ՍԴ դատավորներին հերոսական քայլ կատարելու հնարավորություն է տրվում․ Նիկոլայ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
13.01.2020 | 20:43Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ
– Պարո՛ն Բաղդասարյան, արդեն իսկ ուժի մեջ է մտել ՍԴ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակ գնալու մասին օրենքը։ Ինչ տեղեկություններ ունեք՝ կա՞ն դատավորներ, որոնք պատրաստվում են օգտվել այս օրենքից։
– ԶԼՄ-ները բավականին զարգացած են և առաջին տեղեկատվությունն իրենք են ստանում: Ես ավելի շուտ հետևում եմ ԶԼՄ-ներին, այնտեղից պետք է ինֆորմացիա ստանալ: Եթե չգիտեք այդպիսի տեղեկատվություն, ես հաստատ չեմ ունենա։
– Մամուլում եղավ հրապարակում, թե իրավապահները ՍԴ դատավորների վերաբերյալ տեղեկություններ են հավաքագրում, որպեսզի ճնշում գործադրեն թոշակի գնալու հարցում: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Տեղեկատվությունը շատ արագ է տարածվում Հայաստանում լրատվամիջոցներով, բայց ո՛չ միշտ ճիշտ։ Չեմ ցանկանում մեկնաբանել նաև այդ տեղեկատվությունը։
– Հրայր Թովմասյանն անցած տարեվերջին համոզմունք հայտնեց, որ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Արևիկ Պետրոսյանը, Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը, Արայիկ Թունյանը, Արման Դիլանյանը, որոնք, ըստ նրա, հերոսներ են, չեն օգտվի «կաշառք» անվանումը ստացած օրենքից։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ հիմքով է նա այդպիսի պնդում անում։
– Չեմ կարծում՝ ես այն սուբյեկտն եմ, որ պարոն Թովմասյանի կարծիքը մեկնաբանեմ։ Չեմ կարծում՝ Հրայր Թովմասյանն այն սուբյեկտն է, որը կարող է կարծիք հայտնել՝ ուրիշ դատավորներին հերոս անվանելով։ Խնդիրը հետևյալն է, որ գրեթե բազմաթիվ երկրներում, որտեղ տեղի է ունեցել հեղափոխություն, իրականացվել է անցումային արդարադատություն: Եվ չեմ մտաբերում, որ, ասենք, հարևան Վրաստանում դատավորներին ասեն՝ ովքեր չեն համաձայնվել որոշակի գործընթացով մասնակցել, ասեն հերոսներ են։ «Հերոսն» ուրիշ սահմանում է։ Օրենքն ասում է՝ կամովին պետք է անձինք գնան թոշակի, այսինքն՝ պետությունը ձեռք է մեկնում դատավորներին, ասում է՝ եթե դու ինքդ գտնում ես, որ խնդիրներ կան և հասարակությունը չի վստահում դատավորներին, և եթե դու կարծում ես, որ այլ դատավորի փոխանինելով հասարակության մոտ կբարձրանա, մենք հնարավորություն ենք ստղծում։ Սա է օրենքի նպատակը։ Խնդիր եղել է այն դեպքում, երբ օրենքն իր մեջ ունեցել է պարտադրանք։
Օրենքի տրամաբանությունն այն է, որ հասարակությունը մի կողմից, դատական համակարգը մյուս կողմից ինչ-որ մի կետում անհամաձայնություն են ունենում, և անկախ նրանից՝ հասարակության պահանջը իրավացի է, թե իրավացի չէ, դատավորների համար պետությունը ստեղծում է հնարավորություն դատական իշխանության նկատմամբ հեղինակությունը բարձրացնելու, ոչ թե այստեղ հերոսություն է, այլ հակառակն է: Դիցուք՝ դու այն իրավախախտումները չես արել, որը քեզ հասարակությունը վերագրում է, դիցուք՝ դու չես այն անձը, որի պատճառով դատական իշխանության նկատմամբ վստահությունը ցածր է, բայց դու այդ քայլը կատարիր, դրանով կբարձրացնես դատական իշխանության նկատմամբ վստահությունը, և կարծում եմ՝ այդ դեպքում ես դու «հերոսի» կարգավիճակ ձեռք բերում: Պետությունն ընդամենը միջնորդ է հասարակության ու դատական համակարգի միջև։ Պետությունը բարի կամք է դրսևորում, որպեսզի դատավորը, որը ուզում է քայլ կատարել դատական իշխանության հեղինակությունն ապահովելու նպատակով, սոցիալապես չտուժի։
– Եթե վաղաժամ կենսաթոշակի գնալու օրենքի երկամսյա ժամկետն անցնի, և դատավորներից որևէ մեկը չգնա թոշակի, արդյո՞ք իշխանությունը համարելու է, որ ՍԴ ճգնաժամը լուծված չէ, և ի՞նչ սցենարներ ունեք։
– Պետությունը հաշտեցնում է հասարակությանն ու դատավորներին, որպեսզի դատավորն էլ չտուժի, հասարակությունն էլ չտուժի, դատական համակարգի բնականոն ընթացքն էլ չտուժի։ Անցումային արդարադատության գործիքակազմը ներդրվում է, որպեսզի հասարակությունը հաշտվի նախորդ իշխանության հետ։ Այսինքն՝ հնարավորություն է ստեղծվում դատավորներին հերոսական քայլ կատարել, որպեսզի այլ դատավորներ գան պաշտոնի, որպեսզի հասարակությունը վստահություն ձեռք բերի տվյալ իշխանության նկատմամբ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան