Պարո՛ն վարչապետ, ի՞նչ եք անում, որ Սերժի մնացորդներն այլևս չլինեն, ցույց տվեք կոնկրետ գործով. Նորայր Նորիկյան
Քաղաքականություն
20.04.2020 | 14:09Factor.am-ի հարցազրույցը փաստաբան Նորայր Նորիկյանի հետ
– Պարո՛ն Նորիկյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուղիղ եթերում խոսեց սպասվող կադրային փոփոխություններից, ակնարկեց, որ նախկին իշխանությունների ժամանակվանից մնացել են պաշտոնյաներ, որոնք չարաշահել են թավշյա վերաբերմունքը և պետք է դուրս նետվեն վերին էշելոններից։ Դուք ևս քննադատել եք՝ նշելով, որ նախկինից մնացած պաշտոնյաներ կան իրավապահ համակարգում, որ, օրինակ, հակակոռուպցիոն քաղաքականությունը ձախողման են տանում։ Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը այս հայտարարության վերաբերյալ և ի՞նչ սպասել։
– Ավելին, նաև շեշտել եմ, որ այդ անձինք, մնալով իշխանության ներսում, իրականացնում են սաբոտաժ և, ըստ էության, քաղաքական իշխանության հռչակած օրինականության վերականգնման գործընթացում չեն գտնվում իրենց տեղերում։ Նիկոլ Փաշինյանը դիպուկ ձևակերպում օգտագործեց՝ Սերժի մնացորդներ ասելով, ինձ համար իսկապես անհասկանալի է, թե Սերժի մնացորդներն ինչ գործ ունեն Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Կառավարությունում: Ես մի բան կարող եմ արձանագրել, որ վարչապետն ընդունում է՝ սխալ կադրային քաղաքականություն կա, որ կան մարդիկ, ովքեր իրենց տեղերում չեն, այդ թվում՝ իրավապահ համակարգում։ Բայց, գիտե՞ք ինչ, այս արձանագրումները բոլորովին այլ են, իսկ դրանց հետևող գործնական քայլերը՝ բոլորովին այլ: Վերջին երկու տարում Նիկոլ Փաշինյանը, էլի առիթներ են եղել, որ դժգոհել է կոռուպցիայի դեմ պայքարից, իրավապահ համակարգի տարբեր ներկայացուցիչների աշխատանքից, պետական կառավարման համակարգի արդյունավետությունից։ Ավելին, ինքը առիթ ունեցավ արձանագրելու, որ պետական կառավարման համակարգն ամբողջությամբ դիմադրում է, և ինքը խոստանում է ջարդել այդ դիմադրությունը։ Հիմա այս հաստատագրումների ժամանակն անցել է, եկել է կոնկրետ գործերով արդյունավետություն ապահովելու ժամանակը։ Սրա մասին է խոսքը, դա մենք գիտենք, պարո՛ն վարչապետ, Դուք մեզ ցույց տվեք կոնկրետ գործերը, թե ի՞նչ եք անում, որ Սերժի մնացորդներն այլևս չլինեն, որ մնացած մարդիկ պատասխանատվության ենթարկվեն։ Սրա մասին է խոսքը։
– Երբ խոսում ենք նախկին իշխանության օրոք աշխատած կադրերի կողմից իշխանության քաղաքականությունը ձախողելու մասին, որպես օրինակ՝ բերվում է հակակոռուպցիոն քաղաքականությունը, և իսկապես տեսնում ենք, որ տարբեր գործիչներ հեռանում են երկրից՝ այդպես էլ պատասխան չտալով, պետական ունեցվածքի թալանը ոչ սպասված տեմպերով է վերադառնում բյուջե: Դուք ի՞նչ հանգամանքներ կհավելեք, որ վարչապետի նշած «Սերժի մնացորդները» չեն օգտագործել իրենց շանսը։
– Ես ընդհանրապես ասում եմ հետևյալը՝ մենք պետք է ստեղծեինք քաղաքական այնպիսի միջավայր, այնպիսի մթնոլորտ, որ ոչ թե միայն երկրի վարչապետի քաղաքական կամքով պայմանավորված լիներ այս կամ այն նախկին թալանչու պատասխանատվության խնդիրը, այլ ճիշտ հակառակը, երկրի իրավապահ համակարգն աշխատեր անխափան, որ ով ուզում է՝ լիներ երկրի վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը, եթե անձը կատարել է հանցագործություն, ուրեմն պետք է պատասխան տա իր արածի համար: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։
Մենք չենք կարողանում ստեղծել կառավարման այդ համակարգը, որ որևէ մեկի կամքից կախված չլինի անձի պատասխանատվութան խնդիրը։ Այս առումով մենք լուրջ խնդիր ունենք։ Ես մի անգամ հրապարակել էի ցուցակ, որ 25 նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից, որոնց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, դեռևս շոշափելի որևէ արդյունք չկա, թալանված միլիոնների վերադարձի վերաբերյալ մենք շատ սակավ արդյունքներ ունենք, իսկ սա մի բան կարող է նշանակել՝ նախկինում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ավելի արդյունավետ են գործում, հասցնում են ճողոպրել, խուսափել քրեական պատասխանատվությունից, հասցնում են ՀՀ պետական սահմանը հատել և մնալ անպատիժ։ Սա խոսում է այն մասին, որ պետական համակարգը չի գործում այնքան արդյունավետ, որ հնարավոր լինի ապահովել բոլորի պատասխանատվությունը: Այստեղ խնդիր ունի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։
Դրանք բոլորը հրապարակներում օգտագործվող լոզունգներ ու բառեր են, ՀՀ-ն ունի օրենսդրություն, որը չի հարցնում՝ դու թավիշի՞ն ես կողմնակից, թե՞ կոշտ քաղաքականությանը, եթե երկրի օրենսդրությունը սահմանել է, որ քրեաիրավական ենթադրյալ արարք կատարած անձը ենթակա է պատասխանատվության, ով ուզում է՝ լինի, նրա արարքին պետք է տրվի քրեաիրավական պատասխանատվություն: Ի՞նչ թավիշ, ի՞նչ հանդուրժել, ես չեմ հասկանում… Այսինքն՝ վաղն էլ կգա մի իշխանություն, կասի՝ մենք ոչ թավիշ ենք արել, ոչ էլ, մենք էլ բարեգութ ենք: Բա երկրի օրենսդրությունն ինչի՞ համար է, ես չեմ հասկանում։
– Ձեր խոսքում նշեցիք, որ նախկինում ևս վարչապետի կողմից արվել են նմանատիպ հայտարարություններ՝ «պետական համակարգը դիմադրում է, բոլոր նվաճումները արվում են ի հեճուկս նրա, իրավապահ համակարգում կան դավաճաններ», այսինքն՝ Դուք մտահոգություն ունեք, որ վարչապետի այս հայտարարությո՞ւնն էլ կմնա զուտ հայտարարություն և գործողություններ չեն հետևի։
– Մտահոգության մասին չի խոսքը, ես կուզեի՝ Նիկոլ Փաշինյանը պարզ ասի՝ իրավապահ համակարգի այս ներկայացուցիչը Սերժի մնացորդ է և տապալել է այս գործընթացը, որ այս դատավորը վնգստացող դատավոր է: Հիմա շատ պատասխանատու հայտարարություններ են արվում, ասում է՝ դղյակները պետք է հետ բերենք։ Ես ողջունում եմ այդ ամենը, մնում է հասկանալ՝ ե՞րբ ենք հետ բերում, ե՞րբ ենք պատժում, այդ մնացորդների տեղը ե՞րբ եք ցույց տալիս, կապրենք՝ կտեսնենք: Հիմա արվում են հայտարարություններ, հանրությունն էլ ուզում է տեսնել դրանց կոնկրետ իրագործումը: Կանենք՝ շատ լավ, բրավո, ծափահարում ենք։
Ռոբերտ Անանյան