20 000 կարմրախայտի մանրաձուկ է Գետիկ բաց թողնվել. ՇՄ նախարար
Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Գետիկ գետ է բաց թողնվել շուրջ 20 000
կարմրախայտի մանրաձուկ։ Այս մասին տեղեկացրել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Այսօր մեկնարկել է աննախադեպ նախաձեռնություն՝ ուղղված Հայաստանի բարձր լեռնային
գետային էկոհամակարգերում կարմրախայտի բնական պաշարների վերականգնմանը։
Երկար տարիների ընթացքում առաջին անգամ, ձկնատեսակի վերարտադրությանն ուղղված
հետևողական աշխատանքների արդյունքում, Գետիկ գետ է բաց թողնվել շուրջ 20 000
կարմրախայտի մանրաձուկ։
Մանրաձկներն աճեցվել են «Սևանի իշխան» ՓԲԸ-ի մանրաձկան արտադրության գործարանում՝
Հայաստանի տարբեր գետային էկոհամակարգերից հավաքագրված կարմրախայտի մայրական
կազմից։
Ծրագիրը շարունակական է լինելու՝ տարեցտարի ընդլայնելով ինչպես մանրաձկների
բացթողնման աշխարհագրությունը, այնպես էլ դրանց քանակը։
Սա կարևոր քայլ է Հայաստանի գետային էկոհամակարգերի կենսաբազմազանության
վերականգնման, կարմրախայտի բնական պաշարների համալրման և մեր բնական ժառանգության
պահպանության ուղղությամբ»,- գրել է նախարարը։

