ԲԳՎ-ները խնդիրներ են առաջացրել գյուղաբնակ անօթևանների համար. Շիրակի գյուղերը դատարկվելու շեմին են

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզի՝ երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած, շահառու ճանաչված ու պետությունից փոխհատուցում չստացած ընտանիքները, Կառավարության որոշմամբ, կստանան բնակարանի գնման վկայագրեր։ Լոռու, Շիրակի ու Արագածոտնի մարզի անօթևան գյուղաբնակների բնակարանային խնդրի լուծման համար Կառավարությունն ընդհանուր առմամբ հատկացրել է 1 մլրդ 291 միլիոն դրամ։ Շիրակի մարզում կա փոխհատուցում չստացած շուրջ 148 ընտանիք, որից 90-ն է ընդգրկված բնակարանի գնման վկայագիր ծրագրում:

Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ընտանիքներ ևս բնակարանի գնման վկայագրի ծրագրի շահառուներ են։ Այժմ փաստաթղթերի հավաքագրման գործընթացի փուլն է։

«Ծրագիրը տարբեր գյուղերից, տարբեր վարչական տարածքներից տարբեր  ընտանիքներ է ընդգրկում։ Օրինակ՝ Մարմաշենից կա 4 ընտանիք, Մայիսյանից՝ 3,  Շիրակից և Ջաջուռից նույնպես կան ընտանիքներ։ Նրանց հետ բնակարանի գնման վկայագրի՝ ԲԳՎ-ի պայմանագրերը կան կնքված, նաև ծանուցագրեր են տրվել, որ նշված ժամանակահատվածում ներկայացնեն փաստաթղթերը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը։

Ի սկզբանե գյուղաբնակ անօթևաններին պետությունն առաջարկել է բնակարանի փոխհատուցման երկու տարբերակ. կա՛մ բնակելի տան կառուցում, կա՛մ բնակարանի գնման վկայագիր: Մարզի 90 ընտանիք ընտրել է ԲԳՎ-ն, որից միայն 27-ը՝ Շիրակ գյուղից։

«Գյուղից, ընդհանուր առմամբ, անօթևանների ցուցակում ընդգրկված է 30 ընտանիք, որոնցից 27-ն ընտրել է ԲԳՎ-ի միջոցով բնակարանի ձեռքբերման տարբերակը: 27 ընտանիքը փաստաթղթերի պատրատման փուլում է գտնվում: Մինչև դեկտեմբերի 20-ը պիտի փաստաթղթերը պատրաստ լինեն, որ կարողանան ստանալ իրենց ԲԳՎ-ները: Մյուս 3 ընտանիքներն էլ ընտրել են շինարարությունը, այսինքն՝ բնակելի տան կառուցում կամ կիսակառույցի վերականգնում։ Նրանց համար դեռ փաստաթղթեր չեն պահանջվել, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի ընթացքում»,- մեզ հետ զրույցում ասաց Շիրակ գյուղի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանը։

Բնակարանի գնման համար հատկացվող գումարի չափը պայմանավորված է երկրաշարժի հետևանքով շահառուների կորցրած բնակարանի սենյակների թվից ու ընտանիքի անդամների քանակից: Շիրակ գյուղի անօթևանների համար, մասնավորապես, պետությունը հատկացնում է նվազագույնը 4 մլն դրամ։

«Կոնկրետ մեր գյուղում ամենաքիչ հատկացված գումարը՝ երկու սենյակի համար, 4 մլն դրամից ավելի է, երեք սենյակի համար 5 մլն 200 հազար դրամ է, 4 սենյակի համար՝ 5 մլն 900 հազար դրամ, 5 սենյակի համար՝ 9 մլն 250 հազար»,- նշեց Համլետ Ասատրյանը։

Հատկացվող գումարի չափից գյուղաբնակները, սակայն, դժգոհ են։ Գումարը քիչ է, բնակարանները՝ թանկ, չհաշված նաև այն, որ գյուղական բնակավայրերում վաճառվող բնակարաններ գրեթե չկան, եղածներն էլ գնման համար պիտանի չեն։

Նշենք, որ շահառուները կարող են բնակարաններ գնել իրենց նախընտրած համայնքում: Ըստ մեր զրուցակիցների՝ սա կհանգեցնի գյուղերի դատարկմանը, չնայած բնակիչները հիմնականում ցանկանում են ապրել ու աշխատել հենց գյուղական բնակավայրերում:

«Այս պահին շատ բնակարաններ կան, որ ոչ թե լքված են, այլ մարդիկ փակել գնացել են Ռուսաստան, բնակիչները դրսում են ապրում։ Կան բնակարաններ, որոնք վաճառքի են հանված, կան, որոնք վաճառքի չեն։ Մարդիկ կան՝ տվյալ շենք-շինության համար մեծ գումար են ուզում։ Հաստատ հեշտ չի լինի բնակարան գնելը։ Տվյալ գումարով ահանգին խնդիրներ կունենան բնակիչները»,- ասաց Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը։

Շիրակ գյուղի վարչական ղեկավարն էլ նշեց, որ ի սկզբանե դեմ է եղել բնակարանների գնման վկայագրերի ծրագրին։

«Ուրիշ երկրներում խթանում են, որ գյուղերը լցնեն մարդկանցով, ընտանիքներով, այս դեպքում գյուղը դատարկվում է: Շիրակ գյուղը Գյումրիին շատ մոտ է, և գյուղում վաճառքի տներ չկան: Այս պահին 3 տուն կա վաճառքի, և այդ տների արժեքը սկսվում է 25.000 դոլարից՝ մոտ 12 մլն-ից։ Ոչ մեկը չի կարողանում ձեռք բերել, և այս դեպքում բնակիչները ուզած-չուզած տեղափոխվում են Գյումրի։ Գյուղացիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ։    Գյումրիում բնակարան ձեռք բերելու դեպքում գյուղացին պետք է իր տնակը քանդի, և չի կարողանա զբաղվել իր տնտեսությամբ: Այսպիսով, գյուղը կդատարկենք։ Մեր գյուղը 300 տնտեսություն ունի, մի մասը մշտական բնակություն են հաստատել Ռուսաստանում կամ այլ տեղերում, և հիմա հաշվառված թվի 10 տոկոսն էլ կտեղափոխվի Գյումրի կամ այլ բնակավայրեր։ Դրանով գյուղը կդատարկվի»,- ասաց Համլետ Ասատրյանը։

Հարցին՝ ինչո՞ւ են գյուղաբնակներն ընտրել ԲԳՎ տարբերակը, եթե իմացել են բնակարանների ձեռքբերման դժվարությունների ու այլ խնդիրների մասին, Համլետ Ասատրյանը պատասխանեց, որ առաջարկված 2 տարբերակի դեպքում էլ տրվող գումարի չափը նույնն է, իսկ շինարարության դեպքում ռիսկերն ավելի մեծ են։

«ԲԳՎ-ն արդյունավետ չէ, բայց բնակիչներն էլ մտածում են, եթե դրանից էլ հրաժարվեն, բո որ այլևս ոչինչ չտա՞ն: ԲԳՎ-ի ու կառուցման համար նույն գումարն է։  Բնակիչը նաև մտածում է, որ ոչ մեկը չի կարող 4 մլն դրամով տուն կառուցել։ Եթե շինարարություն վերցնի ու չկարողանա ավարտին հասցնել, գոնե այս դեպքում տրված գումարին մի տեղից էլ կավելացնի, կառնի, բայց եթե շինարարություն անի ու չկարողանա՞ ոչինչ անել։ Պատասխանատուներին բազմաթիվ անգամ եմ այս խնդիրների մասին ասել, բայց պատճառաբանում են, որ սա է լուծումը, ուրիշ տարբերակ չկա»,- ասաց Շիրակի գյուղի վարչական ղեկավարը։

Նշենք, որ Շիրակ գյուղում առկա է 80 տնակ: Տարբերակված են երկրաշարժից անօթևաններ մնացածներն և ընտանեկան դրությունից անօթևան դարձած  ընտանիքները։ Համայնքում, սակայն, կան նաև ընտանիքներ, որոնք երկրաշարժի հետևանքով անօթևան են դարձել, բայց ներառված չեն անօթևանների ցուցակում։

«Կոնկրետ նման 4-5 ընտանիք ունենք։ 2008-ին հաշվառված են եղել, 2012-ին հաշվառված են եղել, հետո քաղաքաշինության կոմիտեից մերժում է եկել, որ այսինչ փաստաթուղթը չկա։ Հիմա պատրաստվում են դատարան դիմել, որովհետև միակ եղանակը դատական ճանապարհն է։ Եթե դատը շահեն, նոր կընդգրկվեն անօթևանների ցուցակի մեջ»,- նշեց վարչական ղեկավարը։

Էմմա Չոբանյան