Քոչարյանի կալանքի ժամկետը շուտով կլրանա․ ինչո՞ւ են դատավորները խուսափում նրա գործի քննությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
07.05.2019 | 18:52Հայաստանի արդարադատության համակարգի համար իսկական փորձաքար է դարձել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը։ ՀՀ երկրորդ նախագահի գործով, ինչպես նախնական կալանքի փուլում, այնպես էլ հիմա, դատավորները տարբեր պատճառաբանություններով ինքնաբացարկ են ներկայացնում, այսպիսով խուսափելով գործի քննությունն իրենց ուսերին վերցնել։
Երեկ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին։ Վերջինս ամիսներ առաջ հրաժարվել էր քննել Քոչարյանի խափանման միջոց ընտրելու հարցը։ Դավիթ Գրիգորյանին այս գործը մակագրվեց այն բանից հետո, երբ մեկ այլ դատավոր՝ Վարդան Լևոնի Գրիգորյանը ինքնաբացարկ հայտնեց:
Գրիգորյանը նշել է, որ իր ինքնաբացարկի պատճառներից մեկն այն է, որ ինքը 2008 թվականին Մարտի 1-ի գործով անջատված մասերով իրականացրել է այդ գործով երկու մեղադրյալների շահերի պաշտպանություն: Դատավորը նշել է նաև այն, որ 2007 թվականից մինչև 2014 թվականն աշխատել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում, որտեղ մինչև 2013 թվականը պալատի նախագահ է հանդիսացել Քոչարյանի ներկայիս պաշտպաններից Ռուբեն Սահակյանը։
Սահմանադրական կարգը տապալելու և խոշոր չափով կաշառք ստանալու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննելուց՝ դատավոր Դավիթ Գրիգորյանից բացի հրաժարվել էին նաև երկու այլ դատավորներ՝ Նելլի Բաղդասարյանը և Հարություն Մանուկյանը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի կարծիքով՝ դատավորները երկընտրանքի առաջ են, և որպես ելք ընտրում են գործի քննությունից հրաժարվելը․ «Կա՛մ իրենք պետք է կայացնեն ակնհայտ կեղծ դատական ակտ, կա՛մ պետք է հրաժարվեն քրեական հետապնդումից և ընկնեն հասարակական ճնշման, գործադիր իշխանության ճնման տակ։ Այս դեպքում իրենք նախընտրում են ավելի հեշտ մեթոդ՝ խուսափել գործի քննությունից»։
Խուդոյանը նշում է, Քոչարյանի և մյուսների բուն գործի քննության հետ կապված դատավորի պատասխանատվությունը մեծ է և հենց դա է հաճախ պատճառ դառնում, որ դատավորները առիթ են փնտրում ինքնաբացարկ հայտնելու համար․ «Եթե նախկինում որոշ դատավորներ հարցերի անդրադարձ կատարեին, ապա հիմա այս դատավորների համար ավելի հեշտ կլիներ»։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կարծիքով՝ այսօր Հայաստանի դատավորները կաշկանդված են, նրանք արդարադատություն իրականացնել չեն կարող: «Դատավորների մեծ մասը նախկին իշխանությունների դրածոներն են, իսկ նրանք էլ ամեն ինչ արել են դատական համակարգը արատավորելու համար։ Այսօրվա գործող դատավորներից շատերը, շատ-շատերը ներգրավված են եղել արդարադատությանը խոչընդոտելու աշխատանքներում»,- ասաց նա։
Վարդան Հարությունյանի խոսքով՝ արդարադատության հասնելու համար նախ և առաջ պետք է դատավորներին փոխել։ Իրավապաշտպանը հիշեցնում է, որ ոչ վաղ անցյալում նրանք բազմաթիվ անօրինական որոշումներ են կայացրել․ «Մենք չունենք իրոք անկախ դատարան, մենք ունենք իշխանության թելադրանքից դուրս դատավորներ, բայց նրանք կաշկանդված են, նրանց կենսագրությունը իրենց թույլ չի տալիս լինել ազատ»։
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ։ Երկրորդ նախագահի պաշտպանի խոսքով՝ իրենք այս պահին դեռևս հիմքեր չեն տեսնում նոր դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու համար։ Դատավորն ինքը կհետևի՞ իր գործընկերների քայլին, թե՝ ոչ, պարզ կդառնա առաջիկայում:
Իրավիճակի նրբությունը, սակայն, այն է, որ երկրորդ նախագահի կալանքի ժամկետը լրանում է մայիսի 19-ին և եթե մինչ այդ դատական նիստը չկայանա, ապա Քոչարյանը մեկուսարանից ազատ կարձակվի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լիլիթ Շաբոյան