ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանը` «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հայտարարությանը

Լուրեր

08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՆ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:45
Ես բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
08.06.2026 | 03:19
Հետընտրական զարգացումները բացառում եմ, ոչ մի պրոցես չի լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:03
ՀՀ քաղաքացիները քվեարկել են խաղաղության համար. հուսով եմ, որ պիտի դրական ազդակներ լինեն Թուրքիայից և Ադրբեջանից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:01
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյուքները
08.06.2026 | 02:44
ԿԸՀ-ն դեռ տվյալներ չի հայտնել, ինչպե՞ս եք ասում, որ հաղթել եք. Factor TV-ի հարցը` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:28
ՔՊ-ն միանձնյա կձևավորի կառավարություն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:11
Ամփոփվել են 374 տեղամասերի արդյունքներ
08.06.2026 | 01:57
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.06.2026 | 01:33
Որ ուժերն են անցնում խորհրդարան այս պահի տվյալներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հայտարարությանը՝ որտեղ, անդրադառնալով Հայաստանում դատախազության ձևավորման 101-րդ տարեդարձին և «Դատախազության աշխատողի» օրվա առթիվ նախօրեին հրավիրված հանդիսավոր նիստի ընթացքում արտահայտված մտքերին՝ դրանց շրջանակում դատախազության աշխատանքն արդյունավետ գնահատելը որակել է որպես «իրականությունից շատ հեռու» և ներկայացվել որպես «ցանկալին իրականություն ներկայացնելու ավանդույթի» դրսևորում:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Հարգելով ժողովրդավարական հասարակարգում խոսքի և կարծիք արտահայտելու յուրաքանչյուր սուբյեկտի, տվյալ դեպքում նշված կուսակցության իրավունքը՝ այնուամենայնիվ, որպես պարզաբանում, հարկ ենք համարում ընդգծելու, որ հայտարարությամբ արվող որակումների համար բերված երկու այսպես կոչված «փաստարկները» ոչ միայն բացարձակապես անհիմն են, այլև դրանց վերաբերյալ ՀՀ դատախազության ներկայացրած բացատրությունների պարզունակ խեղաթյուրում և դատախազության իրավասություններից և քրեական դատավարության ընթացակարգերից անտեղյակության դրսևորում:

Նախ՝ վկայակոչելով 2008-12թթ կուսակցության կենտրոնական գրասենյակն իրենց կարծիքով ապօրինի առգրավելու համար պետական համապատասխան պաշտոնատար անձանց, դատավորներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի գրությունը՝ կուսակցության հայտարարության մեջ նշվում է, թե ի պատասխան Դատախազությունը հայտնել է, որ «ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում»։ Իրականում Դատախազության պատասխան գրությամբ նշվել է, որ դիմումը չի կարող դիտվել կոնկրետ հանցագործության հատկանիշներ պարունակող և չի կարող դրա հիման վրա քննարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգ սկսելու հարց, քանի դեռ դրանում ընդամենը կարծիք և ենթադրություններ են՝ պաշտոնատար անձանց կողմից ապօրինություններ կատարելու վերաբերյալ որոշակի տվյալների փոխարեն:

Իսկ դիմումում, օրինակ, փաստացի որպես առերևույթ հանցագործության դրսևորում է ներկայացվում կուսակցության քաղաքական խորհրդի անդամների ընդհատակում գտնվելու ընթացքում դատարանի կողմից 2008թ. հոկտեմբերի 29-ի վճռով ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հայցադիմումը դատարանի կողմից բավարարելու հանգամանքը: Ընդ որում՝ նշված չի եղել, թե որոնք են այդ հայցադիմումն ապօրինի համարելու հիմքերը կամ պատճառները: Մինչդեռ պատասխան ՀՀ դատախազության գրությամբ հստակ պարզաբանվել է, որ այն ժամանակ գործող ՀՀ «Դատական օրենսգրքի» 13-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու փաստի առթիվ քրեական հետապնդում չի կարող հարուցվել, եթե այդ ակտը վերադաս դատարանի կողմից բեկանված չէ»:

Իսկ կուսակցության կողմից «ապօրինի» որակվող դատական ակտերը չեն բեկանվել: Որպես Դատախազության արդյունավետությունը վիճարկող երկրորդ փաստարկ, նշում է այն հանգամանքը, թե 2008թ-ի մարտի 1-ին դատախազությունում շտաբ չգործելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի՝ նախօրեին արված պնդումը չի համապատասխանում իրականությանը, և կրկին առանց որևէ փաստ նշելու՝ ընդամենը շարադրվում է հայտարարության հեղինակի կարծիքը, թե գլխավոր դատախազությունում շտաբը գործել է փետրվարի 19-ից, որտեղ որոշվել է «ում նկատմամբ ինչ քրեական գործեր հարուցեն»։

Հայտարարության հեղինակը, հավանաբար, ՀՀ գլխավոր դատախազին շփոթում է քաղաքական կուսակցության ղեկավարի կամ մասնավոր անձի հետ, ովքեր կարող են իրենց թույլ տալ գործված կամ ենթադրյալ հանցագործության մասին հայտարարություններ անել չփաստարկված կարծիքի կամ ենթադրության վրա հիմնվելով, առավել ևս մարտիմեկյան իրադարձություններին առնչվող կարևորագույն քրեական գործի համատեքստում:

ՀՀ գլխավոր դատախազի պնդումը բխել է բացառապես քրեական գործի նախաքննությամբ այս պահի դրությամբ ձեռք բերված փաստական տվյալներից և ապացույցներից, որոնք չեն հաստատում նման շտաբի գոյությունը: Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազը շատ հստակ հայտարարել է, որ նման տվյալներ ձեռք բերվելու դեպքում անխուսափելիորեն հետևելու է հանցավոր գործողություններ թույլ տված անձանց նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը: Եվ եթե «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները ենթադրություններից դուրս, դրա մասին ունեն որոշակի տվյալներ, ոչինչ չի խանգարում դրանք փոխանցել նախաքննություն իրականացնող մարմնին:

Իհարկե, յուրաքանչյուրը սեփական կարծիքը կարող է ունենալ որևէ կառույցի արդյունավետության մասին: Սակայն առնվազն խիստ սուբյեկտիվ պետք է լինել չտեսնելու համար այն ահռելի ծավալի աշխատանքը, որն իրականացվել է ՀՀ դատախազության կողմից բազմաթիվ ուղղություններով: Ընդամենը ցանկություն և անաչառության կամք է հարկավոր, նախքան ապրիորի մեղադրանքներ հնչեցնելը, ծանոթանալու, օրինակ, Դատախազության գործունեության 2018թ. հաղորդմանը կամ գոնե պարբերաբար հետևելու իրականացված և շարունակվող աշխատանքների վերաբերյալ ՀՀ դատախազության կողմից հրապարակվող պաշտոնական հաղորդագրություններին և տեղեկատվությանը: Ինչպես ասում են՝ երբեմն ավելի հեշտ է քննադատողի դիրքերից հանդես գալու համար պարզապես ջայլամի նման գլուխը թաղել ավազի մեջ»,- նշված է պարզաբանման մեջ: