ՀՀ-ի 1000 բնակավայրից 250-ում է գործում առողջության առաջնային պահպանման կենտրոն. քննարկում՝ Factor TV-ի ֆիլմաշարի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
19.03.2019 | 20:47Առողջապահության նախարարի խորհրդականն ու հեռավոր գյուղերի բուժքույրերը նույն սեղանի շուրջ խոսում են ոլորտի խնդիրներից, փնտրում լուծումներ։ Միջնատուն գյուղի և նրա բուժքույր Կարինե Խաչատրյանի պատմությունը Factor TV-ն ներկայացրել է ամիսներ առաջ՝ «Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում» նախագծի շրջանակում։ Միջնատուն գյուղում առողջապահության վիճակը ծայրահեղ բարդ է․
«Չունեմ ոչ մի պայման, չունեմ հասարակ մի տեղ, մի սենյակ, որտեղ կարելի է մատուցել նորմալ առաջին բուժօգնություն։ Էդ դոմիկը, որ տրամադրել են՝ գյուղապետարանն ա, որտեղ մի անկյունում կարողանում ենք տրամադրել բժշկական ծառայություն։ Պայմաններն ահավոր են՝ հասարակ մի տապչան, հասարակ մի լանցետ չունենք, փոքրիկ տնակ է՝ պատերը խոնավ»,- ներկայացրեց Կարինե Խաչատրյանը։
Իսկ ահա Գեղարքունիքի մարզի Մադինա լեռնային գյուղը ձմռանը կտրվում է արտաքին աշխարհից ու թաքնվում խիտ ձյան շերտի հետևում։ Մադինայի բուժքույր Տաթևիկ Հայրապետյանը պատմեց՝ բուժկետը չունի տարրական բժշկական գործիքներ, իսկ դեղորայքը չի բավարարում բնակչության կարիքները․ «Ասում են՝ միջոցները էդքան են, մենք ավել չունենք»։
Քննարկմանը մասնակցող առողջապահության նախարարի խորհրդական Հովհաննես Հարությունյանը հարցրեց, թե ինչ դեղորայք ու սարքավորումներ են նրանց տրամադրում, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց․ «Մեզ տրամադրում են անալգին-դիմեդրոլ, մի ամսվա կտրվածքով մեզ տրամադրում են 5 կամ 10 հատ դեքսամետազոլ, 10 սպրիչ, բինտ՝ 1 հատ կամ 2 հատ»։ Բուժքրոջ թվարկմանն ի պատասխան Հովհաննես Հարությունյանը խոստացավ․ «Ինչ վերաբերվում է դեղորայքային կամ ծախսվող բուժպարագաներին, էս հարցով հենց էսօր կփորձենք զբաղվել, թե դուք իրականում ինչի կարիք ունեք և եթե ունեք՝ ինչու դա ձեզ չի հասնում»։
Քննարկմանը մասնակցող լրագրող Նազելի Ավագյանն ահազանգեց՝ Արտաշատի բուժհաստատությունում օրերս մանկահասակ երեխային երկրորդ անգամ ներարկել են նույն ներարկիչով, իսկ բինտի փոխարեն առաջարկել են անձեռոցիկ․ «Որոշակի վերաբերմունք ցույց տալուց հետո բինտն էլ է հայտնվել, մնացած ամեն ինչն էլ։ Իբր բուժել են երեխայի թոքաբորբ հիվանդությունը, հետո պարզվում է՝ ոչ մի նորմալ դեղ չի ներարկվել, այլ՝ նեոֆիլին և դիմեդրոլ, ամբողջ ձեռքերը կապտացրել են»։ Հովհաննես Հարությունյանը պատասխանեց․ «Իրականում չեմ էլ կարողանում մեկնաբանել այն, ինչ դուք ասացիք, բայց խոսք եմ տալիս՝ ձեր բարձրացրած հարցը լուծում կունենա»։
Բուժքույրերի մեկ այլ դժգոհություն կապված է շտապօգնության ծառայության հետ։ Երբեմն հիվանդները շատ երկար են սպասում բժշկական բրիգադին, իսկ երբեմն՝ ավտոմեքենաները տեղ չեն հասնում։ Նախարարի խորհրդականը պատասխանեց, շտապօգնության համակարգը վերանայվում է․ «Եթե ստացվի էն, ինչ-որ մենք պատկերացնում ենք, ուրեմն մենք կունենանք շտապօգնության ծառայություն, որը կկատարի հենց այն կանչերը, որ իրականում շտապօգնության կարիք ունեն, մենք կունենանք շատ ակտիվ առաջնային պահպանման օղակի բժիշկներ և բուժքույրեր»։
Factor TV-ի հրավիրած քննարկմանը մասնակցող փորձագետները նշեցին՝ համայնքների տարածքային անհամաչափ զարգացման հետևանքներն զգացվում են նաև առողջապահության ոլորտում: «Եթե անձը ունի բժշկական ծառայություններից օգտվելու իրավունք, այդ իրավունքը չպետք է մատչելիության տեսանկյունից տարբերվի տարածքային առումով։ Այսինքն՝ միևնույն որակի և միևնույն պայմաններով բժշկական ծառայություններ պետք է լինեն թե՛ Երևանում, թե՛ հանրապետության մնացած հատվածներում»,- ասաց «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վիոլետա Զոփունյանը։
Հայաստանի 1000 բնակավայրից միայն 250-ում է գործում առողջության առաջնային պահպանման կենտրոն։ Այսինքն՝ բնակավայրերի 75%-ում ապահովված չեն առողջապահական ծառայությունից օգտվելու տարրական պայմաններ։ Ըստ «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի նախագահի՝ գործ ունենք անհամաչափ զարգացման վառ օրինակի հետ․ «Եթե սրան ավելացնելու լինենք, թե ինչ վիճակում են գտնվում նրանք, որոնք գոյություն ունեն, և ինչքանով են պայմանավորված, և ինչքանով են մասնագիտացված աշխատող բուժքույրերը, թեպետ՝ ցանկացած դեպքում նրանք հերոսներ են, ապա կհասկանանք, որ մենք բավականին լուրջ պրոբլեմներ ունենք։ Մենք Հայաստանում ունենք 2 երկիր՝ դինամիկ զարգացող եվրոպական արժեքներով ապրող Երևան և հին, սովետական, իրականությունից հոգնած, ռեսուրսները սպառած երկիր։ Մեր խնդիրը պետք է լինի այս բոլորը հավասարեցնել»,- ասաց Վահան Մովսիսյանը։
Առողջապահության նախարարությունից հավաստիացնում են՝ ոլորտի խնդիրներն իրենց տեսադաշտում են։ Գյուղական բուժկետերն առաջիկայում կստանան համալրումներ:
«Այ, դուք ասացիք՝ բինտ, պարագաներ, ասեմ, որ 615 բուժա-մանկաբարձական կետերի ապահովման համար նախատեսվում է առաջին օգնության հավաքածուի հագեցվածության պայուսակների ձեռքբերում, և դա բաշխվելու է հանրապետության բոլոր բուժա-մանկաբարձական կետերին։ Այսինքն՝ առաջին օգնության հավաքածուն տրամադրվելու է ձեզ»,- հայտարարեց Առողջապահության նախարարության արտահիվանդանոցային բաժնի պետ Քնար Ղոնյանը։
Այսպիսի քննարկումը հնարավոր է դարձել Factor TV-ի «Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում» նախագծի շնորհիվ։ Factor TV-ի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանն արձանագրում է՝ թեև Սահմանադրությունն ամրագրում է քաղաքացիների առողջության պահպանման իրավունքը, իրականությունը, սակայն, խիստ տարբերվում է:
«Ուզում եմ հույս հայտնել, որ եթե մյուս տարի փորձենք շարունակել այս շարքը, որի համար մենք հեղափոխությունից հետո խորագիր ընտրեցինք «Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում», ես հույս ունեմ, որ մեկ-երկու տարի հետո այլևս «հին» բառը չենք օգտագործի և կկարողանանք պատրաստել շարք՝ «Կյանքը նոր Հայաստանի զարգացող գյուղերում» խորագրով»,- ասաց Արևիկ Սահակյանը։
Factor TV-ի պատրաստած 30 ֆիլմերից 10-ը պատմում են մարզերում առողջապահական վիճակի մասին։ Իսկ այս քննարկումը դեռ առաջինն է։ Ֆիլմաշարը շոշափել է նաև Հայաստանի համայնքների կրթական և մշակութային խնդիրները, որոնց վերաբերյալ քննարկումներին ականատես կլինենք առաջիկայում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան