27-ով ավելի նախորդ ԱԺ-ից. մանդատները ստացած նորընտիր պատգամավորները՝ անելիքների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
10.01.2019 | 20:00Յոթերորդ գումարման Ազգային ժողովն այլևս իրականություն է։ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում նորաթուխ պատգամավորներն այսօր ստացան պատգամավորական մանդատները։ Այս տարի ԿԸՀ-ն մանդատների բաշխման կարգում նորամուծություն էր արել։ Պատգամավորները մանդատ ստացան անմիջապես քաղաքացիներից։ 103-ամյա Բավական Փիլոյանը արտահերթ ընտրություններին մասնակցած ամենատարեց ընտրողն է։ Նա Երևան է եկել Լոռու մարզի Սարահարթ համայնքից։ Բավական տատը մանդատ հանձնեց ԼՀԿ-ական Գուրգեն Բաղդասարյանին։
Մանդատների հանձնումը տևեց մոտ 3 ժամ։ Այս խորհրդարանը կունենա 132 պատգամավոր՝ 27-ով ավելի, քան՝ նախորդը։
«Բարգավաճ Հայաստանից» մանդատ ստանալու չէին ներկայացել Գագիկ Ծառուկյանն ու նրա՝ պատգամավոր դարձած թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը։ Նրանց ու մյուս բացակաների մանդատները կփոխանցվեն խմբակցություններին։
«Իմ քայլը» դաշինքը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում կառաջադրի Արարատ Միրզոյանի թեկնածությունը։ Վերջինս շտապեց հերքել մի լրատվամիջոցի հրապարակում, թե ինքը ծրագրում է որպես ԱԺ խոսնակ գնել թանկարժեք ավտոմեքենա․ «Երեկ, երբ ֆեյսբուք մտա, հասկացա, որ գնել եմ մի «Մերսեդես», հետո ունեցել եմ զրահապատ «Մայբախ», օրվա վերջին՝ F-16-երով ուղեկցվող սուզանավեր, հետո իմացա իմ հոգևոր կրթություն ստանալու, պլաստիկ վիրահատության մասին, հետաքրքիր էր»։
Լրագրողները Արարատ Միրզոյանին հիշեցրին ՀՀԿ-ական իշխանության օրոք արված մի հայտարարություն, որ Ոստիկանությունը և ԱԱԾ-ն պիտի չլինեն վարչապետի ղեկավարության ներքո։ ԱԺ ապագա նախագահն այսօր փոքր-ինչ մտափոխվել է․ «Անկեղծ ասած ես կարծում եմ՝ ԱԱԾ-ն, այնուամենայնիվ, պետք է մնա վարչապետի ենթակայության ներքո, իսկ Ոստիկանության մասը դեռ կարելի է քննարկել»։
Պարոն Միրզոյանը բացահայտեց «Իմ քայլը» դաշինքի դիրքորոշումը, թե ԲՀԿ-ից կամ «Լուսավոր Հայաստանից» ում պետք է բաժին հասնի 3-րդ փոխխոսնակի պաշտոնը․ «Մենք իրավունք չունենք խախտել ժողովրդի քվեարկությամբ որոշված համամասնությունը և խառնվել ընդդիմության գործերի մեջ»։
ԱԺ փոխխոսնակի պաշտոնում Մանե Թանդիլյանի թեկնածությունն առաջադրած «Լուսավոր Հայաստան»-ում դեմ են «Իմ Քայլը» դաշինքի առաջարկած այս սկզբունքին։
«Տրամաբանություն չկա դրա տակ Սահմանադրությունն այլ բան է ասում, ՀՀԿ քաղաքական տրադիցիաները պահելն այլ բան է»,- ասում է Էդմոն Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստանը» քննարկել է ԱԺ նախագահի թեկնածու առաջադրելու տարբերակը, բայց դա չեն անի։ Իսկ իրենց թեկնածուին չսատարելու համար ԵԼՔ-ի նախկին դաշնակիցներից չեն վիրավորվում․ «Հո հորոխպորս տղեքը չեն, որ վիրավորվեմ»,- ասում է պարոն Մարուքյանը։
7-րդ գումարման խորհրդարանի հասցեին ամենից հաճախ հնչող քննադատությունն այն է, որ «Լուսավոր Հայաստանն» ու ԲՀԿ-ն չեն կարողանա «Իմ քայլին» լիարժեք ընդդիմություն լինել։ Գյումրիից ընտրված ԲՀԿ-ական Վարդան Ղուկասյանը համաձայն չէ․ «Մենք ընդդիմություն ենք լինելու, թե կոալիցիա, էս պահին պատրաստ չեմ դա ասելու, բայց որ կառուցողական ենք լինելու, դա փաստ է։ Եվ ընդհանրապես, ծառին քամի է պետք, որպեսզի ծառն ուժեղացնի իր արմատները»։
Քննադատություններից չի խուսափել մյուս 2 խմբակցություններից կրկնակի շատ՝ 88 պատգամավոր ունեցող «Իմ քայլը» դաշինքը։ ԱԺ փոխխոսնակի պաշտոնի հավակնորդ Ալեն Սիմոնյանը հակադարձում է պնդմանը, թե քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի կամքով․ «Ի պատիվ պարոն Փաշինյանի, պետք է ասեմ, որ նա թիմային աշխատող է և բազմաթիվ դեպքեր են եղել, որ թիմի կարծիք է հայտնել ու այն եղել է գերիշխող, որ այստեղ նույնը կլինի»։ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ որպես ԱԺ մեծամասնություն «Իմ քայլը» տարբերվելու է ՀՀԿ-ից․ «Աստված մի արասցե՝ մենք Հանրապետականի նման իշխանություն լինենք, մենք պատրաստվում ենք լինել ժողովրդավար, բաց, համագործակցող իշխանություն»։
«Իմ քայլը» դաշինքը միապետական հակումներով չի տառապելու, հավաստիացնում է այդ ուժի նորընտիր պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ Նա իրենց ու Հանրապետականների իշխանությունը համեմատելու եզրեր չի տեսնում․ «Եթե նախկինում քվե ստացած պատգամավորները պատասխանատու էին թաղային հեղինակություններին, ընտրակաշառք տված անձանց, ապա մենք պատասխանատու ենք բոլորին՝ ՀՀ քաղաքացիներին»։
Յոթերորդ գումարման Ազգային ժողովն առաջին նիստը կգումարի հունվարի 14-ին։ Ըստ արարողակարգի՝ այդ օրը խորհրդարանի ամբիոնից կհնչի նախագահի ու կաթողիկոսի խոսքը, հետո՝ պատգամավորները կերդվեն բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները։ «Իմ քայլի»՝ 70% ձայնով բացարձակ հաղթանակի շնորհիվ Նիկոլ Փաշինյանը ոչ թե կընտրվի վարչապետ պատգամավորների կողմից, այլ նրան այդ պաշտոնում կնշանակի հանրապետության նախագահը։
Ռոբերտ Անանյան