Նախկին ու ներկա օլիգարխների ընկերությունները չեն վճարում աղբի վարձը․ 220,000 դոլարի պարտք է կուտակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.03.2026 | 23:47
ՔՊ քվեարկություն․ առաջատար 10-յակը և ամենաքիչ ձայներ հավաքած թեկնածուն
28.03.2026 | 19:57
Սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով
28.03.2026 | 19:23
Պակիստանը եռակողմ հանդիպում է կազմակերպում Իրանի հարցով
28.03.2026 | 19:11
Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
28.03.2026 | 19:00
Եթե Գզոյանի նվիրած գիրքը «սադրիչ էր»,ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունը հեղինակին պարգևատրել. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 18:57
Արարատ Միրզոյանը և Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
28.03.2026 | 18:43
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց առանց Սպերցյանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 18:25
Վարժական հավաքի մասնակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
28.03.2026 | 18:11
Սպերցյանի մասնակցության վերաբերյալ որոշում կլինի խաղի օրը. Մելիքյան
28.03.2026 | 18:00
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Բելառուսի հավաքականի դեմ խաղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 17:51
0% կանխավճար և նոր հնարավորություններ․ Ամերիաբանկի առաջարկները` TOON EXPO-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 17:41
Հայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ ՆԳՆ
28.03.2026 | 17:27
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
28.03.2026 | 17:22
Ջրի մակարդակի բարձրացում և քարաթափումներ․ իրավիճակը՝ ժամը 17։00-ի դրությամբ
28.03.2026 | 17:11
Արագածում ձյան բարձրությունը՝ 3 մետրից ավելի
Բոլորը

Երևանում գործունեություն ծավալող առևտրաժամանցային որոշ ընկերություններ չեն կատարում աղբի համար նախատեսված վճարները և միլիոնավոր դրամների պարտքեր են կուտակել: Այդ ընկերությունները հիմնականում փոխկապակցված են նախկին, առանձին դեպքերում՝ նաև ներկա իշխանությունների հետ: Factor TV-ին պարզել է, թե որոնք են այդ ընկերությունները և որքան չվճարված պարտավորություններ ունեն:

Այսպես, համաձայն Երևանի քաղաքապետարանից մեզ տրամադրված տվյալների՝ ս/թ․ փետրվարի 10-ի դրությամբ․

Արշակունյաց պող. 34/3 հասցեում գործունեություն ծավալող տնտեսվարողն ունի 15 մլն 654 հազար դրամի աղբի չվճարված պարտավորություն: Սա համարժեք է 32 հազար դոլարին: Այս հասցեում տեղակայված է «Երևան մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնը: «Երևան մոլը» պատկանում է տասնյակ տարիներ պետական պաշտոններ զբաղեցրած Գագիկ Խաչատրյանի ընտանիքին:

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեջ: Միաժամանակ նշենք, որ Գագիկ Խաչատրյանի որդին Երևանի քաղաքապետարանի համար աղբատար մեքենաների ավտոկայանատեղի է կառուցում:

31 մլն դրամի (31,241,904) կամ 65.000 դոլարի աղբի չվճարված պարտք ունի Ծիծեռնակաբերդի խճ. 3 հասցեում գործունեություն ծավալող տնտեսվարողը: Այստեղ տեղակայված է Երևանի ամենամեծ մոլերից մեկը՝ «Դալմա Գարդեն Մոլը»: Այս կենտրոնը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին:

Իսկ ահա Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում գտնվող և դարձյալ Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր սթրիթ» առևտրի կենտրոնը համայնքին չի վճարել շուրջ 9 մլն դրամի (9,113,400) կամ 19.000 դոլարի աղբի գումար:

14.5 մլն դրամի (14,450,442) կամ 30 հազար դոլարի աղբի պարտք էլ ունի Խորենացի փողոցում գտնվող «Տաշիր» առևտրի կենտրոնը:

Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող մեկ այլ խոշոր առևտրային կենտրոն էլ՝ վերջերս բացված «Ռիո մոլը», համեմատաբար քիչ կուտակցած պարտքեր ունի՝ 2 մլն 345 հազար դրամ:

3 մլն 819 հազար դրամի չափով աղբի պարտք ունի նաև «Ռոսիա մոլը»: Այն պատկանում է գործարար, «Սիլ կոնցեռն» ընկերության սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին: Սուքիասյաններին պատկանող «Սիլաչի» հյուրանոցի՝ աղբի համար չվճարած պարտքն էլ կազմում է 3 մլն 249 հազար դրամ:

Աղբի համար համայնքի նկատմամբ ունեցած պարտավորությունները չի կատարում ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, օլիգարխ,  հեղափոխությունից հետո խոշոր սեփականատեր դարձած Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը: Միայն Մաշտոցի 5 հասցեում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետը 8.5 մլն դրամի պարտք ունի, ինչը համարժեք է 18 հազար դոլարին:

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող սուպերմարկետների կուտակած պարտքերն այսքանով չեն ավարտվում: «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի գլխամասային գրասենյակը՝ Օհանովի փողողի 26/9 հասցեում, չի կատարել 2 մլն դրամի վճարում: Աղբի համար 3.5 մլն դրամը չի վճարել նաև սուպերմարկետի՝ Ռուբինյանց 15/5 հասցեում գտնվող մասնաճյուղը:

Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանն այն անձանց թվում էր, ովքեր Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող աղբահանության հիմնարկին անվճար աղբատար մեքենաներ էին նվիրել: Ստացվում է, որ գործարարները բարեգործություն են անում, սակայն, դրան զուգահեռ, հարկային պարտավորությունները չեն կատարում:

Շարունակելով աղբի համար չվճարող ընկերությունների ցանկը՝ նշենք, որ նրանց թվում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Արտակ Սարգսյանին պատկանող՝ Արշակունյաց պողոտայում գտնվող «ՍԱՍ ֆուդ կորտը»: Ընկերության այս մասնաճյուղը չի վճարել 2.6 մլն դրամի պարտք:

Եվս մեկ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ընկերության՝ Երևանում գտնվող գրասենյակը չի վճարել 2 մլն 307 հազար դրամ:

Աղբի վճարի պարտք ունի նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքին պատկանող «Ֆլորենս» ռեստորանը: Խոսքն այս դեպքում 658 հազար դրամի մասին է:

Կես մլն դրամից ավելի՝ 614.000 աղբի պարտք է կուտակել «Ջոս» ռեստորանային համալիրը: Այն պատկանում է ՀՖՖ նախագահի նախկին թեկնածու, գործարար, «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանին:

Կուտակած պարտք ունի նաև Գագիկ Ծառուկյանի խնամին՝ Ուկրանիայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Նրան պատկանող «Մետրոպոլ» հյուրանոցը չի վճարել 868 հազար դրամ:

ՀՖՖ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսանաքար» ռեստորանի աղբի ընթացիկ պարտքը՝ փետրվարի 1-ից  10-ի դրությամբ, կազմում է 112 հազար դրամ: Այն ենթակա է վճարման մինչեւ մարտի 15-ը:

«X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին պատկանող «Ջրաշխարհ» ժամանցային կենտրոնն էլ աղբի համար պարտք է 3 մլն 647 հազար դրամ:

Աղբի համար 0.5 մլն դրամի պարտք ունի «Իզմիրլյան» ԲԿ-ն. այն պատկանում է Մայր Աթոռին:

Այսպիսով, միայն վերը թվարկված ցուցակով աղբի վարձի պարտքերի ընդհանուր գումարը կազմում է 105.5 մլն դրամ կամ շուրջ 220 հազար դոլար։

Նշենք նաև, որ որոշ տնտեսվարողներ ունեն նաև գույքահարկի չվճարված պարտքեր, որոնց կանդրադառնանք առաջիկայում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան