Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է Երևանում՝ Մելքումով 17/8 հասցեում գործող Դայան Սիրանուշ անհատ ձեռնարկատիրոջ թռչնամսի արտադրամասի գործունեությունը։
Տեսչական մարմնի իրականացրած ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրամասում խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները։
«Մասնավորապես, արտադրական տարածքների կառուցվածքը, դասավորվածությունն ու չափսերը չեն ապահովել հումքի, սննդամթերքի, մաքուր և աղտոտված գույքի հոսքերի տարանջատումը՝ խաչաձև աղտոտումը բացառելու համար։
Բացի այդ, արտադրամասը չի ունեցել մեխանիկական օդափոխության համակարգ, ինչպես նաև ձեռքերի լվացման համար նախատեսված՝ տաք և սառը ջրով ապահովված լվացարաններ, լվացման միջոցներ և ձեռքերը չորացնելու սարքեր։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

