Ավարտվել է հայկական երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը
Քաղաքականություն
27.11.2026 | 15:47
Հայկական երկաթուղու կառավարման և զարգացման հարցերով ստեղծված հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումն ավարտվել է։ Այս մասին Factor TV-ին հայտնեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ նշելով, որ հանդիպման արդյունքների վերաբերյալ ավելի ուշ պաշտոնական հաղորդագրություն կհրապարակվի։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօրվա հանդիպումն անցկացվել է նախորդից ավելի նեղ կազմով։ Հայկական կողմից աշխատանքային խումբը ղեկավարում է ՏԿԵ նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը։
Նախորդ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել էին հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման արդյունավետությանը, երկաթուղային ցանցի զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Երասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման երկաթուղային հատվածների վերականգնմանը։
Հիշեցնենք՝ հայկական երկաթուղին 2008 թվականից 30 տարի ժամկետով հանձնվել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարմանը։ Երևանն ավելի վաղ առաջարկել էր հայկական երկաթուղու կառավարումը փոխանցել Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի։
Հայ-ռուսական աշխատանքային խումբը ձևավորվել է հոկտեմբերին՝ երեք ամիս ժամկետով։ Խմբի խնդիրն է ուսումնասիրել հայկական երկաթուղու գործունեությանն առնչվող խնդիրները և առաջարկներ մշակել դրա մրցունակության բարձրացման ուղղությամբ։
Եվգենյա Համբարձումյան

