«Ձեր օրը փչացնեմ»․ գլխավոր դատախազը խաչաձև հարցերի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
10.05.2019 | 20:17Նախկին իշխանություններից որևէ մեկը, որը այսօր քրեական հետապնդման տակ է, որևէ կերպ ճնշում գործադրե՞լ է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նկատմամբ։ Այս հարցն այսօր խորհրդարանում հետաքրքիր էր իշխանական պատգամավոր Հայկ Կոնջորյանին։
«Ասենք, օրինակ, Ձեզ խնդրե՞լ են, որ լինեք ավելի մեղմ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Դուք ընտրվել եք նախկին իշխանությունների կողմից»,- հարցնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը։
ՀՀ գլխավոր դատախազն անմիջապես հակադարձում է․ «Ինձ վաղուց չեն խնդրում, պարոն Կոնջորյան, վստահորեն եմ ասում, պատասխանատու կերպով, մարդիկ իմացել են, որ եթե ինձ խնդրում են, դա հակառակ ավարտն է ունենում»։
Արթուր Դավթյանն այսօր խորհրդարանում ամփոփում էր Դատախազության տարեկան գործունեությունը։ Ընդդիմադիր պատգամավոր Արման Բաբաջանյանը գլխավոր դատախազին հերթական անգամ հիշեցնում է, որ նա Սերժ Սարգսյանի կադրն է և վատ չէր լինի իմանալ, թե ո՞ր արժանիքի համար հենց նրան ընտրեց երրորդ նախագահը։
«Եթե Դուք չլինեիք այդ ռեժիմի կամակատարը, արդյոք կնշանակվեի՞ք, կամ կառաջադրվեի՞ք, կամ կընտրվեի՞ք գլխավոր դատախազի պաշտոնում»,- հարցնում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Արթուր Դավթյանը ոչնչով օգնել չի կարող պատգամավորին․ «Ես ինքս երբեք չեմ հարցրել ինձ առաջարկողին, թե ինչ պատճառով ինձ առաջարկվեց, բայց ինձ համար միակ գնահատականը իմ անցած ճանապարհն է Դատախազության համակարգում»։
Իշխանական պատգամավոր Էդգար Առաքելյանին հետաքրքիր էր, թե 2018 թվականի ընթացքում քանի գործող դատախազի նկատմամբ է քրեական գործ հարուցվել։ «Ոչ մի»,- սա է Արթուր Դավթյանի տեղեկությունը։
«Այլևս սրբե՞ր են դատախազները»,– հարցնում է պարոն Առաքելյանը։
«Ես չեմ կարծում, որ մարդիկ երկու տեսակ են լինում՝ սրբեր և կոռուպցիոներներ։ Սրբեր երկրի վրա ինձ հայտնի չեն, այդ թվում դատախազներ»,- իր հոգևոր իմացությունն է ներկայացնում Արթուր Դավթյանը։
Գլխավոր դատախազը որևէ նորություն չուներ պատգամավորների համար հայտնի գաղտնալսումների կամ Դավիթ Սանասարյանի գործով։ Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ուզում էր հասկանալ, թե գլխավոր դատախազն այսօր ինչ է անում Մարտի 1-ի գործով նախկինում բանտարկվածների դեմ հարուցված քրեական գործերի բեկանման համար:
«Սկսվելու է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատավարությունը և համոզված եմ, որ փաստաբանական խումբը փորձելու է օգտագործել այդ ապօրինի շինծու գործերը՝ որպես պաշտպանական միջոց»,– զգուշացնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։
«Էստեղ կան երկու իրավական մեխանիզմներ, առաջինը՝ նոր հանգամանքն է, որի պարզ դրսևորումը ՄԻԵԴ-ի վճիռներն են, բայց ՄԻԵԴ վճիռներն անհատական ակտեր են, բայց էդ վճիռների հիման վրա կարող է վերանայվել կոնկրետ անձի վերաբերյալ դատական ակտը։ Մի անձի վերաբերյալ դատական ակտը չի կարող դրվել մեկ ուրիշի դատական ակտը վերանայելուն։ Երկրորդ հիմքը նոր երևան եկած հանգամանքներն են, նոր գործի քննության ընթացքում ձեռք բերվեցին տվյալներ և պարզվեցին, որ նախկին դատավճռի հիմքում դրված ապացույցը կեղծ է և օբյեկտիվ չէ»,- պարզաբանում է Արթուր Դավթյանը։
Գլխավոր դատախազի տարեկան հաղորդմանը նվիրված ելույթներում էլ անհանգստացնող ոճի պակաս չէր զգացվում։ Արման Բաբաջանյանը պարզապես տրամադրված էր արմատական․ «Ձեր օրը փչացնեմ»։
Պատգամավորն իր խոսքի տերն էր, նա միանգամից նկատեց, որ նախկին իշխանությունների ելույթները լսելիս ափսոսում է, որ թավշյա վերաբերմունքը նրանց հանդեպ մի քիչ շատ է, հատկապես երբ նրանք խոսում են կոռուպցիայի դեմ պայքարից:
«Արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ Գլխավոր դատախազության ՏՏ և անվտանգության վարչության պետի պաշտոնում նշանակել եք Ձեր զարմիկին՝ Սարգիս Թարխանյանին, արդյոք կոռուպցիա չէ՞, որ 2017 թվականին Լոռու մարզի դատախազ եք նշանակել Ձեր զարմիկին՝ Արսեն Մարտիրոսյանին։ Արդյոք կոռուպցիա չէ՞ Տարոն Մարգարյանի կողմից երկու տարի առաջ Ձեզ հատկացված հողատարածքը Աջափնյակ վարչական շրջանում, երկու տարվա ընթացքում Դուք կառուցել եք առանձնատուն, որն արժե կես միլիոն ամերիկյան դոլար»,- թվարկում է Արման Բաբաջանյանը։
«Իմ քայլ»-ական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գլխավոր դատախազին հիշեցրեց, որ հենց նա է դեր ունեցել Հաց բերող Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելու մեջ։ Պատգամավորն ուզում է իմանալ՝ ինչո՞ւ միջոցներ ձեռք չեն առնվել, որպեսզի Հայաստանից չփախչեին բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն ու ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Թագուհի Թովմասյանը հիշեցրեց նաև, որ անցյալ տարի հեղափոխության օրերին, երբ ձերբակալվեց Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում նրան կալանավորելու միջնորդություն էր պատրաստվում ներկայացնել հենց Արթուր Դավթյանը։
«Հետագայում, ինչպես Դուք հայտարարեցիք նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի միջնորդությամբ նրանց կալանքի հարցը դուրս եկավ քաղաքական օրակարգից և ստացվում է, որ ՀՀ գլխավոր դատախազը քաղաքական շարժառիթներով կամ քաղաքական հրահանգներով ուղղորդվող պաշտոնյա է։ Որովհետև եթե կարող է վարչապետը միջնորդել, ասի՝ չէ, պետք չէ, որ էս մարդիկ կալանավորվեն, չկալանավորվեցին։ Եթե միջնորդեր, որ պիտի կալանավորվեին, պիտի կալանավորվեին։ Ես ուզում եմ հասկանալ՝ այս սկզբունքը արդյոք պահպանվելո՞ւ է նոր Հայաստանում և հնարավո՞ր է արդյոք, որ նույն մարդիկ, ում թվարկեցի, էլի ինչ-որ քաղաքական իրավիճակի փոփոխության հետևանքով Ձեր կողմից էլի ներկայացվեն կալանքի»,- փորձում է հասկանալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը։
Գլխավոր դատախազը բավարարվում է ասելով, որ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու միջնորդության մեջ քաղաքական ոչինչ չի եղել և նորից չի լինելու։ Անդրադառնալով Արման Բաբաջանյանի մեղադրանքներին, պարոն Դավթյանը նրան առաջարկում է սուտ մատնության դեպքով հաղորդում ներկայացնել։ Ինքը անպայման կպատասխանի։
Այսքանով ավարտվում է դատախազի տարեկան զեկույցը և հերթական քառօրյան։
Մհեր Արշակյան