«Հանրային խորհուրդը չհիմնավորված ծախս է բյուջեի համար»․ Հերիքնազ Տիգրանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
26.11.2019 | 20:34Factor.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը
-Տիկի՛ն Տիգրանյան, ընդդիմությունը 2020 թվականի բյուջեն գնահատում է իներցիոն և նույնիսկ հետադիմական՝ այն իմաստով, որ, օրինակ, գիտությանը տրվող ֆինանսավորումը կրճատվել է։ Բոլոր դեպքերում՝ Դուք ընդունու՞մ եք, որ բյուջեն հեղափոխական չէ։
-Թույլ տվեք չհամաձայնվել ընդդիմության գնահատականի հետ։ Գուցե ոլորտային առումով ունեն նման տեսակետ, բայց դա չի կարելի ընդհանրացնել ամբողջ բյուջեի վրա, որովհետև ամբողջական կոնտեքստում այս բյուջեն ավելի հավակնոտ է և ապահովում է տնտեսական աճ։ Իսկ առանձին ոլորտներով եթե նայենք, տասնյակ տոկոսներով գերազանցում է 2018-ի բյուջեն։ Մեր հանձնաժողովի՝ առողջապահություն և սոցիալական ոլորտի կտրվածքով 29 տոկոս աճ է գրանցվելու։ Եթե կրթությունը վերցնենք, բյուջեն 14 տոկոս աճ է նախատեսում։ Եթե դրան զուգահեռ նայենք, թե ինչ սոցիալական ծրագրեր են ներկայացվելու և ինչ կապիտալ աշխատանքներ են կատարվելու, ապա բյուջեն ավելի հավակնոտ է։ Այն իներցիոն չի կարելի համարել, առավել ևս՝ հետքայլ անող չէ։ Եվ ես համաձայն եմ մեր կառավարության ղեկավարի գնահատականի հետ, որ այս բյուջեն հեղափոխական է։ Եվ եթե այն բոլոր ծրագրերը, որոնք նախատեսվում են այս բյուջեի շրջանակում, ԱԺ-ի վերահսկողական գործիքների օգնությամբ իրականանան այնպես, ինչպես նախատեսված է, մենք 2020-ին կունենանք ՀՆԱ-ի բավական բարձր աճ և տնտեսական բարձր ցուցանիշներ։
-Վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց նախարարների աշխատավարձը փաստացի 1,5 միլիոն դրամ դարձնելու փաստը։ Ինչո՞ւ հեղափոխական բարեկեցությունն առաջինը սկսեց տարածվել նախարարների վրա։
-Դա շատ օրինաչափ է։ Եթե դուք նայել եք այլ պետությունների փորձը, թե ինչպես են հեղափոխությունից հետո կարողացել պետական ապարատը զերծ պահել կոռուպցիոն դրսևորումներից, այստեղ միշտ անհրաժեշտություն է եղել լրացուցիչ դրամական միջոցների։ Մեր հարևան Վրաստանում, երբ հեղափոխություն տեղի ունեցավ, պետական ապարատում բանիմաց կադրեր պահելը դարձել էր խնդրահարույց։ Այս դեպքում իրենք գնացին միջազգային դրամաշնորհներով պետական ապարատը պահելու և այդ ծախսերն ապահովելու քաղաքականությամբ։ Մեր պետությունը չգնաց այդ ճանապարհով և փորձեց լավագույն կադրերին պետական ապարատում պահել լրացուցիչ սոցիալական երաշխիքներ ապահովելու, այդ թվում՝ պարգևատրումների մեխանիզմով։ Եվ շատ օրինաչափ է բոլոր երկրներում էլ, որ պետական ծառայությունը չունի այդքան գրավչություն մասնավոր աշխատանքի նկատմամբ, և կադրն իրեն ավելի վարձահատույց զգալու, իր իմացությունը գնահատվելու առումով պետք է ակնկալի համաչափ վարձատրություն։
-Ինչո՞ւ միանշանակ չընդունվեց այդ քայլը։
-Չընդունվեց, որովհետև իրականությունն այն է, որ մարդիկ ավելի մեծ ակնկալիքներ ունեն իրենց կյանքի որակի փոփոխության առումով և դեռ չեն տեսնում կտրուկ այդ փոփոխությունը։ Չնայած, եթե քայլ առ քայլ հետ գնանք դեպի նախորդ տարվա հունիս-հուլիս ամիսներ, կտեսնենք, որ մեծ թվով աշխատողներ եկամուտ ստացան՝ կուտակային կենսաթոշակի շեմերն իջեցնելու առումով։ Բայց քանի որ մարդկանց ակնկալիքները հեղափոխական կառավարությունից ավելին են և կյանքի որակի կտրուկ բարելավում են ակնկալում, իրենց դժգոհությունը դրան էր ուղղված։ Մյուս կողմից՝ պետական աշխատանքն արտադրություն չէ, որ միանգամից տեսնես, թե ինչ արտադրանք ստեղծեցին։ Այդ աշխատանքը հետո է տալու իր արդյունքները, ինչը նշանակում է, որ մենք ստեղծելու ենք բարենպաստ միջավայր՝ ստեղծագործելու իրավունքի, բիզնես իրավունքի իրացումների համար։
-Հայաստանում ստեղծվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Ինչո՞վ է զբաղվելու վարչապետին կից հակակոռուպցիոն խորհուրդը, երբ արդեն այս մեկը կա։
-Կուզեմ մեր հեռուստադիտողները հստակ տարանջատում դնեն տարբեր հակակոռուպցիոն մարմինների լիազորությունների միջև։ Նախկինում վարչապետին կից գործող այդ կառույցը կոչվում էր կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ։ Եվ «կոռուպցիայի դեմ պայքար» ձևակերպումը ենթադրում էր, որ այս մարմինը պիտի պայքարի կոռուպցիոների դեմ, պիտի բացահայտումներ անի, պիտի լինեն դատապարտումներ։ Մինչդեռ այն ընդամենը հարթակ է, որտեղ պետական մարմինները՝ գումարած քաղհասարակության ներկայացուցիչները, քննարկում են այս կամ այն ոլորտի քաղաքականությունը և դրանում առկա կոռուպցիոն ռիսկերը։ Այսինքն՝ կրթության ոլորտում ռիսկերի գնահատում և դրանց ուղղված միջոցառումների մշակում, բայց նրանից ակնկալել կոնկրետ հետաքննություն և բացահայտում, արդարացված չէ։ Իսկ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հենց այն մարմինն է, որը կոչված է իրականացնել հակակոռուպցիոն կրթություն և կոռուպցիայի կանխարգելում։
-Այդ մարմինը կարո՞ղ է անուններ տալ։
-Ինքը կարող է կասկած ունենալ, որ այս կամ այն պաշտոնյան ոչ օրինական աղբյուրներից է հարստացել, և այդ կասկածների հիմքով նյութերն ուղարկել դատախազություն, բայց ոչ երբեք վարույթ հարուցել նրա ապօրինի հարստացման փաստի հիման վրա։ Այս գործերը քննության առարկա կդառնան իրավապահ մարմիններում։ Դրան զուգահեռ՝ հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված է ստեղծել նաև հակակոռուպցիոն կոմիտե, որը միասնական իրավապահ մարմին է և իր մեջ կներառի ԱԱԾ, ՀՔԾ, Քննչական կոմիտեի հակակոռուպցիոն գործառույթները։ Սա կլինի միասնական հետաքննող մարմին։ Իսկ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կլինի կոռուպցիայի կանխարգելումն ապահովող, այդ թվում՝ հայտարարագրերի ստուգում և հրապարակում, շահերի բախման դեպքերի բացահայտում, անհամատեղելիության պահանջների խախտումներ և այլ սահմանափակումներ, որոնք նախատեսված են հանրային ծառայողների համար։
-ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագիծն առաջիկայում կրկին կհայտնվի ԱԺ քննարկման ներքո։ Այնուհանդերձ՝ արդյո՞ք դա օրինական կաշառք չէ, ինչպես նշում է ընդդիմությունը, և այդպիսի լուծումը որքանո՞վ է տեղավորվում դատաիրավական համակարգի բարեփոխումների տրամաբանության մեջ։
-Ես պետք է ասեմ, որ սա միջազգային պրակտիկային ոչ անհայտ մեխանիզմ է։ Որևէ տարակուսելի բան չկա, թե ինչու է կառավարությունը որոշում այս մեխանիզմն օգտագործել։ Այս պահին, քանի որ խնդիրն առնչվում է ՍԴ-ին և նրա կազմի համապատասխանությանը գործող Սահմանադրության նորմերին, հայտնի է, որ այսօր կա երեք տարբեր սահմանադրությունների ժամանակ ձևավորված ՍԴ՝ գործունեության տարբեր ժամանակահատվածներով, մինչդեռ այսօրվա Սահմանադրությամբ ամրագրված է, որ ՍԴ դատավորը պետք է լինի ժամկետով ընտրված՝ 12 տարի։ Այս համապատասխանությունը Սահմանադրությանն ապահովելու նպատակով կառավարությունը նախաձեռնում է ևս մեկ գործողություն, դա վաղաժամկետ թոշակի ինստիտուտն է, որը ոչ թե պարտադիր պայման է պետության կողմից առաջարկվող, այլ կամընտրություն, որից ինքը կարող է չօգտվել։ Համաձայն չեմ, որ դա օրինական կաշառք է, քանի որ, այսպես թե այնպես, թոշակի անցնելիս ՍԴ դատավորներն ստանում են այն համարժեք թոշակը, որը փոխկապակցված է իրենց պաշտոնավարման ժամանակ ստացած վարձատրությանը։
-Դուք ասում եք, որ Հանրային խորհուրդ չպետք է լինի։ Իսկ եթե գա այնպիսի օր, երբ իշխանությունը կրկին լինի ոչ լեգիտիմ, չի՞ զգացվի այդպիսի մի մարմնի կարիք։
-Ես այդ միտքը ասել եմ օրեր առաջ, ասել եմ մինչև իշխանական պատգամավոր լինելը, ասել եմ 2015-ի սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երբ իշխանությունը լեգիտիմ չէր։ Որևէ մեկը 2008-ից այս կողմ չի ասում, որ իշխանությունը լեգիտիմ է եղել, բայց Հանրային խորհուրդ եղել է։ Իսկ ի՞նչ էր անում ՀԽ-ն որպես կառավարության խորհրդատվական մարմին։ Ես չեմ հիշում որևէ դեպք, որ ՀԽ-ն հանրային կարծիք ձևավորեր կամ ուսումնասիրեր հանրային կարծիքը և ներկայացներ կառավարությանը, ընդ որում՝ պահպանելով քաղաքական չեզոքություն։ Մինչդեռ մենք վերջին ժամանակահատվածում տեսանք ճիշտ հակառակը, մեկ-երկու սուր հարցերի վերաբերյալ տվեց գնահատականներ, չգիտեմ՝ ինչպես էին ուսումնասիրել և եկել այդ եզրահանգման, և նաև Հանրային խորհրդի ղեկավարն անցավ քաղաքական չեզոքության գիծը, ինչն արդեն անթույալտրելի էր։ Նրա ելույթները քաղաքական էին, նրա աջակցությունն այս կամ այն քաղաքական գործչին քաղաքական էր, ինչի իրավունքը նա չուներ։ Հետևաբար՝ այս պահին պետք է դրվեր նրա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը։ Իսկ երբ կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ, ինչը դատաիրավական բարեփոխումներով նախատեսվում է, շատ ճիշտ կլինի դնել Հանրային խորհրդի գոյության նպատակահարմարության հարցը։ Իմ անձնական տեսակետն այն է, որ այդ կառույցն ընդհանրապես անելիք չունի։ Հանրային կարծիք կարող են ձևավորել տարբեր հասարակական կազմակերպություններ, քաղաքական կազմակերպություններ, կան թինկ-թենկեր, որոնք կարող են կարծիք ձևավորել։ Լրատվական դաշտը բաց է կարծիք ձևավորելու համար, և ևս մեկ չհիմնավորված ծախս բյուջեի համար շռայլություն է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Մհեր Արշակյան