Թրամփը հայտարարել է, որ Պուտինին կոչ է արել դադարեցնել Եվրոպայում «ռազմական ագրեսիան»
Քաղաքականություն
27.11.2026 | 11:45
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 26-ին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել «դադարեցնել Եվրոպայի դեմ ռազմական ագրեսիան»։ Սա Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ նրա հռետորաբանության հերթական փոփոխությունն է. անցյալ շաբաթ Թրամփը Պուտինին իր ընկերն էր անվանել, գրում է Le Monde-ը։
Թրամփը նշել է, որ այդ խնդրանքը Պուտինին ներկայացրել է անցյալ շաբաթ Չինաստանում նրանց հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ իր կարծիքով՝ դա կնպաստի Մոսկվայի՝ Ուկրաինայում վարած երկարատև պատերազմն ավարտելու շուրջ համաձայնության հասնելուն։
ԱՄՆ նախագահի հայտարարությունները հնչել են Ֆլորիդայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից մեկ օր անց։ Հանդիպումից հետո պաշտոնյաները համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Ռուսաստանին չընդլայնել Ուկրաինայում պատերազմը։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Չինաստանում ունեցած զրույցների ընթացքում ես բավականին երկար խոսել եմ այն մասին, որ կցանկանայի՝ նախագահ Պուտինը դադարեցներ Եվրոպայի տարածքներում իրականացվող ռազմական ագրեսիան»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփի խոսքով՝ ինքը դա արել է՝ «հույս ունենալով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր կլինի արագ համաձայնության հասնել»։
«Ես իսկապես կարծում եմ, որ դա միանգամայն իրատեսական հնարավորություն է»,- հավելել է նա։
Հայտարարության մեջ չի հստակեցվել, թե հատկապես որ տարածքները նկատի ուներ Թրամփը։ Նա նաև ուղղակիորեն չի հիշատակել Ուկրաինան, որի վրա Ռուսաստանը հարձակվել է 2022 թվականի փետրվարին՝ սկիզբ դնելով Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենամեծ զինված հակամարտությանը։
Եվրոպական երկրներն ավելի ու ավելի են անհանգստանում ռուսական կողմի գործողությունների կապակցությամբ, որոնք սադրանք են որակում։ Դրանց թվում են անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի տարածքում ռուսական երեք թևավոր հրթիռների ընկնելու դեպքերը։
Հինգշաբթի Ֆլորիդայում իր Մար-ա-Լագո նստավայրում լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, որ վստահ չէ՝ արդյո՞ք Պուտինը հաջորդ ամիս Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին կմասնակցի, սակայն հավելել է. «Եթե նա ցանկանա գալ, ապա, իհարկե, կարող է»։
Հինգշաբթի պատասխանելով այս շաբաթվա ընթացքում իր հռետորաբանության ակնհայտ կոշտացման մասին հարցին՝ Թրամփն ասել է. «Չգիտեմ՝ արդյո՞ք ավելի կոշտ էի։ Այսինքն, կարծում եմ՝ հենց ես եմ նրանց հակատանկային զենքերը տվել, այնպես չէ՞»։
Թրամփը հաճախ է վկայակոչում Ուկրաինային Javelin հակատանկային հրթիռների վաճառքը հաստատելու իր որոշումը նախագահական առաջին ժամկետի ընթացքում՝ պնդելով, որ դա փրկել է երկիրը Ռուսաստանի նախնական հարձակումից, ասվում է հրապարակման մեջ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

