«Օրենքի տառին համապատասխան». բանկն ու ԴԱՀԿ-ն 490 հազար դրամով տանից զրկել են 3 անչափահաս խնամող հաշմանդամի ընտանիքին

Լուրեր

09.04.2026 | 14:44
Իրանի դեսպանը ջնջել է Պակիստանում ԱՄՆ-Իրան բանակցությունների մասին գրառումը
09.04.2026 | 14:37
Կուբանը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել. Կրիմսկում նավթաբազա է այրվում
09.04.2026 | 14:26
Ո՞րն է VAR-ի իմաստը․ «Բարսելոնայի» մարզիչը դժգոհ է մնացել «Աթլետիկոյի» դեմ խաղի մրցավարությունից
09.04.2026 | 14:20
Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու ջանքերին. Լիտվայի վարչապետը՝ Ալիևին
09.04.2026 | 14:18
«Հիշում եք այդ սառույցի կտորը». Թրամփը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ և կրկին խոսել Գրենլանդիայից
09.04.2026 | 14:13
Խորապես վշտացած ենք Լիբանանում ավիահարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի և հազարից ավելի վիրավորների համար. ՀՀ ԱԳՆ
09.04.2026 | 14:09
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերին. մեկ զոհ և վիրավորներ կան
09.04.2026 | 14:00
Կարապետյանը ՀՀ-ից դուրս որոշ շրջանների խոստում է տվել, չի կատարելու, ունեցվածքը կվերցնեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 13:56
Ժողովրդի դատին ենք հանձնում․ Փաշինյանը՝ նախընտրական ծրագրում կաթողիկոսին փոխելու օրակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 13:53
UFC-ի նախագահ․ «Ինձ դուր է գալիս, թե ինչ է անում Արման Ծառուկյանը»
09.04.2026 | 13:49
Փակ է վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը
09.04.2026 | 13:45
ՀՀ-ն վաղուց պատրաստ է բոլոր սցենարներին․ Փաշինյանը՝ գազի հնարավոր թանկացման մասին հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 13:40
Աբովյան համայնքից ապօրինի օտարվել են շուրջ 25,7 մլն դրամ արժողությամբ հողատարածքներ. գործը դատարանում է
09.04.2026 | 13:33
Սխալ ա խմած մեքենա վարելը, բայց խնդրում ենք, որ համաներեն. վարորդական իրավունքից զրկվածներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 13:23
Մակրոնը Թրամփին և Իրանի նախագահին ասել է, որ  հրադադարի ռեժիմը պետք է ներառի Լիբանանը
Բոլորը

Նոր Հայաստանում շարունակվում է բանկի ու ԴԱՀԿ-ի միջոցով մարդկանց տներից, ընդ որում՝ վերջին կացարանից զրկելու պրակտիկան: Պարզվում է՝ այս հարցում ԴԱՀԿ-ն «պաշտպանված է» օրենքով, և տնազուրկ դարձնելու գործընթացն իրականանում է «օրենքի տառին համապատասխան»: Թե ի՞նչ է լինում էժան գներով աճուրդի հանված տների հետ, ովքե՞ր են դառնում դրանց սեփականատերերը կամ ի՞նչ գներով են դրանք վերավաճառվում, դժվար չէ բացահայտել:

Արդեն մոտ մեկ տարի է՝ ինչ «Զանգեզուր» հեռուստաընկերությունը հրապարակեց ԴԱՀԿ աճուրդով 490 հազար դրամով Կապանում վաճառված 3 սենյականոց բնակարանի պատմությունը: Խոսքը Կապանի Հալիձոր թաղամասի 13 շենքի 34 բնակարանի մասին է, որը պատկանում էր աճուրդից քիչ առաջ կնոջը կորցրած միայնակ հայր, 2-րդ կարգի հաշմանդամ Էրիկ Սողոմոնյանի ընտանիքին: Այդ տանը նա այժմ էլ ապրում է մի քանի անգամ կաթված տարած մոր ու երեք երեխաների հետ: Բարձրացված աղմուկից հետո նոր սեփականատերը դեռ նրանց դուրս չի հրավիրել տանից: Հաշմանդամություն ունեցող 42-ամյա տղամարդը խնամքին ունի երեք երեխա, 2 տղաները առողջական խնդիրներ ունեն: Մեծ որդին բանակից տարկետում է ստացել առողջական խնդիրների պատճառով: Ինքն ու ավագ որդին օրավարձով բանվոր են աշխատում՝ օրվա հաց վաստակելու համար:

Էրիկ Սողոմոնյանը պատահաբար է իմացել, որ այլևս բնակարան չունի, երբ տան հետ կապված ինչ-որ փաստաթուղթ է պետք եղել: ԴԱՀԿ-ն աճուրդի մասին գրավոր ծանուցել է կաթվածով պառկած նրա մորը: Մայրը նրան ոչինչ չի ասել, դրանից քիչ առաջ քաղցկեղից մահացել էր Էրիկի կինը:

«Ես էդ մասին չեմ իմացել, մայրս ինսուլիտի վիճակում ինձ չի ասել, աճուրդից առաջ կինս մահացել էր, գլուխս խառն էր: Մաման ինսուլտ տարած վիճակում ա ստորագրել ծանուցումը, թե ինչ, ես տեղյակ չեմ եղել: Տենց հիվանդ վիճակում ո՞նց կարան ստորագրել տան»,- տարակուսանք հայտնեց քաղաքացին՝ շարունակելով. «Ես էս երեխեքին վերցնում, ո՞ւր գնամ: Ծնվել, չեմ ծնվել, էս տանն եմ ապրում»:

2014 թ-ին Էրիկի մայրը՝ զորամասում աշխատող Թամարա Աղաթելյանը, «ՎՏԲ-Հայաստան»  բանկից վերցրել է 770 հազար դրամի վարկ՝ առանց գրավի: Դրանից հետո նա ուղեղի կաթված է ստացել ու չի կարողացել շարունակել աշխատել՝ փակելու համար վարկը: Բանկն այդ հանգամանքը հաշվի չի առել ու դիմել է դատարան, իսկ դատարանը 2016 թ-ին որոշել է, որ գումարը պետք է բռնագանձվի միակ սեփականություն տունը աճուրդով վաճառելով: Այդ ընթացքում պարտքը հասել է մոտ 1 մլն դրամի: Ծանր իրավիճակում հայտնված հիվանդ մայրը խուսափել է որդուն այդ մասին ասել: Աբսուրդն այն է, որ ԴԱՀԿ աճուրդով պարտքի հարցը չի լուծվել, ու նրանք դեռ պարտք են բանկին:

Չնայած ժամանակին բավական աղմուկ բարձրացավ, աճուրդից հանկարծակիի  եկած քաղաքացին դիմեց ՀՀ վարչապետին, Factor.am-ը պարզեց, որ մեկ տարի անց ոչինչ չի փոխվել. ԴԱՀԿ  գործարքը չեղյալ չի հայտարարվել, այն դեպքում, երբ այն նույնիսկ չի փակել բանկում եղած պարտքը: Այսինքն՝ ԴԱՀԿ թեթև ձեռքով ընտանիքը տունը կորցրել է, բայց բանկում պարտքի մեծ մասը դեռ մնում է, քանի որ պարտքը տույժերով հանդերձ ավելին է, քան այն գումարը, որով ԴԱՀԿ-ն վաճառել է երեք սենյականոց բնակարանը:

ԴԱՀԿ լրատվականից Factor.am-ին պատասխանեցին, որ աճուրդն իրականացվել է «օրենքի տառին համապատասխան» և որ վերջին կացարանը չկորցնելու մասին դրույթը չի տարածվում այս դեպքի վրա. «Նշված վարույթով խոսք չի կարող լինել միակ բնակարանի մասին, քանի որ իրավահարաբերության ծագման պահին՝ 2016թ. օրենսդիրը միակ բնակարանի վերաբերյալ դրույթներ չէր սահմանել, քանի որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»  թիվ ՀՕ-226-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենքի դրույթները տարածվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կատարողական վարույթների նկատմամբ, իսկ օրենքը ուժի մեջ է մտել 28.02.2017 թվականին»:

Այսինքն՝ օրենքի թվի վրա հենվելով ԴԱՀԿ-ն հաշվի չի առել ոչ մի հանգամանք: Ըստ վերոնշյալ օրենքի՝ քաղաքացի-պարտապանի բնակարանը կամ դրա բաժինը, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` նվազագույն գումարի չափից, բռնագանձման ենթակա չէ:

Սյունիքից «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը դեպքի առթիվ դիմել էր դատախազություն՝ կասկած հայտնելով, որ կատարվել է կեղծ գործարք, որով Էրիկ Սողոմոնյանի ընտանիքին պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Այսօր, սակայն, Դատախազությունից պարզեցինք, որ դեպքով զբաղվել է Ոստիկանությունը և քրեական գործի հարուցումը մերժվել է. ԴԱՀԿ գործողությունները իրավաչափ են համարվել:

«Չեմ հասկանում՝ ո՞նց կարելի ա ընտանիքին օրենքով զրկել տանից՝ հաշվի չառնելով ոչ մի բան: Դա սկի մի հավաբնի փող չի: Դիմել ենք վարչապետին «Զանգեզուր» հեռուտաընկերության միջոցով, բայց դեռ սպասում ենք, հարցը չի լուծվել»,- պատմեց օրենքի սահմաններում տուժած քաղաքացին՝ հավելելով, որ գնորդը, որը փաստաբան Դավիթ Արզումանյանն է, չի ցանկանում իր հետ խոսել, չի պատասխանում զանգերին, հանդիպել է տղայի հետ, ասել՝ ինչքան ուզում եք, կարող եք ապրել, բայց տունն իր սեփականությունն է: «Քույրս կապվել է Դավիթի հետ, խնդրել, որ 490 հազար դրամից մի բան էլ ավելի կտանք, բայց նա պնդեց, որ վեց հազար դոլարից պակաս չի տա», – պատմեց Էրիկ Սողոմոնյանը:

Գնորդ, փաստաբան Դավիթ Արզումանյանը մեզ հետ զրույցում ասաց, թե զբաղված է՝ խոստանալով հետո զանգել, բայց այդպես էլ չզանգեց:

Մարինե Խառատյան