Համանախագահները փորձել են Մամեդյարովի զսպվածությունն ապահովել. Թևան Պողոսյանը՝ կոնֆիդենցիալության սկզբունքի մասին
Քաղաքականություն
03.02.2020 | 18:31Ժնևում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի երկօրյա հանդիպման մասին Factor.am-ը զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ
– Պարո՛ն Պողոսյան, Ժնևում տեղի ունեցավ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի՝ այս տարվա առաջին հանդիպումը: Այն տևեց երկու օր: Վերջին տարիներին այսքան երկար կողմերը դեռևս չէին բանակցել։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված այսքան երկար հանդիպումը։
– Չեմ համարում, որ այս պահի դրությամբ ինչ-որ յուրահատկություն կա դրա մեջ։ Հարցեր կային, քննարկվում էին։ Մենք հիմա գտնվում ենք նախընտրական ժամանակահատվածում՝ և՛ Արցախում, և՛ Ադրբեջանում: Դա կարող է ունենալ իր համապատասխան փոփոխությունները բոլոր երևույթների հետ կապված: Իսկ բանակցությունների գաղափարը… երևի, ավելի երկար քննարկում էին՝ ինչ ծրագրեր կային, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էին նշել իրենց հայտարարության մեջ։ Հարցեր կան, թե ինչպես հասարակություններին նախապատրաստել խաղաղությանը, ինչ ծրագրեր անել, օրինակ՝ նոյեմբերին, երբ մեկ լրագրող Արցախից, երկու լրագրող Հայաստանից և 3 լրագրող Ադրբեջանից այցելեցին և՛ ՀՀ, և՛ Արցախի Հանրապետություն, և՛ Ադրբեջան։ Հասկանալի է, որ նման մեկ այցելությամբ խաղաղություն չես բերի։ Դրանից առաջ մի շարք նմանատիպ ծրագրեր են եղել, որոնք ոչ մի բանի չեն նպաստել։ Պետք է գտնել յուրահատկությունը՝ նույնը շարունակե՞լ, բան փոխե՞լ, ի՞նչ ժամանակահատվածով և այլն։ Բացի այդ՝ հասկանալի է, որ նույնիսկ իրար այցելելն այդ իմաստով խաղաղություն չի բերելու, պետք է ադրբեջանական ֆոբիաների՝ հայատյացության և այլ բոլոր խնդիրների դեմն առնել։ Այս հարցերի մասին են, երևի, երկար խոսացել, թե ինչ ծրագրեր կարող են իրականացնել։ Խոսում էին նաև, որ պետք է վստահությունը բարձրացնել, շատ կարևոր է Կասպրշիկի գրասենյակի դիտորդական առաքելությունների ընդլայնման խնդիրը, որովհետև եթե նախկինում Ադրբեջանի նախագահն ասում էր, որ 6 հոգի են, եկեք մի 7 հոգի էլ ավելացնենք, բայց Թիֆլիսում նստեն… Ասենք՝ Թիֆլիսում ի՞նչը դիտարկեն։ Հնարավոր է՝ օրակարգերն էին գրում, որ հասկանային, թե ով ինչ ծրագրեր ունի: Հասկանում ենք, որ այս հանդիպումն այս ժամանակահատվածում անցկացնելու խնդիր ուներ, երևի, հենց նույն Մամեդյարովը, որ փորձի ասել՝ տեսեք, թե ինչ լավ բանակցող եմ, ընտրություններից հետո ինձ պահեք։ Ի վերջո, 16 տարի է՝ արտգործնախարար է, բոլորն էլ հասկանում են՝ մի օր պետք է փոխվի, և ինքն էլ տեսնում է Ադրբեջանի նպատակները, կարծես թե, պետք է երիտասարդների բերեն, ինչ-որ նոր դեմքերի: Հավանաբար, իր համար է մտահոգվում՝ ինչպես անել։ Երբ գալիս է նախընտրական ժամանակահատված, հանդիպումներն անիմաստ են, բայց, այնուամենայնիվ, սա Մինսկի խմբի համանախագահներին էլ է ձեռնտու, որովհետև իրենց 25-րդ տարին է լրանում, պետք է ցույց տան, որ ինչ-որ արդյունքների են կարողանում հասնել՝ իրենց երկրների շահերից ելնելով: Հայաստանի համար էլ, բնականաբար, սա առիթ է՝ հանդիպելու, փորձելու կատարել գլխավոր խոստումը, որը տվել է նախընտրական ժամանակահատվածում՝ ամեն ինչ անել, որպեսզի Արցախը վերադառնա բանակցային սեղան։
– Երկար ժամանակ է՝ բանակցություններն ընթանում են, բայց մենք, ի վերջո, սեղանին չունենք բանակցային փաստաթուղթ, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ։
– Իսկ ուրիշ կոնֆլիկտներ ավելի շուտ չե՞ն եղել, ավելի շուտ չե՞ն սկսել բանակցել: Ինչ-որ տե՞ղ ենք շտապում։
– Այսինքն՝ շտապողականություն պետք չէ։
– Պետք է քո երկրի շահերն առաջ տանես, քո նպատակն ու երազանքը։ Մենք պետք է ժամանակը ճիշտ օգտագործենք, ժամանակն աշխատում է նրա համար, ով այդ ժամանակը ճիշտ է օգտագործում:
– Ըստ Ձեզ՝ հիմա բանակցային ո՞ր փուլում ենք գտնվում։
– Իմ պատկերացմամբ՝ դեռ ճշտումներ են արվում։ Ժամանակն օգտագործում են, ամեն մի կողմը՝ իր համար, իրեն պետք եղած դիրքը տանելու և փորձելու ճշտել դիմացինի դիրքը: Այսօրվա դրությամբ, այս նախընտրական փուլում ի՞նչ պետք է անեն։ Մենք գիտե՞նք՝ ովքեր են ընտրվելու Արցախում և ինչ մոտեցումներ են ունենալու, մենք գիտե՞նք՝ փետրվարի 9-ից հետո Ադրբեջանում ով է լինելու մեծամասնություն։
– Նախկին իշխանության ներկայացուցիչները նշում են, որ բանակցային սեղանին իրականում փաստաթուղթ կա: Ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը, և Ձեր կարծիքով՝ ի՞նչ փաստաթղթի մասին կարող է խոսք լինել։
– Չգիտեմ, եթե Մադրիդյան սկզբունքների մասին են խոսելու, որը մշակվել է այդ ժամանակներում եփված՝ նույն Մեթյու Բրազայի ասած՝ 2006-2007 թվականներից: Եթե այդպես նայենք, ուրեմն՝ մի 10 տարի այդ նույն փաստաթուղթը դրված է: Վստահ եմ, որ գալիս են, համանախագահներից յուրաքանչյուրը խոսելուց առաջ իր նոթատետրը դնում է սեղանին, հայկական կողմն էլ իր նոթատետրերն է դնում սեղանին: Տեսեք՝ քանի փաստաթուղթ կա այնտեղ դրված, առնվազն 6 նոթատետր կարելի է պատկերացնել: Նայած՝ փաստաթուղթ ասելով ինչ ենք ասում: Այդպես որ նայենք, ժամանակին էլ Ստեփանակերտում Հայաստանի ու Արցախի հանրապետությունների Անվտանգության խորհուրդների նիստի ժամանակ հայկական կողմն ասել է, որ պետք է շատ երևույթներ ճշտվեն, որ մենք ամեն տերմին միանման հասկանանք։
– Ամեն դեպքում՝ փաստաթուղթ չի քննարկվում…
– Ես հավատում եմ ոչ թե ադրբեջանական, այլ հայկական կողմին, որ ասում է՝ այսօրվա դրությամբ չկա որևէ կոնկրետ ձևակերպված թուղթ, որի շուրջ քննարկում են ընթանում։ Նախկինում էլ են ասել, որ այո՛, մենք թղթի վրա ինչ-որ բան ենք քննարկում, հիմա էլ: Նորից եմ ասում՝ այդ թուղթ ասածն ի՞նչն է, թուղթը լուծո՞ւմն է։ Առանց Արցախի ներկայացուցչի մասնակցության ոչ մեկը լուծում չի քննարկելու։
– ԵԱՀԿ ՄԽ այս հայտարարությունում նորություն կա. նրանք կոնֆիդենցիալության մասին են խոսում:
– Դրանով ես 100 տոկոս հասկանում եմ, որ համանախագահները փորձել են Մամեդյարովի զսպվածությունն ապահովել։ Ամեն անգամ հանդիպումից հետո ո՞վ էր տեղեկատվական մանիպուլյացիա անում. Մամեդյարովը: Դե, երևի, իրենք էլ են հոգնել և, երևի, հայկական կողմն էլ է ասել, եթե այսպես է լինելու, իմաստը ո՞րն է այս հանդիպումների: Երևի, իրենք էլ այդ խնդիրը վերցրել են իրենց վրա՝ նշելու, որ նման բառակապակցություն ենք գրում։ Չնայած, դրա հետ մեկտեղ, էլի ադրբեջանական կողմը փորձեց մանիպուլյացիայի ենթարկել, անհասկանալի ձևով շեշտը դնել Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա։
Արմինե Ալոյան