Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Քաղաքականություն
19.11.2026 | 21:43
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի ԵՏՀ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները՝ հատկապես ջրային ռեսուրսների կայուն կառավարման, անդրսահմանային ջրային համագործակցության և ջրային էկոհամակարգերի պահպանության ուղղություններով։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։
«Դմիտրի Մարիյասինը շնորհավորել է Հայաստանին Երևանում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) պատշաճ մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու կապակցությամբ՝ ընդգծելով համաժողովի կարևորությունը կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական օրակարգի առաջմղման գործում։
Վերջինս շնորհակալություն է հայտնել շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանին՝ Էսպոյի կոնվենցիայի (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիա՝ անդրսահմանային համատեքստում) նախագահությունը ստանձնելու համաձայնության համար՝ կարևորելով Հայաստանի ներգրավվածությունը կոնվենցիայի աշխատանքներում և բնապահպանական հարցերի շուրջ միջազգային համագործակցության ամրապնդման գործում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության ոլորտին։
Կարևորվել է ջրային ոլորտում առկա համագործակցության ներուժի լիարժեք օգտագործումը, այդ թվում՝ համատեղ նոր ծրագրերի և նախաձեռնությունների մշակման միջոցով։ Անդրադարձ է կատարվել ջրային ռեսուրսների կայուն կառավարման, անդրսահմանային ջրային համագործակցության, ջրային էկոհամակարգերի պահպանության, ինչպես նաև կլիմայի փոփոխության պայմաններում ջրային ռեսուրսների նկատմամբ դիմակայունության բարձրացման ուղղություններով գործնական համագործակցության հեռանկարներին»,- ասվում է հաղորդագրությունում։

