ԶԼՄ-ներին դատի տալով՝ փորձում են ճնշել․ խմբագիրները մտահոգված են
Հասարակություն
12.07.2019 | 15:32Հայաստանյան որոշ լրատվամիջոցների նկատմամբ, իմ տվյալներով, 30 վարույթ ընդունված դատական հայց կա և սա սպասելի էր՝ հաշվի առնելով հեղափոխությունից հետո գործող իշխանության և հատկապես վարչապետի կողմից մամուլի վերաբերյալ արված սուր հայտարարությունները։
Այս մասին այսօր հրավիված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով լրատվամիջոցների դեմ ներկայացված դատական հայցերին և դրանցից մեկով՝ ԶԼՄ-ներից մեկին 1 միլիոն դրամի տուգանքի ենթարկելուն, ասաց Ժուռնալիստների միության նախագահ և «168 ժամ»-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը։
«Ցավոք, գործող իշխանությունները շատ արագ համակերպվեցին իշխանական կենսակերպին և սկսեցին քայլեր ձեռնարկել մամուլի դեմ՝ չնայած այն բանին, որ տարբեր միջազգային հարթակներից խոսում են այն մասին, որ մամուլը երբեք այսքան ազատ չի եղել, մինչդեռ փաստերն այլ բան են ասում։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ տարբեր տիպի միջազգային կառույցներ մեր երկրի վերաբերյալ որևէ գնահատական տալիս կարևորում են խոսքի ազատությունը, ինչը շատ կարևոր գործոն է, և, բնականաբար, մեր գործընկերը ( ի նկատի ունի Նիկոլ Փաշինյանին խմբ.) շատ լավ հասկանում է, որ պետք է այդ ատյաններից բարձր հնչեցնել խոսքի ազատության մասին։ Փորձ է արվում նաև նման դատական հայցերով հասնել մամուլի սնանկացման, իսկ ներկայումս մամուլն այնքան էլ լավ վիճակում չէ, քանի որ տնտեսության մեջ շարժ չկա, դրանով պայմանավորված՝ գովազդի շարժ ևս»,-ասաց Սեյրանյանը՝ շեշտելով, որ մամուլի ազատության դեմ որևէ քայլ կամ արշավ պետք է ահազանգ լինի ոչ միայն մամուլի ներկայացուցիչների, այլ նաև բոլորի համար։
Ասուլիսին մասնակցող «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի համոզմամբ էլ իշխանության գալու հենց առաջին օրվանից մամուլի դեմ պայքար է սկսվել, սակայն այժմ թևակոխում ենք մամուլի դեմ դատական հայցերի փուլ։
«Միայն մեր լրատվամիջոցն ունի երկու դատական հայց իմքայլական պատգամավորների կողմից․ ի դեպ՝ այս պատգամավորների գործերը կայծակնային արագությամբ են ընդունվել վարույթ և արդեն նշանակվել են դատական նիստերի օրերը, իսկ դա նշանակում է, որ այնքան էլ այդպես չէ, որ չկա զանգովի արդարադատություն, այնքան էլ այնպես չէ, որ դատական համակարգն իշխանության ճնշումների տակ չէ, ուստի ես վախենամ, որ որքան էլ մենք հմուտ ենք և կարող ենք մեր գրածն ապացուցել, բայց այս ճնշումների պարագայում դժվար է լինելու հաղթել իշխանական հայցվորներին։ Չի՛ կարող երկրիս փոխվարչապետը դիմել դատարան, շահել դատական հայցը, ու մի փոքր լրատվամիջոցը հայտնվի 1 մլն դրամ տուգանքի տակ․ իսկ դուք պատկերացնո՞ւմ եք այդ լրատվամիջոցը հետագայում ինչպես է գոյատևելու։ Մեկ այլ օրինակ ևս՝ Հայկ Սարգսյանը դատի է տվել և ասում է՝ ինչո՞ւ եք ինձ անվանում շիշ բռնող։ Թե դրա մեջ ի՞նչ վիրավորական բան է տեսել, չգիտեմ՝ կգա դատարան, կբացատրի։ Ի դեպ, երբ մեր լրատվամիջոցին Սեյրան Օհանյանի կինը դատի էր տվել, որևէ դրամական պահանջ չէր ներկայացրել․ դրա մեջ բարոյականություն կար»,-ասաց Արմինե Օհանյանը։
Ասուլիսին ներկա փորձագետ Աղասի Ենոքյանի փոխանցմամբ էլ այսօր դատարանները վախեցած են իշխանություններից և կառավարելի են այդ նույն իշխանության կողմից՝ վեթինգի և անցումային արդարադատության մասին խոսակցությունների պատճառով։
«Բացի այդ, եթե մինչև հիմա ասում էին, որ մամուլը պետք է դնել և «չորով» փակել, հիմա գնում են դատական գործընթացների, սակայն, երբ ԶԼՄ-ները մտնում են դատական գործընթացների մեջ, ունենում են լուրջ խնդիրներ՝ կապված և՛ ժամանակի, և՛ ֆինանսական միջոցների հետ, ինչը հավելյալ ճնշում է»։ Փորձագետը նաև նկատեց, որ նախքան լրատվամիջոցին դատի տալը, պաշտոնյաները կարող էին խնդիրներն այլ կերպ լուծել՝ թույլ չտալով իրենց անվան շահարկումը։
Աղավնի Սուքիասյան