Մասկը խոստացել է ԱՄՆ-ում յուրաքանչյուր երեխայի SpaceX-ի երկուական բաժնետոմս նվիրել
Քաղաքականություն
26.11.2026 | 14:05
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի կնվիրի SpaceX ընկերության երկուական բաժնետոմս, փոխանցում է Meduza-ն։
«Ամերիկայի յուրաքանչյուր երեխա կստանա SpaceX-ի երկու բաժնետոմս․ մեկը՝ ընկերության, մյուսը՝ անձամբ իմ կողմից»,- գրել է նա X-ում։
Մասկը հստակեցրել է, որ SpaceX-ի կողմից բաժնետոմսը կփոխանցվի 2026 թվականի դեկտեմբերին, իսկ իր անձնական փաթեթից հատկացվող բաժնետոմսը՝ 2027 թվականի հունիսին, երբ կավարտվի բաժնետոմսերի վաճառքի արգելքի (lock-up) ժամկետը։
Հոկտեմբերի 19-ին Մասկը հայտարարել էր, որ Ամերիկայի յուրաքանչյուր երեխայի կնվիրի SpaceX-ի մեկ բաժնետոմս։ ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի գնահատմամբ՝ երկրում ապրում է շուրջ 72 միլիոն երեխա։ Այս տվյալների և SpaceX-ի բաժնետոմսերի ներկայիս արժեքի հիման վրա նախաձեռնության ընդհանուր արժեքը կկազմի 18 միլիարդ դոլար, գրում է Axios-ը։
Մասկի կարողությունը գնահատվում է 824 միլիարդ դոլար։ 2026 թվականի հուլիսի դրությամբ՝ նրան էր պատկանում SpaceX-ի շուրջ 6,42 միլիարդ բաժնետոմս։
Նոյեմբերի 25-ին SpaceX-ը հայտարարել է, որ յուրաքանչյուր գործող «Թրամփի հաշվի» (Trump Account) համար կհատկացնի մեկ նոր թողարկված A դասի սովորական բաժնետոմս։ Մասկն անձամբ նույնքան բաժնետոմս կավելացնի իր սեփական փաթեթից։
«Թրամփի հաշիվները» մինչև 18 տարեկան ամերիկացիների համար նախատեսված ներդրումային հաշիվներ են, որոնք կարող են համալրել ծնողները, գործատուներն ու բարեգործական կազմակերպությունները։ 2025-2028 թվականներին ծնված երեխաների համար նախատեսված է պետության կողմից 1000 դոլարի սկզբնական ներդրում։ Ծրագրի նպատակն է երկարաժամկետ խնայողությունների ձևավորումը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

