Մեծահարուստ նախկին պաշտոնյաներից ո՞ւմ գույքը կարող է բռնագանձվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
23.11.2024 | 13:49
Նույնիսկ Անգլիայում՝ 38 հազարանոց մարզադաշտում, զգում էինք ահռելի աջակցություն Նոայի երկրպագուներից․ Ավանեսյան
23.11.2024 | 13:33
NYMEX․ Ոսկու գինն աճել է
23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
23.11.2024 | 12:34
ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Մոսկվա
23.11.2024 | 12:24
Իմ պատասխանը երկուշաբթի կհրապարակեմ. Հովիկ Աղազարյանը` մանդատը վայր դնելու մասին
23.11.2024 | 12:12
Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը
Բոլորը

Արդարադատության նախարարությունը մշակել ու իրավական ակտերի հրապարակման կայքում քննարկման է դրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը։ Եթե օրենսդիրը հավանություն տա նախագծին, հնարավոր կլինի բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով։ Թիրախում կհայտնվի ապօրինի ծագում և 50 միլիոն դրամը գերազանցող ապօրինի գույքը։ Քրեական պատասխանատվություն չի նախատեսված գույքի սեփականատիրոջ նկատմամբ։ Հայաստանը 2007 թվականին վավերացրել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիան, որում կա նշում առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման անհրաժեշտության մասին։ Այս գաղափարը նաև նոր իշխանության առանցքային խոստումներից է։ Ապրիլի 19-ի խորհրդակցությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին, և մեկ կարևոր պահ՝ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում չի նշանակում, թե դա արվում է առանց դատարանի որոշման: Պարզապես բռնագանձում կատարվում է ոչ թե քրեական դատավարությանը, այլ քաղաքացիական դատավարությանը բնորոշ կանոններով: Ըստ վարչապետի՝ անշարժ գույք ձեռք բերել փորձող բազմաթիվ ներդրողներ բախվում են անտրամաբանական գների։ Պարզվում է՝ ծիծաղելի գներով գույք ձեռք բերած պաշտոնյան փորձում է այն վաճառել միլիոնավոր դոլարների հասնող գնով։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր խնդիր է դրված ոչ թե ուղղակի ներդնել այս ինստիտուտը, այլ լուծել 3 խնդիր․

  1. Որպեսզի մենք համոզված լինենք, որ սա գողացված ակտիվների վերադարձի գործուն մեխանիզմ է,
  2. որ սա քաղաքական վենդետայի գործիք լինել չի կարող,
  3. որ այս ողջ գործընթացի ընթացքում մենք ի վիճակի կլինենք ապահովել մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունը, և Հայաստանի Հանրապետությունն այս իմաստով որևէ նեգատիվ ազդեցություն չի ունենա։ Մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարը դեկլարատիվ մակարդակից տեղափոխվի ինստիտուցիոնալ մակարդակ:

Թե Հայաստանի նախկին պաշտոնյաները ինչ շքեղության առանձնատներ են ձեռք բերել, Factor TV-ն ներկայացրել է դեռ մեկ տարի առաջ։ Այսպես, Երևանի ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող առանձնատունը պատկանում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբորը՝ Գագիկ Աբրահամյանին, գույքի արժեքը արժեքը 428 մլն դրամ է։ Երկրորդ ամենաթանկ առանձնատունը պատկանում է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կնոջը՝ Նունե Նիկոլյանին՝ 398 մլն դրամ։ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կնոջ՝ Զարինե Դանիելյանի անվամբ է գրանցված 338․5 միլիոն դրամ արժեք ունեցող այս դղյակը։ Զավարյան փողոցում գտնվող 333 մլն դրամ արժեք ունեցող բազմաբնակարան այս շենքը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին և նրա եղբայրներին։ Երևանի հաջորդ ամենաթանկ տունը գրանցված է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եղբոր՝ Վլադիմիր Կարապետյանի անունով, կադաստրային արժեքը 330 մլն դրամ է։ Մեծահարուստ սեփականատերերի ցանկում տեղ ունի նաև նախկին վարչապետներից Հովիկ Աբրահամյանը, ում պատկանում է ԱԺ շենքի նմանությամբ կառուցված այս տունը։ Այն ունի 310 միլիոն դրամ արժեք։ Սարալանջի բարձունքում է գտնվում Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության նախկին պետ Հովհաննես Հովհաննիսյանի առանձնատունը, որն արժե 297 մլն դրամ կադաստրային արժեք։ 280 մլն դրամանոց մեկ այլ առանձնատուն պատկանում է «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանին, թեև գրանցումն արված է Կարինե Կարապետյանի անունով։ Մայրաքաղաքից դուրս ամենաթանկ առանձնատունը պատկանում է գործարար Գագիկ Ծառուկյանին, կադաստրային արժեքը 534 մլն դրամ է, նրա կնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի անունով է գրանցված 181 մլն դրամ կադաստրային արժեքով առանձնատունը։ Ծառուկյան ընտանիքի դուստր Գայանե Ծառուկյանի բնակարանը 147 միլիոն դրամ արժեք ունի։

Չի բացառվում, որ այս առանձնատներից որոշները նոր ընդունվելիք օրենքով բռնագանձվեն ապօրինի ծագում ունենալու հիմքով։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը դրական գնահատելով հանդերձ՝ «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը 50 միլիոն դրամի շեմը բարձր է համարում։ Եվ առաջարկում է սահմանել վերին շեմ, որից բարձր արժեք ունեցող ապօրինի գույք տնօրինող անձը ենթարկվի քրեական պատասխանատվության․ «Որոշակի շեմ կա, որ պետք է նստի, որովհետև էդպես չի էլի, հավ են գողանում, ժամանակին տանում նստեցնում էին, հիմա հարյուրմիլիոնավոր դոլարներ գողացողներ կան, որոնց վերցնես ասես՝ ինչ արել, արել ես, տուր բյուջե գումար, մի տեսակ սխալ կլինի արդարադատության տեսակետից, որովհետև կանխարգելիչ գաղափարը արդեն կորչում է։ Ինչի՞ մեջ է կանխարգելումը, եթե ցանկացած մարդ կարող է գողանալ, իմանալով՝ դե եթե բռնվեմ հետ կտամ-կպրծնեմ»։

Այս նախագիծը վտանգի տակ է դնում ցանկացած անշարժ գույք, ասում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը, քանի որ անկախ Հայաստանի իրողությունները հաշվի առնելով՝ այսօր շատերը օբյեկտիվորեն ձեռքի տակ չունեն անշարժ գույքի ձեռքբերման թղթային հիմնավորումներ:

«Տալ գնահատման բացառիկ լիազորություն այս երկրի կասկածելի հիմնարկներից մեկին՝ Դատախազությանը, այ սա ես համարում եմ բոլշևիզմ, համարում եմ թշնամություն հայ ազգի դեմ։ Օրենքի գաղափարին դեմ չեմ, բայց առկա կարգավորումները խայտառակություն են, դա բերելու է հարևանը հարևանի վրա գրելու: Գործ տալը դառնալու է մարդու կարևորագույն հատկանիշ, սա խաթարելու է մեր կենցաղը, սոցիալական շփումները և որևէ դրական արդյունքի չի հանգեցնելու։ Համոզված եմ՝ հանցագործների գույքը, որ պետք է առգրավվի, մնալու  իրենց, որովհետև դա տարբեր ձևերով ձևակերպված է, իրենք միշտ լեզու կգտնեն դատախազների հետ, տուժելու են մարդիկ, որոնք չեն կարողանալու ցույց տալ թղթերը»,- ասաց Աթանեսյանը։

Ըստ փաստաբանի՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն իր բնույթով պոպուլիստական է և իր առաջ դրված նպատակը չի լուծելու․ «Սա էժան պլեբսի, լյումպենի համար օրենք է, որով ուզում են ասել, որ մարդիկ տգետ են, ապիկար են, հակված են կրիմինալ կյանքով ապրելու, այդ մարդկանց ուզում են համոզել, որ իրենք դժբախտ են, քանի որ մեկը հարուստ է, այ սա է բոլշևիզմը և սա է սարսափելին։ Սա նաև քաղաքացիական բախումների հիմք է լինելու»։

Հովսեփ Խուրշուդյանը լսել է մտահոգությունները, թե այս օրենքը իշխանության ձեռքին կարող է ծառայել իբրև գործիք հակառակորդների դեմ։ Բայց որպեսզի դա տեղի չունենա, քաղհասարակությունը պետք է վերահսկի գործընթացը։ Եվ այնուամենայնիվ, ըստ պարոն Խուրշուդյանի, Հայաստանը կարիք ունի ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին օրենքի։

«Նախկին պաշտոնյաների թվից մատների վրա կարելի է հաշվել անուններ, որոնք ներգրավված չեն, որոնք չեն գողացել, թալանել, ապօրինի չեն հարստացել։ Մնացածը կլինեն հարյուր-միլիոնավոր դոլարների աղբյուր բյուջեի համար, որ օր առաջ անհրաժեշտ է մեր դպրոցաշինության, պաշտպանության համար։ Այդ մարդիկ ոչ նորմալ բիզնեսմեններ են, որ ներդրումներ անեն, տանում են փողերը կազինոներում են վատնում, գույք են առնում, որ տարին մեկ գնան կուրորտներում հանգստանան, ճոխ կյանք են վարում, երկրի համար նրանց ձեռքում հայտնված գումարը մեռած է, այնպես որ ամենավերջին փաստարկը կա, որ դա պետք է վերադարձվի տնտեսություն, վերադարձվի հանրությանը»,- նշեց Հովսեփ Խուրշուդյանը։

Իրավական ակտերի հրապարակման կայքում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շուրջ քննարկումներ ծավալելու և առաջարկներ ներկայացնելու ժամկետ է սահմանված մինչև սեպտեմբերի 30-ը։ Այս պահին մասնակիցների 94%-ը նախագծին քվեարկել է կողմ, 6%-ը՝ դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան