ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է 2018թ․-ին Հայաստան կատարած իր այցի մասին զեկույցը
Քաղաքականություն
29.01.2019 | 14:44Այսօր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է 2018թ․-ի սեպտեմբերին Հայաստան կատարած իր այցի մասին զեկույցը. տեղեկացնում են ԵԽ երևանյան գրասենյակից:
Զեկույցը կենտրոնանում է կանանց իրավունքների, գենդերային հավասարության և ընտանեկան բռնության, անապահով և խոցելի խմբերի մարդկանց իրավունքների և մարդու իրավունքների՝ նախկինում տեղ գտած խախտումների վերաբերյալ հաշվետվողականության հարցերի վրա։
Պարզելով, որ Հայաստանում կանայք շարունակում են զգալիորեն թերներկայացված լինել հանրային որոշումների կայացման գործընթացում՝ Հանձնակատարը կոչ է անում իշխանություններին ապահովել կանանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը, ինչպես նաև հանրային կյանքի բոլոր մակարդակներում առաջնորդության հավասար հնարավորությունները, հավասար վճարումները և աշխատաշուկային հավասար հասանելիությունը։ Շարունակական գենդերային կարծրատիպերը կասեցնելու համար Հանձնակատար Միյատովիչը խորհուրդ է տալիս բարձրացնել հանրային իրազեկության մակարդակը և խթանել գենդերային հավասարությունը, հատկապես՝ կրթության միջոցով։
Ընտանեկան բռնության դեմ Հայաստանի օրենսդրական զգալի բարելավումներն ամրապնդելու համար Հանձնակատարն առաջարկում է վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան՝ միևնույն ժամանակ ապահովելով նոր ազգային օրենսդրության արդյունավետ կիրարկումը։ Մասնավորապես, Հանձնակատարը կոչ է անում իշխանություններին մեծացնել ընտանեկան բռնությունից տուժածների համար ապաստարաններում տեղերի հասանելիությունը և ապահովել կրթության հասանելիությունը այսպիսի ապաստարաններում գտնվող երեխաների համար ։
Զեկույցը կենտրոնանում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, տարեցների և ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների վրա։
Ողջունելով իշխանությունների՝ հաշմանդամության ունեցող անձանց ապաինստիտուցիոնալացնելու հստակ հանձնառությունը՝ հանձնակատարը միևնույն ժամանակ առաջարկում է պետական աջակցությունը կարգավորող վերանայված օրենսդրությամբ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը իրենց իսկ վերաբերող բոլոր որոշումների կայացման գործընթացներում։ Մասնավորապես, նա կոչ է անում իշխանություններին վերջ դնել հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց համար լիակատար խնամակալությանը և անցում կատարել անձի փոխարեն կայացվող որոշման մոդելից օժանդակությամբ սեփական որոշում կայացնելու մոդելին այն անձանց համար, ովքեր հավանաբար ունենան դրա կարիքը։
Հանձնակատարը քաջալերում է կառավարությանը հասնել իր կողմից սահմանված, մինչև 2025թ․-ը ողջ կրթական համակարգը ներառական դարձնելու նպատակին և առաջարկում է հատուկ ուշադրություն դարձնել ներառական կրթության ապահովմանը նախադպրոցական մակարդակում, ինչպես նաև ձգտել ապաինստիտուցիոնալացման հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար հավասարապես։ Նա նաև առաջարկում է, որ Հայաստանն ամրապնդի այս ոլորտում միջազգային չափորոշիչների նկատմամբ իր ստանձնած հանձնառությունը՝ ընդունելով Վերանայված Եվրոպական Սոցիալական Խարտիայի լրացուցիչ դրույթները և վավերացնելով անհատական և կոլեկտիվ բողոքների հնարավորություն ընձեռող գործիքները։ Հանձնակատարը ողջունում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հայտնի ակտիվիստին վերջերս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում նշանակելը և քաջալերում է կառավարությանը լրացուցիչ գործողություններ իրականացնել՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին հանրային իրազեկության բարձրացման նպատակով։
Հանձնակատար Միյատովիչն առաջարկում է Հայաստանին ընդլայնել իր ջանքերը՝ պայքարելու երեխաների աղքատության դեմ և երաշխավորելու բոլոր երեխաների համար համապատասխան կենսամակարդակ։ Նա մասնավորապես մտահոգված է սոցիալ-տնտեսական դժվարություններ ունեցող ծնողների կողմից երեխաներին պետության հոգածությանը հանձնելու հանգամանքով։ Նա քաջալերում է իշխանություններին ընդլայնել իրենց ջանքերը՝ հատկացնելով ռեսուրսներ, որպեսզի ծնողները նորից ստանձնեն իրենց երեխաների խնամքը, միևնույն ժամանակ խթանելով խնամակալ ընտանիքների կողմից խնամքը, այդ թվում նաև՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար, այն դեպքերում, երբ սա բխում է երեխայի լավագույն շահից։ Հանձնակատարը նաև առաջարկում է Հայաստանին բարելավել բոլոր երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանող իր օրենսդրությունը՝ մասնավորապես վավերացնելով Եվրոպայի խորհրդի Լազարոտեի կոնվենցիան։
Հայաստանում տարեց անձանց սոցիալական պաշտպանության համապատասխան մակարդակի ապահովման նպատակով Հանձնակատարը առաջարկում է բարձրացնել ծերության կենսաթոշակի ընդհանուր մակարդակը, ընդլայնել առաջնային և մասնագիտացման առողջապահական ծառայությունների հասանելիությունը տանը և համայնքում, ինչպես նաև լուծել գերիատրիկ ծառայությունների մատուցման գործում մասնագիտացված բժշկական անձնակազմի պակասի հարցը։
Հանձնակատարն այնուհետ առաջարկում է իշխանություններին արագորեն ընդունել խտրականության դեմ համակողմանի օրենք, որը պետք է հստակ հղում պարունակի սեռական կողմնորոշմանը և գենդերային ինքնությանը։ Նա կոչ է անում իշխանություններին արագ և վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց դեմ բռնության, ատելության խոսքի և ատելության հանցագործությունների բոլոր դեպքերի դեմ։ Այսպիսի դեպքերը պետք է վճռականորեն դատապարտվեն և հետաքննվեն, իսկ դրանց համար պատասխանատուները՝ ենթարկվեն դատական կարգով հետապնդման։ Նա նաև կոչ է անում ԱԺ պատգամավորներին աներկբայորեն մերժել ցանկացած օրենսդրական առաջարկ, որը կարող է ոտնահարել ԼԳԲՏԻ անձանց իրավունքները կամ հրահրել տրամադրություններ ԼԳԲՏԻ անձանց դեմ։
Վերջապես, Հանձնակատար Միյատովիչը ողջունում է այն քայլերը, որոնք իրականացվել են ճշմարտությունը վերջապես հաստատելու և 2008թ․-ի մարտ ամսին տեղի ունեցած բռնի գործողությունների ժամանակ զոհերի համար պատասխանատուներին դատական կարգով հետապնդելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ նա ընդգծում է, որ կարևոր է այս գործընթացն իրականացնել զգուշորեն և խստագույնս հավատարիմ մնալով իրավունքի գերակայության, դատական անկախության, թափանցիկության և արդար դատաքննության երաշխավորման սկզբունքներին, որպեսզի բացառվի ենթադրյալ վրեժի քաղաքականության կամ ընտրովի արդարադատության որևէ մեղադրանք: Նա նաև կոչ է անում Հայաստանի իշխանություններին պաշտպանել քրեական հանցագործության մեջ մեղադրվող ցանկացած անձի անմեղության կանխավարկածը և հասարակական դիսկուրսում խուսափել բևեռացնող, խարանող կամ հրահրող ձևակերպումներից, ինչը, ըստ Հանձնակատարի, խոչընդոտ է համախմբված հասարակություն ձևավորելու և անցյալի պառակտումները հաղթահարելու համար: