Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումների առանցքում խոշոր հաստատությունների ապաինստիտուցիոնալացումն է, համայնքային «փոքր տների» ստեղծումն ու ծառայությունները նեղ հոգեբուժական շրջանակից դուրս բերելը»։ Այս առաջնահերթությունները ներկայացվեցին «Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն» համաժողովի պանելային քննարկման ընթացքում, որտեղ ոլորտի պատասխանատուները մանրամասնեցին սոցիալական պաշտպանության և առողջապահական նոր մեխանիզմները։
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարության Հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների հիմնահարցերի քաղաքականության վարչության պետ Արթուր Կեսոյանը նշեց, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժմանը զուգահեռ առաջնային է նրանց սոցիալական պաշտպանվածությունը։
«Նախարարության հիմնական նպատակն է հրաժարվել խոշոր խնամքի տներից և զարգացնել ընտանեկան միջավայրին մոտ մոդելները․ «Փոքր տների» ընդլայնում․ Եթե նախկինում գործում էր միայն Սպիտակի փոքր տունը, ապա ներկայումս նախարարության համակարգմամբ գործում է արդեն 6 փոքր տուն (մինչև 16 բնակչի համար)։ Կառավարության ծրագրով մինչև 2030 թվականը նախատեսվում է հիմնել ևս 20 փոքր տուն՝ ապահովելով դրանց համաչափ բաշխումը ՀՀ բոլոր մարզերում։
Տնային խնամք․ Շահառուներին հաստատություններ ուղեգրելը կանխելու նպատակով ներդրվել է տնային խնամքի ծառայությունը։ Եթե նախորդ տարիներին այն տրամադրվում էր 100 անձի, ապա նախատեսվում է շահառուների թիվն ավելացնել ևս 100-ով։
Ծառայությունների պատվիրակում․ Պետությունը ծառայությունները պատվիրակում է փորձառու ՀԿ-ներին («Ջերմիկ անկյուն», «Առաքելություն Հայաստան», «Խնամք» և այլն)՝ ապահովելով շուրջօրյա և ցերեկային խնամք»,- մանրամասներ ներկայացրեց Կեսոյանը։
Բանախոսը նաև ընդգծեց «դեպքի վարման» ինստիտուտի կարևորությունը․ համակարգը թվայնացվել է (e-social հարթակ), իսկ մարզերում ձևավորվում են բազմամասնագիտական թիմեր՝ հոգեբույժի, հոգեբանի, սոցիալական աշխատողի և հատուկ մանկավարժի ներգրավմամբ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մարիետա Խուրշուդյանն ընդգծեց, որ հոգեկան առողջությունը չպետք է ասոցացվի միայն ծանր հոգեբուժական հիվանդությունների կամ մասնագիտացված կլինիկաների հետ․
«Եթե մեկ նախադասությամբ ձևակերպենք ԱՀԿ-ի գործունեության էությունը, ապա մենք փորձում ենք հոգեկան առողջությունը դուրս բերել նեղ հոգեբուժական ու հոգեբանական շրջանակից և դարձնել առողջապահական համակարգի ու ընդհանուր սոցիալական քաղաքականության լիարժեք մաս»։
Խուրշուդյանի խոսքով՝ խնդիրը վերաբերում է յուրաքանչյուր մարդու, ով կարող է ունենալ սթրես կամ կորուստ․ «Կարո՞ղ է արդյոք քաղաքացին իր համայնքում ստանալ առաջնային աջակցություն։ Պատրա՞ստ է առաջնային օղակի (ԱԱՊ) բժիշկը ճանաչել դեպրեսիան կամ տագնապը և ճիշտ ուղղորդել պացիենտին։ Որքանո՞վ է համակարգը ճկուն արտակարգ իրավիճակներում արագ արձագանքելու մարդկանց աճող հոգեբանական կարիքներին»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան

