ հյուրանոցային ծառայություն է մատուցել 230 անձի, նույն հյուրանոցի հետ մեկ այլ պայմանագրով էլ ձեռք է բերվել 1 մլն 771 հազար դրամի ծառայություն:
«ՎՖՋ ՍՊԸ»-ին պատկանող հյուրանոցն էլ 3 մլն 78 հազար դրամի ծառայություններ է մատուցել: Պայմանագիրը գնումների համակարգում առկա չէ:
Այսպիսով, այս 14 հյուրանոցային ծառայությունների ընդհանուր արժեքը, որն ընդգրկում է մինչև ապրիլի 15-ը, կազմում է 188 մլն դրամ:
Միաժամանակ, նշենք, որ մեկուսացվածներ կան կամ եղել են նաև Երևանի «Մարիոթ Արմենիա», «Փարիզ», «14 floor» և «Անի սենթրալ ին» հյուրանոցներում: Այս կազմակերպությունների մատուցած ծառայությունների վերաբերյալ գնումների համակարգում պայմանագրեր չկային: «Անի սենթրալ ին» հյուրանոցից փոխանցեցին, որ իրենք սենյակները տրամադրել են անվճար:
Ի դեպ, այս օրերին նաև տեղեկություն հրապարակվեց, որ Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից՝ գործարար, այժմ հետախուզման մեջ գտնվող Սամվել Մայրապետյանին պատկանող «Իբիս» հյուրանոցը հրաժարվել է աջակցել պետությանը: «Իբիս»-ից Factor.am-ին որևէ պարզաբանում չտրամադրեցին՝ նշելով միայն, որ տնօրենից համար չեն կարող փոխանցել: «Ժամանակի»-ի փոխանցմամբ՝ իրենց հյուրանոցը տրամադրել հրաժարվել է նաև Հովիկ Աբրահամյանի ընտանիքը. խոսքը «Նացիոնալի» մասին է: Այստեղից Factor.am-ին փոխանցեցին, որ արդեն պարզաբանում ներկայացրել են, և առաջարկեցին, որ ինքներս գտնենք մամուլում հրապարակված այդ պարզաբանումը: Մամուլում, սակայն, որևէ պարզաբանում մեզ գտնել չհաջողվեց։
Զբոսաշրջության կոմիտեից Factor TV-ին տրամադրել են նաև այն կազմակերպությունների ցանկը, որոնք մեկուսացված քաղաքացիներին սնունդ են մատակարարում:
Այսպես՝ հայտարարված մրցույթի արդյունքում, ապրիլի 16-ի դրությամբ, սնունդ մատակարարող ընկերություններն են՝ «Ռեդի Սթեդի» ՍՊԸ-ն, «Կարաս Գրուպ» ՍՊԸ-ն-ն, «Էրիզ» ՍՊԸ-ն, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ն, «Արիես Լանչ» ՍՊԸ-ն և «Արայիկ Աբրահամյան» ԱՁ-ն: Ներկայում այս կազմակերպությունները սննդի ծառայություն են մատուցում 23 հյուրանոցների և 10 ԲԿ-ների։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նարեկ Կիրակոսյան