Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
Քաղաքականություն
06.10.2026 | 12:26
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի նախընտրական հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթում ենթադրություն է հայտնել, որ Իրանը կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն, գրում է Los Angeles Times-ը։
Թրամփն ասել է, որ ցանկանում է «հսկայական հաղթանակ տեսնել» նոյեմբերյան ընտրություններում։
«Դա հաստատում է մեր արած բոլոր քայլերը։ Սա չնչին գին է աշխարհն անվտանգ պահելու, մեր երկիրն անվտանգ պահելու համար։ Նրանք կարող են ոչնչացնել մի քաղաք, թող ոչնչացնեն Լոս Անջելեսը, թող ոչնչացնեն Սան Դիեգոն։ Սա շատ փոքր գին է»,- հայտարարել է նա։
Նրա մեկնաբանությունը քննադատության է արժանացել Քալիֆորնիայի ղեկավարների, այդ թվում՝ Սան Դիեգոյից առաջադրված և Թրամփի աջակցությունը վայելող առնվազն մեկ հանրապետական թեկնածուի կողմից։
«Քալիֆորնիան գրավելու նպատակով Ազգային գվարդիա և ծովային հետևակայինների ուղարկելուց հետո Դոնալդ Թրամփն այժմ ասում է, որ մեր օտարերկրյա թշնամիները պետք է «ոչնչացնեն» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն։ Նա խելագարված է և վտանգավոր»,- X-ում գրել է Քալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը։
«Եկեք հստակ լինենք․ նախագահը հանդես է գալիս Ամերիկայի երկու խոշորագույն քաղաքներում ավելի քան 10 միլիոն ԱՄՆ քաղաքացիների վրա հարձակման օգտին։ Սա նորմալ չէ։ Սրանից ոչ մեկը նորմալ չէ։ Եվ մենք շարունակելու ենք ամեն օր մարդկանց հիշեցնել այդ մասին»,- ավելի ուշ հավելել է նա։
«Սան Դիեգոն կողմնակի վնաս չէ։ Մենք զոհաբերելի չենք և երբեք չենք լինելու «փոքր գին, որը պետք է վճարել»։ Մեր քաղաքը հեռու պահեք ձեր անպատասխանատու պատերազմի մասին խոսակցություններից»,- իր հերթին, գրել է Սան Դիեգոյի քաղաքապետ Թոդ Գլորիան։
Թրամփը նաև հայտարարել է, որ գազի գները շուտով կնվազեն, նաև գովաբանել «Վենեսուելայի բռնապետի հեռացումը» և քննադատել լրատվամիջոցներին։
Պարզ չէ՝ արդյո՞ք Իրանի հարձակման վերաբերյալ Թրամփի մեկնաբանությունները հիմնված են որևէ հետախուզական տվյալների վրա։
Մարտին Իրանը հրթիռներ էր արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա կղզու ուղղությամբ, որտեղ տեղակայված է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ռազմավարական բազան։ Associated Press-ն այդ ժամանակ հայտնել էր, որ Իրանը բալիստիկ հրթիռների իր ծրագրի համար ինքնակամ սահմանափակում է կիրառել՝ դրանց հեռահարությունը սահմանելով 1,240 մղոն։ Դիեգո Գարսիան այդ հեռավորությունից զգալիորեն դուրս է։ Սակայն ԱՄՆ պաշտոնյաները երկար ժամանակ պնդել են, որ Իրանի տիեզերական ծրագիրը կարող է նրան հնարավորություն տալ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ ստեղծել։
Նույնպես մարտին Քալիֆորնիայի ամբողջ տարածքում իրավապահ մարմիններին նախազգուշացվել էր, որ Իրանի պատերազմը կարող է հանգեցնել «Ոսկե նահանգում» անակնկալ անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Սակայն աղբյուրները The Times-ին հայտնել էին, որ այդ վարկածը հաստատող արժանահավատ հետախուզական տվյալներ չկան, իսկ պաշտոնյաները նշել էին, որ այդ նախազգուշացումը լուրջ չեն ընդունել։
Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասը հայտարարության մեջ Թրամփի խոսքերը «վտանգավոր» է անվանել՝ նշելով, որ դրանք «կարող են վտանգել մեր անվտանգությունը»։
«Նախագահի դերը երկիրը պաշտպանելն է, ոչ թե ակտիվորեն սպառնալը և ամերիկացիների կյանքի դեմ հարձակումներ խրախուսելը»,- ասել է նա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

