Եթե Վանեցյանը «մահափորձ» է որակում հանրաքվեն, Մարտի 1-ն ու Սերժիկի ընտրակեղծիքներն ի՞նչ է գնահատել, ցեղասպանությո՞ւն․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
14.02.2020 | 18:30Factor.am-ի հարցազրույցը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ
– Պարո՛ն Բարսեղյան, Սահմանադրական դատարանի նախագահին ու անդամներին հեռացնելու հարցով հանրաքվեն ոչ միանշանակ արձագանք է ստացել։ Եթե իշխանության դեպքում ամեն ինչ պարզ է, ապա ընդդիմադիրներից, օրինակ՝ ՀՀԿ, ՀՅԴ, հայտարարել են, որ հակասահմանադրական գործընթաց է, չեն մտնելու խաղի մեջ։ Ձեր տեսակետը՝ ընտրված լուծման մասին։
– Շատ բան չկա ասելու, դա իրենց իրավունքն է: Սակայն ես ուզում եմ հիշեցնել, որ երբ 2015 թվականին շատերս համարում էինք, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն արվում է սերժանպաստ փաստաթուղթ ունենալու համար, և այդ պատճառով դրան դեմ էինք դուրս գալիս, որոշ հասարակական-քաղաքական ուժեր ստեղծեցին «Ոչ»-ի շտաբը և ակտիվորեն հակաքարոզ էին անում, ինչն օրինական և բարոյական էր: Որոշներն էլ ուղղակի բոյկոտի կոչեր էին անում, այդ թվում՝ ես, համարելով, որ Սերժիկ Սարգսյանը և իր նմաններն իրավունք չունեն Սահմանադրություն փոխելու, որովհետև անօրեն է, օրենքով չեն իրենք այդ պաշտոնները զբաղեցնում։ Շատ կուզեի տեսնել այս հանրաքվեի դեմ եղողների ակտիվ գործողությունները, ոչ թե միայն հայտարարություններն այն մասին, որ սա անօրինական է, սա հարձակում է հայ ժողովրդի դեմ, հարձակում է պետականության վրա։ Հարգելինե՛րս, ելեք ոտքի և պայքարեք ձեր պաշտպանած գաղափարների համար։
– Ինչո՞ւ չեն ելնում։
– Պետք է իրենց հարցնել: Օրինակ՝ իրենց պետք է հրավիրել և հարցնել՝ ինչ եք անելու կամ ինչու չեք անում, կամ համարում եք, որ ձեր կարծիքն ասելը բավարա՞ր է հանրային տրամադրությունների վրա ազդելու համար, որովհետև քաղաքականությունը հանրային տրամադրությունները փոխելու, համակիրներ ձեռք բերելու, հակառակորդների բանակը նվազեցնելու վրա հենված երևույթ է։ Թե՞ ասելու եք՝ աջ քաշեք, կանգնեք այնտեղ, նայեք՝ ինչ է լինում: Սա այնքան էլ լուրջ չէ, բայց դատելով 2018 թվականի դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններում իրենց հավաքած քվեներից, երևի թե, իրենք կբավարարվեն մեկ կամ մի քանի հայտարարությամբ: Երևի, մի հայտարարություն կանեն քարոզարշավի կեսին, մի հայտարարությունն էլ՝ ապրիլի 3-ի երեկոյան, և կավարտվի իրենց քաղաքական պայքարն այս մասով։
-Մի քանի կարծիք հանրությանը լավ հայտնի դեմքերի կողմից ներկայացնեմ: Օրինակ՝ ընդդիմադիր քաղաքական դաշտ մուտք գործելու մասին հայտարարած Վանեցյանը հանրաքվե նշանակելու մասին ԱԺ-ի որոշումը որակել էր մահափորձ իրավունքի և օրենքի նկատմամբ, որի hետևանքները շատ ծանր են լինելու։ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը հանցագործություն է որակել պետականության դեմ, ուստի՝ չեն մասնակցի հանցագործությանը։ Արծվիկ Մինասյանը, ՍԴ-ն լեգիտիմ համարելով, սա սահմանադրական հեղաշրջում է գնահատում։ Ինչո՞ւ են այսքան խիստ նախկինները։
– Հավանաբար, ծանր պարտություն կրած լինելով վերջին խորհրդարանական ընտրություններում, նախկին իշխող քաղաքական այդ երկու ուժերը մնում են ապավինելու այդ Սահմանադրական դատարանի եղած 7 հոգանոց անդամության խմբին՝ համարելով, որ ինչ-որ ձևով պաշտպանվելու կամ հնարավոր տեսական վերադարձի շանսերում իրենց հասած այդ բաստիոնը կարող է իրենց օգտակար լինել: Շատ դժգոհ են տեղի ունեցած հեղափոխությունից, քուն ու դադար կորցրել են, դժվար է իրենց համար մարսել այն, ինչ տեղի է ունենում այս երկու տարում, ծանր են տանում իսկապես և այդպես արտահայտվում են։ Ես իրենց և այդպես ծանր արտահայտվողներին ուզում եմ հիշեցնել, որ երբ մենք էինք համարում, որ ընտրությունները զանգվածայնորեն կեղծելով, անպատժելիություն ապահովելով երկրում իրենց եղբայրակիցների համար, բնական և արհեստական մենաշնորհներն իրենց մերձավորներին տալով, բազմաթիվ ուրիշ՝ ցուցարար գնդակահարելով և այլն, այդ ամբողջ ընթացքում, երբ մենք համարում էինք, որ դա հանցագործություն է ժողովրդի և պետության դեմ, մենք հայտարարություններով չէինք բավարարվում։ Մենք փողոցներից տուն չէինք գնում, ծեծ էլ էինք ուտում, բանտարկվում էլ էինք, դատվում էլ էինք, մեր ունեցվածքն էլ էին վառում, հալածում էին, մեզ գաղտնալսում էին, հետևում էին, հետապնդում էին, վայրահաչում էին… Շատ թերի եմ համարում իրենց պայքարն ընդամենը հայտարարությունների մակարդակով։ Ամենայն լրջությամբ սպասում եմ իրենց ակտիվ քաղաքական պայքարին, հանրահավաքների եմ սպասում, որ ժողովրդին կհավաքեն, կբացատրեն իրենց գաղափարները, ցույցեր կկազմակերպեն, երթեր կկազմակերպեն։
-Դաշնակցությունը ցույցի փորձ ունի, դեղին քարտ են ցույց տալիս իշխանություններին։
– Ես ամենայն լրջությամբ եմ ասում, հեգնանք չկա սրա մեջ, թող հավաքեն իրենց համախոհներին, իրենց համակիրներին, բացատրեն իրենց գաղափարները, տեսնեն՝ իրենց հավաքած 3.5-4.7 տոկոսն աճե՞լ է, նվազե՞լ է: Գուցե իրենք հեղափոխություն կանեն, կվերականգնեն ուրիշ կարգեր, գուցե բոլորովին նոր կարգեր կսահմանեն և կվերականգնեն իրենց պատկերացրած սահմանադրական կարգը, որը հիմա տապալվել է, թե տապալվում է։ Վանեցյանի դեպքում իրավիճակն անհամեմատ տխուր է, որովհետև երբ ինքը նման արտահայտություններ է անում՝ մահափորձ, ես պետք է պատկերացնեմ, թե ինքն ԱԱԾ-ում աշխատած ժամանակ ի՞նչ է գնահատել Մարտի 1-ի հանցագործությունների ծավալը, զանգվածային ընտրակեղծիքները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների ժամանակ ինչե՞ր է մտածել ու պահել է մեջը այդ խեղճ մարդը։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ քվեներ կեղծելով Սերժիկ Սարգսյանին իշխանության բերելու այդ ամբողջ պրոցեսը՝ 2008 թվականի մարտի 1-ի, որի հետևանքով 10 մարդ զոհվել է, 100-ից ավելի վիրավորներ ենք ունեցել, ավելի քան 1000 մարդ բանտարկվել է, մոտ 100 քաղբանտարկյալ ենք ունեցել, այդ ժամանակ մարդն ինչե՞ր է մտածել։ Սա պետության դեմ ի՞նչ է՝ ցեղասպանությո՞ւն է, եթե մահափորձ չէ, զանգվածային կոտորա՞ծ է, և ի՞նչ կամքի ուժ է ունեցել, որ մարդը դիմադրել է ինքն իրեն, այն ժամանակ չի կարողացել արտահայտվել։ Թող հիմա պատմի, թե ժամանակին ինչեր է արել, որպեսզի փրկի պետությունն այդ տեսակ հանցագործություններից։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան