Հայաստանում կա ատելություն ընդհանուր պատկերացումներից տարբերվող մարդու նկատմամբ․ լիբանանահայ բանաստեղծ
Մշակույթ
08.09.2019 | 20:59Զրուցում ենք լիբանանահայ բանաստեղծ ԳոԳոյի(Գրիգոր Տարագճյան) հետ։
Գրիգորը՝ նույն ինքը Գոգոն, ծնվել է Լիբանանում։ Սովորել է Բեյրութի «Վահան Թեքեյան» վարժարանում։ Իրեն համարում է սովորելու և զարգանալու հավերժական ձգտմամբ մարդ, չի պատկերացնում կյանքը առանց ինքնակրթության։ Լիբանանում զբաղվել է ոսկերչությամբ, իսկ Հայաստան գալուց հետո տևական ժամանակ եղել է բանաստեղծական երեկոների կազմակերպիչ-պատասխանատու՝ Նարեկացի արվեստի միությունում։
-Բարև Գրիգոր, ինչպե՞ս ես։
–Ողջույն։ Քանի որ Հայաստանում եմ, լավ եմ։
–Ե՞րբ ես առաջին անգամ եկել և ի՞նչը կամ ո՞վ է բերել քեզ Հայաստան ։
-Եկել եմ 2014 թվականին ՝ շատ վառ պատկերացումներով երկրի մասին, ինձ Հայաստան է բերել հենց Հայաստանը ։
–Շա՞տ են տարբերությունները պատկերացումների և իրականության միջև։
-Ոչ թե կան տարբերություններ, այլ կատարյալ տարբեր են։ Ես ընդունում եմ, որ մեզ դպրոցներում և դասագրքերում Հայաստանը անթերի են ներկայացրել, խոսքը Պատմական Հայաստանի մասին չէ, որը ներկայացնում են որպես գրավված, այլ ընդհանուր։ Վաղուց ունեի ցանկություն գալու, աշխատելու և հաստատվելու Հայաստանում։ Մինչ գալս և երբ նոր էի եկել, ունեի շատ սպասելիքներ։ Մտածում էի առնվազն Գրողների Միության անդամ դառնալ, որը ինձ համար ոչ միայն մեծ ձեռքբերում, այլ հնարավորությունների լայն հարթակ էր թվում, բայց գալուց չորս օր անց արդեն հասկացա, որ այստեղ պետք չէ սպասել ու ակնկալել ոչինչ։ Այստեղ մարդիկ կարող են ասել, բայց չանել, ժամադրվել և չներկայանալ։ Ինչևէ, այս ամենից զատ շատ է խտրականությունը՝ միայն ելնելով նրանից, թե որ երկրից ես ժամանել և որքան է գրպանիդ պարունակությունը։ Սկզբում չկարողացա ընդունել, որ հայրենիքում քեզ գրկաբաց սպասում են միայն այն դեպքում, երբ գնում ես հարուստ երկրից, շատ գումարով և որևէ բարեգործության համար, ուստի չորս օր անց վերադարձա Լիբանան։ Հիմա աստիճանաբար փոխվում է պատկերը։ Կան բաներ, որ շատ ուշացան և մեծ դժվարությամբ են հասու դառնում, բայց հիմա ես զգում եմ, որ կհասնեմ դրանց։ Հիմա էլ հավատում եմ, որ կգա մի օր, և Հայաստանում շատերը կկարդան իմ գրածները, կգնահատեն, քանի որ եկել եմ գրիչս հայրենիքիս ծառայեցնելու։ Դա էլ իմ զենքն է, ինչպես զինվորներինը։
-Իսկ առաջին հուսախաբությունիցդ հետո ե՞րբ ես վերադարձել եւ որոշել մնալ վերջնականապես։
– Գնալուց հետո վերադարձա 2015-ին և հոկտեմբերին Հայաստանում տպագրեցի առաջին գիրքս՝ «Եթե երկու սիրտ ունենամ անգամ՝ քեզ եմ սիրելու» խորագրով, հետո էլի գնացի ու վերադարձա 2016-ին, որի հուլիս ամսին տպագրեցի երկրորդ գիրքս՝ «Արգելված չէ խենթանալ» խորագրով և երկու ամիս անց նորից գնացի։ Կթվա գուցե, որ Հայաստան էի գալիս տպագրվելու համար. բայց ավելի ճիշտ է ասել, որ Լիբանան էի գնում, երբ գումարս էր վերջանում, այսինքն՝ գնում էի տպագրվելուց հետո (ժպտում է)։ Վերջնականապես եկել եմ 2017-ին և այստեղ եմ ցայսօր։
– Ինչո՞վ էիր զբաղվում Լիբանանում։
– Մինչ բանաստեղծ դառնալը, տպագրելը և տպագրվելը, որոնց այստեղ շատ կարևորություն են տալիս, սակայն տպագրում են ստեղծագործություններ անհասկանալի չափանիշներով, ոսկերչական արհեստով և արծաթագործությամբ, որը այնտեղ նաև լավ էր վարձատրվում։ Բայց այն ևս ինձ համար լոկ զբաղմունք չի եղել, այլ արարչագործական վեհություն ունեցող գործ, որը կատարել եմ սիրով ու պատասխանատվությամբ։
–Որպես քաղաքացի՝ ինչպիսի՞ն էիր Լիբանանում և ինչպիսի՞ն ես Հայաստանում։ Կա՞ն տարբերություններ։
-Ոչ, չկան։ Քաղաքացի լինելը կարևոր գաղափար է, որպիսի պատասխանատվությամբ այդ գաղափարի կրողը եղել եմ Լիբանանում, այնպես էլ Հայաստանում եմ։ Վերջին իրադարձություններից հետո զգում եմ, որ Հայաստանում ևս սկսել են կարևորություն տալ այդ հարցին, ինչը ողջունելի է և, հուսով եմ, կտա կարևոր արդյունք։ Իսկ հիմնական տարբերությունն այն է, որ Լիբանանը ինձ համար իսկականին նման ընտանիք է, բայց իսկականը Հայաստանն է։
-Իսկ ո՞ր թեմաների մասին ես գրում ավելի հաճախ և ի՞նչն է ոգեշնչում քեզ։
–Գրել դրդում է ցավը, ցավի մեջ ուրախություն գտնելու ձգտումը, այդ ձգտումը վերածվում է արվեստի։ Իրականում զգացումը վերածվում է թեմայի, ոչ թե թեման է վերածվում զգացումի։ Այսինքն՝ թելադրում է զգացումը։Գրում եմ արարածի և Արարիչի գաղափարի շուրջ մտորելով։ Ինչպես սիրած աղջիկը և տղան են իրար համար միշտ հետաքրքիր, այնպես էլ ինձ համար հետաքրքիր է այս կապը՝ Աստված որպես սեր մեզ է ընտրել՝ մարդ արարածին, և մենք սերում ենք սիրուց․․․Թեմաները զանազան են՝ Աստված, մարդ, կյանք, մահ, հավիտենություն, աշխարհ, հայրենիք և հատկապես սեր։
–Երբևէ հարցրե՞լ ես ինքդ քեզ․ ինչո՞ւ մարդիկ պիտի կարդան քո ստեղծագործությունները։
– Դա հետաքրքիր հարց է, որի պատասխանն ունեմ։ Իրականում իմ գրվածքները մարդկային կամ քրիստոնեական սիրո մասին են, հաճախ նաև Քրիստոսի փառաբանությունն են՝ որպես այդ սիրո ամենամեծ կրողի ու տարածողի։ Այսինքն՝ բանաստեղծություններս կարդալը Քրիստոսին տեսնելու, սիրո առկայությունը կամ բացակայությունը զգալու մի առիթ է, որը, կարծում եմ, արժե բաց չթողնել։
–Ի՞նչ անակնկալների ես հանդիպել այստեղ, որո՞նք են գլխավորները, որոնց մասին կցանկանայիր խոսել։
–Հայաստանում լավի հետ մեկտեղ դրա հակառակը ևս կա։ Մարդը, որպես այդպիսին, այստեղ դեռ արժեք չի ներկայացնում իրենից, ինչը ցավալի է։ Հասարակությունը «վռնդում» է խնդիր ունեցողին(չեմ ուզում ասել Հայաստանը)։ Կան նաև լավ անակնկալներ, որոնցով կարելի է զարմանալ ամեն օր, օրինակ ամռան տապին փողոցում հանդիպող ցայտաղբյուրը(ժպտում է)։
-Ի՞նչն է ամենաշատը պակասում Հայաստանում ըստ քեզ։
-Նախ՝ սերը, երկրորդը՝ քաղաքացին։ Մարդը, որը ապրում է այս երկրում, պետք է շատ լավ իմանա լեզուն, հետո՝ պատմությունը, անկախ նրանից՝ հաղթե՞լ է երկիրը այդ դրվագում, թե՝ ոչ, հետո հասկանա՝ սիրո՞ւմ է Հայաստանը, թե՞ ոչ։ Ինչո՞ւ է կարևոր սերը, որովհետև այն ունի արգասիք, որը ծնունդն է՝ գաղափարի ծնունդ, ստեղծագործության ծնունդ, մշակույթի ծնունդ, շինման և վերաշինման ծնունդ, շփման ծնունդ։ Կան երկրներ, որոնք ծայրահեղ վիճակից վերածնունդ ու փրկություն են առել բնակիչների սիրո շնորհիվ։ Կարեկցանքի պակաս, կարծում եմ, չկա, բայց կա ատելություն ընդհանուր պատկերացումներից տարբերվող մարդու նկատմամբ։ Մարդը ատում է մարդուն այն բանի համար, որ տարբերվում է։ Չեմ խոսում նաև կենսակերպի տարրական պայմանների բացակայության մասին։ Այս պահին չեմ տեսնում նաև, որ կառավարությունը գաղափարներ և խորհրդատվություն խնդրի գիտնականից, գաղափարով մարդուց, որը օգտակար կարող է լինել երկրի համար։ Այդ մշակույթը ևս բացակայում է, որը կարևոր է չափազանց։
–Ի՞նչ փոփոխություններ ես ակնկալում։
-Փոփոխություն բառը չեմ սիրում, որովհետև այն ծանր է հնչում մարդկանց ականջներում։ Թող Հայաստանը դառնա այնպիսին, ինչպիսին ներկայացված է գրքերում։
–Եվ, որպես ամփոփիչ հարց․ ի՞նչն է այն ամենալավը, որի համար արժե գալ Հայաստան և մնալ։
– Հայաստա՛նը, որի համար անպայման արժե դժվարություններ հաղթահարել, խնդիրները բարձրաձայնել և լուծումներ փնտրել, ինչպես անում ենք հիմա հարցազրույցով։ Արարատը, որը ապրում է հայերի գիտակցության մեջ, անկախ իր աշխարհագրական դիրքից և որը անպայման վերադարձվելու է պատմության շատ փոքրիկ այս պատառից հետո։ Եվ չնայած Հայաստանում ավելի շատ եկեղեցի կա, քան հավատ, բայց հավատացյալներ կան, որոնք հազարի ուժ ունեն և պահում են երկիրը․ ի վերջո Հայաստանը ապրում է։ Մարդիկ նաև անտարբեր չեն և կարեկցող են, ինչը չես գտնի դրսում, գուցե դա բամբասանքով է արտահայտվում, բայց մեկ քայլ է անհրաժեշտ միայն այդ ամենը սիրո վերածելու համար։ Եվ, իհարկե, Հայաստանում ժայռերից էլ մեծ բարի սրտեր կան, պարզապես պետք է համարձակություն ունենալ վատը մերժելուց, բարիք արարելուց, բարի գործ կատարելուց և առհասարակ բարի լինելուց չամաչելու համար։
Հասմիկ Իսրայելյան