Կարեն Գրիգորյանը նվաճեց «Երևան օփեն»-ի հաղթողի կոչումը
Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց «Երեւան օփեն» շախմատի 2-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 13 երկրի 153 շախմատիստներ, այդ թվում` 25 գրոսմայստերներ:
Ինը հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Նույնքան միավոր վաստակած Իրանի ներկայացուցիչ Ամին Տաբատաբին բավարարվեց երկրորդ տեղով:
Մրցանակային երրորդ հորիզոնականը յոթ միավորով զբաղեցրեց միջազգային վարպետ Արման Միքայելյանը, որին մրցաշարի արդյունքներով կշնորհվի գրոսմայստերի կոչում: