«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
«Կաշկանդված եմ դատավորի էթիկայի և վարքագծի կանոններով, բայց խոսելու ժամանակը կգա»,- Factor TV-ի հետ զրույցում Երևանի քրեական դատարանի դատավոր Գևորգ Պողոսյանն այսպես արձագանքեց իր մեղադրանքի վերաբերյալ հարցին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գլխավոր դատախազը Բարձրագույն դատական խորհրդին միջնորդել է թույլատրել քրեական հետապնդում հարուցել Երևանի քրեական դատարանի դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի նկատմամբ։ Նրանց մեղադրանք է ներկայացվել և լիազորությունները կասեցել են՝ մինչև վարույթի ավարտը։
Լիազորությունները կասեցված դատավորը շարունակում է պահպանել դատավորի կարգավիճակը, ուստի՝ պետք է հետևի նաև դատավորի էթիկայի և վարքագծի կանոններին։ Այս հանգամանքով պայմանավորված՝ Գևորգ Պողոսյանը այս փուլում գործի վերաբերյալ մեկնաբանություններ չտվեց։
Մասիս Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ զգուշացվել է նախաքննության տվյալ չհրապարակելու վերաբերյալ, իսկ մեր հարցերի ցանկացած պատասխան առնչվելու է նախաքննության տվյալներին։
Նշենք, որ դատավոր Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Մի խումբ անձինք, ինչպես պարզվում է, Մելքոնյանի աշխատակազմի անդամներն են․ նրանց ևս մեղադրանք է ներկայացվել, իսկ Գևորգ Պողոսյանին մեղադրում են այս արարքի դրդչության մեջ։
Դատական օրենսգրքի 51-րդ հոդվածով սահմանվում են դատավորի անձեռնմխելիության երաշխիքները։ Այս հոդվածի ներքո նաև սահմանվում է, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: Սակայն իրավապահները, որոնք դատավորներից խիստ կարգապահություն են ակնկալում, այս գործի հանգամանքները դարձրին հանրության սեփականությունը՝ ընդ որում՝ խեղաթյուրված և այն շեշտադրմամբ, որ Գևորգ Պողոսյանի դրդմամբ Մասիս Մելքոնյանը փոխել է իր վարույթում գործերով մեկով անցնող անձի խափանման միջոցը։
Չնայած այն հանգամանքին, որ Գևորգ Պողոսյանին մեղադրում են դրդչության մեջ՝ իրավապահների ուշադրության կենտրոնում ի սկզբանե եղել է Մասիս Մելքոնյանը։ Նրա նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվել, և դրվագներից մեկում, բոլորովին այլ գործով, հայտնվել է Գևորգ Պողոսյանը։
Մեզ հայտնի են դարձել գործով որոշ հանգամանքներ, որոնք հարցեր են առաջացնում ոչ միայն դատավորներին վերագրվող արարքում հանցակազմի առկայության, այլև վարույթի օրինականության վերաբերյալ առհասարակ։
Գևորգ Պողոսյանը տեղյակ չի եղել գրավ կիրառելու միջնորդությունը ներկայացնելու մասին
Ինչպես արդեն նշեցինք, դատավոր Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Ըստ մեղադրանքի՝ Մելքոնյանը Գևորգ Պողոսյանի խնդրանքով իր վարույթում քննվող գործերից մեկով մեղադրյալի խափանման միջոց բացակայելու արգելքը փոխել է գրավով։ Խոսքը մեղադրյալ Ա․Հ․-ի մասին է, որը մեղադրվել է վարորդական վկայականից զրկված լինելով, մեքենա վարելու մեջ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով։ Իրավապահներին այս հանգամանքն, ըստ գործի, հայտնի է դարձել Մելքոնյանի նկատմամբ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների միջոցով։
Մինչդեռ իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հենց նույն ՕՀՄ արձանագրություններից երևում է, որ Գևորգ Պողոսյանը Մասիս Մելքոնյանին չի խնդրել որևէ անձի խափանման միջոց փոխել։ Գևորգ Պողոսյանը Մասիս Մելքոնյանին ընդամենը խնդրել է նիստ նշանակել․ մի արարք, որը կարող է կատարել դատական ոլորտում աշխատող ցանկացած անձ։
Եթե ընդունենք, որ Գևորգ Պողոսյանին վերագրվող արարքը հանցակազմ է պարունակում, ապա այս հոդվածով կարելի է քրեական հետապնդում հարուցել ոչ միայն Մելքոնյանի և Պողոսյանի, այլ նաև հարյուրավոր այլ անձանց՝ փաստաբանների, դատախազների և դատավորների նկատմամբ։
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ նշանակված նիստի ընթացքում Մասիս Մելքոնյանը քննել և մերժել է մեղադրյալի խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու միջնորդությունը։
Դրան հաջորդել է մեղադրանքի կողմից ներկայացված նոր միջնորդություն՝ բացակայելու արգելքը վերացնելու և մեղադրյալի նկատմամբ գրավ կիրառելու մասին։ Այսինքն՝ եթե առաջին դեպքում Մասիս Մելքոնյանին միջնորդել էին բացակայելու արգելքը վերացնել, ապա երկրորդ միջնորդությամբ արդեն ներկայացվել է բացակայելու արգելքը վերացնելու և մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար մեկ այլ խափանման միջոց՝ գրավ կիրառելու միջնորդություն։ Վարորդական վկայականից զրկված մեքենա վարելու համար պրակտիկայում նշանակում է 375 000 դրամ տուգանք։ Մելքոնյանին միջնորդություն է ներկայացվել 1․200 000 դրամ գրավ կիրառելու վերաբերյալ։ Այս անգամ Մասիս Մելքոնյանը միջնորդությունը բավարարել է, բացակայելու արգելքը վերացրել է, գրություն է ուղարկել, որպեսզի բացվի մեղադրյալի ՍԷԿՏ համակարգը և նա հնարավորություն ունենա մի քանի օրով դուրս գալու ՀՀ-ից և, փաստորեն, 375 000 դրամ տուգանք նախատեսող արարքի համար 1 200 000 դրամ գրավ է կիրառել։ Ընդ որում՝ պետք դիտարկել, որ եթե մեղադրյալը մեկներ և չվերադառնար, այսինքն՝ խախտեր իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի պայմանը, ապա նրա վճարած 1 200 000 դրամ գրավը, օրենքի համաձայն, պետք է անցներ պետությունը։
Հատկանշական է այն հանգամանքը, որ Գևորգ Պողոսյանը բացակայելու արգելքը վերացնելու երկրորդ միջնորդության նիստ նշանակելու, Մասիս Մելքոնյանի կողմից գրավ կիրառելու հանգամանքների մասին տեղեկություն չի ունեցել, ինչն արձանագրվել է հենց օպերատիվ հետախուզական միջոցառումներով։
Այն բանից հետո, երբ Մելքոնյանը բավարարել է միջնորդությունը, Պողոսյանը գնացել է Մելքոնյանի աշխատասենյակ և նրան հայտնել, որ տեղեկացել է որոշման մասին, նաև նշել է, որ ինքը տեղյակ չի եղել միջնորդությունը ներկայացնելու մասին։
2 մլն դրամ կաշառք՝ 375 հզ դրամ տուգանք նախատեսող արարքի համար
Մելքոնյանի նկատմամբ, ինչպես արդեն նշեցինք, օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացել։ Ի թիվս այլ ՕՀՄ-ների, իրականացվել է նաև նրա աշխատասենյակում ներքին դիտում։ ՕՀՄ-ների շարքում ներքին դիտումն այն միջոցառումներից է, որ կարող է իրականացվել միայն դատարանի թույլտվությամբ։ Օրենսդրի նման մոտեցման պատճառն այն է, որ այս միջոցառումն իր տեսակով առավել ինտենսիվորեն է միջամտում անձի անձնական կյանքին, ուստի՝ որպես անձի անձնական կյանքի անձեռնմխելության լրացուցիչ երաշխիք այս միջոցառումն իրականացվում է բացառապես դատարանի թույլտվությամբ։ Բայց առավել ուշագրավ է այն հանգամանքը, թե ինչու են որոշել ՕՀՄ իրականանցրել Մելքոնյանի նկատմամբ։
Ինչպես պարզվում է՝ ԱԱԾ-ին հայտնի է դարձել օպերատիվ տվյալ այն մասին, որ Մասիս Մելքոնյանը 2 մլն դրամ կաշառք է պահանջել մի գործով, որի համար, ինչպես արդեն նշեցինք, տուգանք է սահմանվում 375 000 դրամի չափով։ Այս հիմքով Մելքոնյանի նկատմամբ ՕՀՄ իրականացնելու թույլտվություն ստանալու համար միջնորդություն է ներկայացվել դատարան, որը դատավոր Ժորա Չիչոյանը բավարարել է։
ՕՀՄ իրականացնելու թույլտվության հարց քննարկելիս դատարանը ոչ թե մեխանիկորեն բավարարում է միջնորդությունը, այլ պետք է քննարկման առարկա դարձնի, կա՞ արդյոք միջոցառումն իրականացնելու օրինական հիմք, անհրաժեշտություն կա՞ այդ միջամտության, համաչա՞փ է արդյոք միջամտությունը հետապնդվող նպատակին, հնարավոր չէ՞ արդյոք անհրաժեշտ տեղեկությունն ստանալ ավելի քիչ միջամտող եղանակով։ Այսինքն՝ Ժորա Չիչոյանը, այս հարցերին պատասխանելով՝ եկել է եզրահանգման, որ պետք է թույլատրի Մելքոնյանի անձնական կյանքի նկատմամբ նման միջամտությունը։
Հարց է առաջանում, թե ինչու պետք է մեղադրյալը ցանկություն ունենար 375 000 դրամ տուգանք վճարելու փոխարեն դրանից 5․5 անգամ ավելի գումար՝ 2 000 000 դրամ կաշառք տալ դատավորին․ այս մոտեցումը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Նշենք նաև, որ հենց իրավապահները հետագայում ընդունել են, որ Մելքոնյանի կողմից կաշառք ստանալու հանգամանքը հերքվել է․ այս մասին գործում տվյալներ կան։
Եթե Մասիս Մելքոնյանը և Գևորգ Պողոսյանը համարեին, որ իրենց կողմից կատարվածը անօրինական է, հանցանք է, ապա ինչո՞ւ պետք է այս խոսակցությունները վարեին Մելքոնյանի աշխատասենյակում։
Մեղադրյալի պաշտպանը Factor TV-ից տեղեկացավ, որ իր Մելքոնյանի նկատմամբ հետապնդումը իր պաշտպանյալի գործով է
Գործի հանգամանքների պարզաբանման նպատակով կապ հաստատեցինք նաև Մասիս Մելքոնյանի վարույթի գործով մեղադրյալ Ա․ Հ․-ի պաշտանի հետ։ Վերջինս մեծ դժվարությամբ հիշեց գործը և մեզնից տեղեկացավ, որ իր պաշտպանյալին առնչվող գործով Մասիս Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Մեր հարցին՝ պաշտպանյալի խափանման միջոցի հարցով բացի դատական նիստով միջնորդություններ ներկայացնելուց արտադատական կարգով քննարկումներ ունեցել է Մասիս Մելքոնյանի կամ Գևորգ Պողոսյանի հետ, պաշտպանն ասաց, որ նման քննարկումներ չի ունեցել։
Ինչ էական վնաս է պատճառվել պետությանը
Եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ Մելքոնյանն ու Պողոսյանը կատարել են իրենց վերագրվող արարքը այն ձևակերպմամբ, ինչ ձևակերպմամբ Դատախազությունն է ներկայացնում, ապա դրանում հանցակազմ չկա։ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածը, որ վերագրվում է դատավորներին, նյութական հանցակազմ է․ սա նշանակում է, որ արարքը Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով որակելու համար ենթադրյալ ապօրինի գործողություն կատարելու փաստը բավարար չէ․ անհրաժեշտ է նաև, որ այդ գործողության հետևանքով առաջանա օրենքով նախատեսված էական վնաս։
Մասնավորապես՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին։
Այսինքն՝ այս հանցակազմի պարտադիր տարր է ոչ միայն արարքը, այլև դրա հետևանքը և դրանց միջև պատճառահետևանքային կապը։ Մինչդեռ դատավորների մեղադրանքից պարզ չի դառնում, թե ում և ինչ էաական վնաս է պատճառել նկարագրված արարքը։
Դիտարկենք, որ Մասիս Մելքոնյանի վարույթում գտնվող գործի քննությունը ամռանն ավարտվել է։ Մեղադրյալը, որի խափանման միջոց բացակայելու արգելքը Մելքոնյանը փոխել էր գրավով, մեկնել է ՀՀ-ից և բարեխղճորեն վերադարձել, մասնակցել իր վերաբերյալ դատական նիստերին։ Չնայած այն հանգամանքին, որ ի սկզբանե տվյալներ են ստացվել, որ Մելքոնյանը այս մեղադրյալին արդարացնելու համար 2 000 000 դրամ կաշառք է վերցրել՝ Մելքոնյանը նրան մեղավոր է ճանաչել, տուգանել 375 000 դրամով։ Մեղադրյալը արդեն իսկ վճարել է դատական ակտով սահմանված տուգանքը։ Ուստի կարող ենք պնդել, որ որևէ անձի, կազմակերպության, պետությանը որևէ էական վնաս չի պատճառվել։
Հարց է առաջանում․ արդյոք այս հարցերը չեն հետաքրքրել դատավորների անկախությունը երաշխավորող ԲԴԽ-ին, երբ քննել ու բավարարել է դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունները։
Նշենք նաև, որ դատավորների վարույթում գտնվող գործերը պետք է վերամակագրվեն այլ դատավորների։ Այս պահին դատավոր Մասիս Մելքոնյանի վարույթում 205, իսկ Գևորգ Պողոսյանի վարույթում՝ 100-ի հասնող քրեական գործ կա։ Այսինքն՝ 300-ից ավելի գործ պետք է վերամակագրվի Երևանի քրեական դատարանի՝ առանց այն էլ ծանրաբեռնված դատավորներին։ Արդյոք հանրային շահից է բխում նման հիմքերով քրեական գործի պատճառով կասեցնել երկու դատավորի լիազորություն, տարիներով քննել գործը, ծանրաբեռնել քրեական դատարանի այլ դատավորների։
Արաքս Մամուլյան

