Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
Հասարակություն
02.11.2026 | 15:20
15-ամյա աղջիկը սկսել է համատեղ բնակվել 28-ամյա տղամարդու հետ։ Նրանք պարբերաբար ունեցել են սեռական հարաբերություններ, իսկ որոշ ժամանակ անց աղջիկը հղիացել է։ Բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, ինչից հետո նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ գործը հետագայում հասել է դատարան։
Սա վաղ ամուսնության պատմություն չէ․ սա քրեորեն պատժելի արարքի մասին հաղորդում է։
Նման դեպքերը հասարակության մեջ հաճախ ներկայացվում կամ ընկալվում են որպես «վաղ ամուսնություն» կամ ընտանեկան ընտրություն։
Այս դատական գործը վերցված է Datalex-ից։ Նման դատական գործերը, ինչպես վերոնշյալ պատմության դեպքում, հիմնականում կարճվում են հաշտության հիմքով՝ հաշվի առնելով նաև անչափահաս տուժողի կամարտահայտությունը։ Բայց այստեղ առաջանում է առանցքային հարցը՝ արդյո՞ք այդ տարիքի երեխան կարող է լիարժեք գնահատել իրավիճակը և ինքնուրույն որոշել, թե որն է իր լավագույն շահը։
ՆԳ նախարարությունն առաջարկել է օրենսդրական փոփոխություններ, որոնցով երեխաների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում նախատեսվում է բացառել հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը։ Նախագծի նպատակն է բացառել այն դեպքերը, երբ անչափահաս տուժողի արտահայտած հաշտությունը կամ համաձայնությունը կարող է հիմք դառնալ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։
14 տարեկանը՝ որպես իրավական սահման
Նախագծի մշակմանը մասնակցած երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանի խոսքով՝ հենց նման դեպքերն են ցույց տվել գործող կարգավորման խնդիրը։
«Շատ դեպքերում, օրինակ՝ մինչև 16 տարեկան երեխաների պարագայում, կիրառվում է համոզելու կամ փաստական ամուսնության մեջ գտնվելու գործոնը։ Իրենք ասում են (Խմբ․՝ տուժողը՝ անչափահաս անձը), որ այստեղ չի եղել բռնություն, ուրեմն՝ մենք՝ որպես դատավոր, կաշկանդված չենք կիրառել հաշտությունը։ Սա միանշանակ իրավական տեսանկյունից երեխայի լավագույն շահերից չի բխում, ինչից ելնելով մշակվեց նախագիծը»,- ներկայացնում է Դավիթ Թումասյանը։
Գործող Քրեական օրենսգիրքը հաշտության համար հատուկ տարիքային սահման է նախատեսում։
Քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է․
«Եթե հանցագործությունից տուժողը 14 տարին չլրացած անձ է կամ հոգեկան առողջության խնդիրների կամ մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևանքով լրիվ կամ մասնակիորեն զրկված է իր դեմ ուղղված հանցագործության բնույթն ու հետևանքները գիտակցելու կամ իր վարքագիծը ղեկավարելու հնարավորությունից, ապա նրա դեմ ուղղված հանցանք կատարած անձը չի կարող հաշտության հիմքով ազատվել քրեական պատասխանատվությունից»։
Այսինքն՝ մինչև 14 տարեկան տուժողի դեպքում հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելն օրենքն ուղղակիորեն բացառում է։ Սակայն 14 տարին լրանալուց հետո ընդհանուր արգելքն այլևս չի գործում։ Օրենքով նախատեսված մյուս պայմանների առկայության դեպքում անչափահաս տուժողի կամարտահայտությունը կարող է հաշվի առնվել հաշտության հարցը լուծելիս։
Դավիթ Թումասյանն այս կարգավորման խնդիրը բացատրում է կոնկրետ օրինակով․
«Օրինակ՝ նույն անառակաբարո արարքը կատարվում է 13 տարեկան երեխայի նկատմամբ, երբ արդեն գործը գտնվում է նախաքննության փուլում, երեխան 14 տարեկան է։ Ըստ գործող Քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ստացվում է, որ երեխան, լինելով տուժող, արդեն 14 տարին լրացած է և ինքն արդեն կարող է հաշտության գնալ»,- Դավիթ Թումասյան։
Մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող՝ 2003 թվականի Քրեական օրենսգրքում նման հատուկ տարիքային սահմանափակում առհասարակ չկար։ Նախկին ՔՕ 73-րդ հոդվածով ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձը կարող էր ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե հաշտվել էր տուժողի հետ և հատուցել կամ այլ կերպ հարթել նրան պատճառված վնասը։
Օրենքը հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու համար նախատեսում է նաև սահմանափակում․ եթե հանցագործության մեջ առկա են ընտանիքում բռնության հատկանիշներ, հաշտության հիմքով պատասխանատվությունից ազատելը չի կարող կիրառվել։
Մինչդեռ Դավիթ Թումասյանի պնդմամբ՝ դատական գործերում այլ պրակտիկա է կիրառվում։ Նրա խոսքով՝ բռնության սահմանումը նախատեսված է Ընտանիքում և կենցաղային բռնության կանխարգելման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենքով, որով ընտանիքում բռնություն է նաև այդ ընտանիքի անդամների միջև կամ զուգընկերների միջև սեռական բռնությունը։ Դա ներառում է նաև Քրեական օրենսգրքում նախատեսված սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները։
«Դատավորները ոչ թե առաջնորդվում էին այդ օրենքով և ասում էին, որ դա ընտանեկան բռնություն է՝ սեռական ցանկացած հանցավոր դրսևորումը, այլ իրենք ասում էին, որ քանի որ Քրեական օրենսգրքում կա բռնության իր ուրույն մեկնաբանությունը, որը իրենից ներկայացնում է արդեն ֆիզիկական բռնություն, սեռական բռնությունը, որը չի իրականացվել ֆիզիկական բռնության գործադրմամբ, բռնություն չէ»,- մեկնաբանում է Թումասյանը։
Ինչ դեր ունի ծնողը
Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը նման դեպքերում օրենսդրական բաց է համարում նաև ծնողների պատասխանատվության բացակայությունը։
«Այս բացը շատ վաղուց ենք նկատել, անգամ Քրեական օրենսգրքի փոփոխությունների ժամանակ առաջարկով հանդես ենք եկել, բայց հաշվի չի առնվել։ Շատ վաղուց առաջարկում ենք, որ երեխաների ծնողը պետք է պատասխանատվություն կրի 13, 14 տարեկան երեխայի համար։ Որովհետև այդ ամուսնությունը փաստացի նշանակում է, որ ծնողը տալիս է երաշխավորություն»,- ներկայացնում է նա։
Դեռ 2013 թվականին Ընտանեկան օրենսգրքում կատարված փոփոխությամբ նախատեսվել էր, որ 17 տարեկան անձը կարող է ամուսնանալ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ, իսկ 16 տարեկանում ամուսնությունը թույլատրելի էր նույն համաձայնության առկայության դեպքում, եթե ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան էր։
Միայն 2024թ․ սեպտեմբերի 10-ին ընդունված փոփոխություններով են այս բացառությունները հանվել և ամուսնության նվազագույն տարիքը բոլոր դեպքերում սահմանվել է 18 տարեկանը։
Գործող օրենսդրությամբ ծնողի համար առանձին քրեական պատասխանատվություն սահմանված չէ միայն այն բանի համար, որ նա համաձայնել է իր անչափահաս երեխայի՝ չափահաս անձի հետ «փաստական ամուսնությանը»։
Գործուն զղջման հիմքը՝ ծանր հանցագործությունների դեպքում
Օրենսդրական բացերն այսքանով չեն սահմանափակվում։
ՔՕ 81-րդ հոդվածի 1-ին մասով առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը և, վնաս պատճառած լինելու դեպքում, հատուցել կամ այլ կերպ հարթել է այն։
2023 թվականին այս ինստիտուտի կիրառման շրջանակն ընդլայնվել է։ ՔՕ 81-րդ հոդվածում ավելացված 1.1-ին մասը թույլ է տալիս որոշ դեպքերում գործուն զղջման հիմքով քրեական պատասխանատվությունից ազատել նաև առաջին անգամ ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձին։
Նույն փոփոխությամբ սահմանվել է նաև լրացուցիչ սահմանափակում․ անձը չի կարող գործուն զղջման հիմքով ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե տուժողի 14 տարին չի լրացել, կամ առողջական ու մտավոր զարգացման վիճակի հետևանքով ամբողջությամբ կամ մասամբ չի կարող գիտակցել իր դեմ ուղղված հանցագործության բնույթն ու հետևանքները կամ ղեկավարել իր վարքագիծը։
Սակայն այստեղ ևս 14-17 տարեկան երեխաների համար ընդհանուր տարիքային արգելք չկա։ Բացի այդ, սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված բոլոր հանցագործությունները գործող կարգավորմամբ ընդգրկված չեն այն բացառությունների շարքում, որոնց դեպքում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար գործուն զղջմամբ պատասխանատվությունից ազատելն արգելված է։ Թումասյանի խոսքով՝ այս բացը հատկապես ակնհայտ դարձավ 2023 թվականի փոփոխություններից հետո։
«Այդ փոփոխություններից հետո գործուն զղջման ինստիտուտը սկսեց կիրառվել ոչ միայն ոչ մեծ և միջին ծանրության, այլ որոշ դեպքերում նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների նկատմամբ։ Այստեղ, իհարկե, կա մի բաց՝ կապված Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի 1.2-րդ մասի հետ»,- ներկայացնում է Դավիթ Թումասյանը։
ՔՕ 81-րդ հոդվածի 1.2-րդ մասում թվարկված են այն հանցագործությունները, որոնց դեպքում ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձը չի կարող գործուն զղջման հիմքով ազատվել քրեական պատասխանատվությունից։
«Օրինակ՝ մարդու թրաֆիքինգի դեպքում գործուն զղջմամբ պատասխանատվությունից ազատում չի կիրառվում, մինչդեռ երեխայի կամ անօգնական վիճակում գտնվող անձի թրաֆիքինգի՝ 189-րդ հոդվածը այդ ցանկում չկա։ Նույնը վերաբերում է սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված՝ 198-200-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններին»,- մանրամասնում է նա։
Այսինքն՝ ստացվում է, որ անչափահասի թրաֆիքինգին վերաբերող 189-րդ հոդվածով, ինչպես նաև անձի սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններին վերաբերող 198-200-րդ հոդվածներով նախատեսված արարքների դեպքում հնարավոր է գործուն զղջման հիմքով անձին ազատել քրեական պատասխանատվությունից, քանի որ նշված հոդվածները 1.2-րդ մասով սահմանված բացառությունների ցանկում ներառված չեն։
Այսպես, ՔՕ 198-րդ հոդվածը վերաբերում է սեքսուալ բնույթի բռնի գործողություններին և կարող է նախատեսել մինչև 15 տարի ազատազրկում։
ՔՕ 199-րդ հոդվածը վերաբերում է սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելուն և կարող է նախատեսել մինչև 12 տարի ազատազրկում։
ՔՕ 200-րդ հոդվածը վերաբերում է 18 տարին լրացած անձի կողմից 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն և կարող է նախատեսել մինչև 10 տարի ազատազրկում։
Դավիթ Թումասյանի խոսքով՝ այս օրենսդրական բացերը փակելու համար էլ մշակվել է ՆԳՆ-ի օրենսդրական նախագիծը։
Միաժամանակ, հաշտության և գործուն զղջման հիմքերով երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների գործերով քրեական պատասխանատվությունից ազատելու դեպքերի ամբողջական վիճակագրություն պետական մարմինները չեն վարում։
ՀՀ դատախազությունը և Քննչական կոմիտեն Factor.am-ին տեղեկացրել են, որ առանձին վիճակագրություն չեն վարում, թե քննված քանի քրեական գործով են 18 տարին չլրացած անձանց սեռական ազատության կամ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների համար մեղադրվող անձինք ազատվել քրեական պատասխանատվությունից՝ գործուն զղջալու կամ տուժողի հետ հաշտության հիմքով։
Հետևաբար՝ հնարավոր չէ պաշտոնական վիճակագրությամբ պարզել, թե այս մեխանիզմները երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների գործերով ընդհանուր առմամբ քանի անգամ են կիրառվել։
Ի՞նչ է փոխում ՆԳՆ-ի նախագիծը
ՆԳՆ-ն դեռ 2024 թվականին մշակել էր Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, իսկ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Կառավարությունը հավանություն է տվել դրա վերամշակված տարբերակին։
Առաջարկվող կարգավորմամբ երեխայի նկատմամբ սեռական ազատության կամ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում պետք է ամբողջությամբ բացառվի ինչպես տուժողի հետ հաշտվելու, այնպես էլ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը։
Այս դեպքում այլևս նշանակություն չի ունենա՝ տուժող երեխան 13, 15, թե 17 տարեկան է․ առաջարկվող արգելքը տարածվելու է մինչև 18 տարեկանների նկատմամբ համապատասխան սեռական հանցագործությունների վրա։
ՆԳՆ-ն փոփոխության անհրաժեշտությունը ևս հիմնավորել է ձևավորված դատական պրակտիկայով՝ մատնանշելով 14-15 տարեկան տուժողների հետ հաշտության կամ գործուն զղջման հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեպքերը։
Նախագծով առաջարկվում է գործուն զղջալու արգելքը տարածել նաև երեխայի կամ անօգնական վիճակում գտնվող անձի թրաֆիքինգի և շահագործման վրա։
Փոփոխությունների մեկ այլ հատված վերաբերում է 16-17 տարեկան երեխաների սեռական շահագործմանը։ Առաջարկվում է առանձին քրեականացնել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելը։ Գործող օրենսդրությամբ մինչև 16 տարեկան երեխայի հետ սեռական հարաբերությունն արդեն իսկ քրեականացվում է անկախ վճարի առկայությունից, իսկ բացը հիմնականում վերաբերում է 16-17 տարեկան այն երեխաներին, որոնց դեպքում շահագործման վիճակ չի հաստատվել։
2026 թվականի հոկտեմբերի 29-ի դրությամբ պաշտոնական աղբյուրներում հաստատված վերջին փուլը Կառավարության՝ հոկտեմբերի 1-ին նախագծին հավանություն տալն է։ Առաջարկվող փոփոխությունները դեռ գործող Քրեական օրենսգրքի մաս չեն և, հետևաբար, այս պահին գործող օրենք չեն։
Ինչպե՞ս է հարցը կարգավորվում այլ երկրներում
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետությունները նույն խնդիրը տարբեր եղանակներով են լուծում։ Որոշ երկրներ ուղղակիորեն արգելում են երեխաների նկատմամբ որոշ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությամբ պատասխանատվությունից ազատվելը, մյուսներում տուժողի ներումը պարզապես իրավական հետևանք չի առաջացնում, իսկ որոշ երկրներում սահմանափակումը կառուցված է հանցագործությունների ծանրության կամ հատուկ թվարկված հանցակազմերի միջոցով։
Factor.am-ը դիտարկել է հենց այն երկրները, որտեղ օրենսդրական մոտեցումը մոտ է ՀՀ-ի օրենսդրական կարգավորումներին։
Իսպանիա
Իսպանիայում սեռական հանցագործությունների դեպքում տուժողի ներումը քրեական պատասխանատվությունը վերացնող հիմք չէ դեռ 1990-ականներից։
Իսպանիայի Քրեական օրենսգրքի (Ley Orgánica 10/1995, ընդունվել է 1995 թ. նոյեմբերի 23-ին, ուժի մեջ է մտել 1996 թ. մայիսի 24-ին) 191-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սեռական բռնության և սեռական ոտնձգության դեպքերում տուժողի կամ նրա օրինական ներկայացուցչի ներումը չի դադարեցնում քրեական հետապնդումը և չի վերացնում համապատասխան քրեական պատասխանատվությունը։ Այս դրույթը հետագա բարեփոխումներով չի վերացվել և ներկայումս գործում է նույն բովանդակությամբ։
Անչափահասների և հատուկ պաշտպանության կարիք ունեցող հաշմանդամություն ունեցող կամ անօգնական վիճակում գտնվող անձի դեպքում քրեական վարույթ նախաձեռնելու համար բավարար է դատախազության միջնորդությունը։
2022 թվականի բարեփոխմամբ վերափոխվել է սեռական հանցագործությունների համակարգը։ Օրենքով սեռական չարաշահման (abuso sexual) և սեռական բռնության (agresión sexual) հանցակազմերը միավորվել են մեկ ընդհանուր հանցակազմում, որն ընդգրկում է ցանկացած սեռական ակտ՝ կատարված առանց տուժողի համաձայնության։ Քրեական վարույթ հարուցելու համար տուժողի (կամ նրա օրինական ներկայացուցչի) բողոքի կամ դատախազության քրեական հայցի պահանջը պահպանվել է։
Ավելին՝ դեռ 2021 թվականին երեխաների և դեռահասների նկատմամբ բռնությունից համապարփակ պաշտպանության մասին օրենքով Իսպանիան լրացուցիչ փոփոխություն է կատարել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածում՝ սահմանելով, որ անչափահասների նկատմամբ կատարված՝ առավելապես անձնական բնույթի իրավական բարիքներին վերաբերող հանցագործությունների դեպքում տուժողի ներումը ևս չի վերացնում քրեական պատասխանատվությունը։
Մոլդովա
Մոլդովայի կարգավորումն ավելի մոտ է Հայաստանի ՆԳՆ-ի առաջարկած մոդելին։ Անչափահասների նկատմամբ սեռական և երեխայի շահագործման մի շարք հանցագործությունների դեպքում հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հատուկ արգելք գործում է դեռ 2013 թվականից։
2023 թվականին ուժի մեջ մտած փոփոխությամբ հաշտության արգելքից բացառություն է նախատեսվել, երբ ՔՕ 171–175¹ հոդվածներով նախատեսված ոչ ծանր հանցագործությունը կատարել է հենց անչափահաս անձը։ Այս բացառությունը չի վերաբերում չափահաս անձի կողմից երեխայի նկատմամբ կատարված սեռական հանցագործություններին։ Գործող ՔՕ 109-րդ հոդվածի 4-րդ մասը շարունակում է սահմանել, որ անչափահասների նկատմամբ 171–175¹ հոդվածներով նախատեսված հանցագործությունների դեպքում հաշտություն չի կիրառվում՝ բացառությամբ հենց անչափահաս կատարողի կողմից կատարված ոչ ծանր հանցագործությունների։
2026 թվականին Մոլդովան ավելի է ընդլայնել այն հանցագործությունների շրջանակը, որոնց դեպքում չեն կարող կիրառվել հաշտությունը, համաներումը և ներումը։
Փոփոխությամբ այդ սահմանափակումները տարածվել են նաև նոր հանցակազմերի վրա՝ կապված երեխաների սեռական շահագործման հետ։ Մասնավորապես, 2026 թվականի փոփոխությամբ ՔՕ 109-րդ հոդվածում նախկին 208–208² հոդվածների փոխարեն ներառվել են 208–208⁵ հոդվածները՝ ընդլայնելով անչափահասների նկատմամբ այն հանցագործությունների շրջանակը, որոնց դեպքում հաշտությունը չի կիրառվում։
Միաժամանակ սա չի նշանակում, որ մինչ փոփոխությունը նման արարքները որպես կանոն կարող էին ավարտվել հաշտությամբ։ Նոր հանցակազմերից մի քանիսը նախատեսում են ծանր պատիժներ և արդեն իսկ դուրս էին հաշտության ընդհանուր մեխանիզմի սովորական շրջանակից։ 2026 թվականի փոփոխությամբ օրենսդիրը, ըստ էության, նոր հանցակազմերը ևս ներառել է երեխաների նկատմամբ սեռական շահագործման այն հանցագործությունների շարքում, որոնց համար հատուկ սահմանափակված են ոչ միայն հաշտությունը, այլ նաև համաներումն ու ներումը։
Էստոնիա
Էստոնիան ընտրել է ավելի տարբերակված մոտեցում՝ կախված երեխայի տարիքից և հանցագործության տեսակից։
2014 թ. հուլիսի 1-ից Էստոնիայի Քրեական դատավարության օրենսգրքի 203 հոդվածը վարույթի կարճումը (հաշտեցման/վնասի հատուցման հիմքով) արգելում է 14 տարեկանից ցածր տուժողի նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքում՝ անկախ հանցակազմից։ 14-17 տարեկան տուժողների դեպքում ընդհանուր արգելք չկա. արգելքը վերաբերում է միայն օրենքում թվարկված հանցագործություններին, դրանց թվում են նաև սեռական բնույթի որոշ հանցագործություններ՝ անձի կամքին հակառակ սեռական գործողությունները, կախվածությունն օգտագործելով սեռական հարաբերության կամ այլ սեռական գործողության հարկադրանքը և ծնողի կամ այլ ազգականի կողմից երեխայի նկատմամբ սեռական գործողությունները։
Մինչև 18 տարեկանների նկատմամբ բոլոր սեռական հանցագործությունները այդ ցանկում ընդգրկված չեն։ Օրինակ՝ Էստոնիայի ՔՕ §145-ը քրեականացնում է չափահասի կողմից մինչև 16 տարեկան անձի հետ սեռական հարաբերությունը կամ այլ սեռական բնույթի գործողությունը։ Սակայն այս հոդվածը հաշտությամբ վարույթի դադարեցումն արգելող հատուկ ցանկում ներառված չէ։
Վրաստան
Վրաստանում գործում է օրենսդրական մեկ այլ մոդել։ Այստեղ 2010թ․ ընդհանրապես վերացվել է հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու մասին դրույթը։
Գործուն զղջման հիմքով քրեական պատասխանատվությունից ազատումը Քրեական օրենսգրքում առկա է, բայց ՔՕ 68-րդ հոդվածով այն որպես ընդհանուր կանոն վերաբերում է այն հանցագործություններին, որոնց առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարվա ազատազրկումը։ Ավելի ծանր հանցագործությունների դեպքում գործուն զղջմամբ ազատումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածն այդ հնարավորությունը հատուկ նախատեսում է։
Միջազգային կառույցների մոտեցումը
Երեխայի արտահայտած կամքը ինքնին դեռ բավարար չէ հասկանալու համար՝ նա լիարժե՞ք է գիտակցել կատարվածի բնույթն ու հետևանքները։ Քրեական արդարադատության փորձագետ Դավիթ Թումասյանի խոսքով՝ նման դեպքերում երեխայի գիտակցման աստիճանը կարող է գնահատվել դատահոգեբանական փորձաքննությամբ։
«Փորձաքննությամբ գնահատվում է՝ երեխան գիտակցո՞ւմ է սեռական հարաբերության բնույթը, դրա հետևանքները․․․ Այդ ամբողջ ծավալով հարցադրումները գնում են փորձաքննության»,- ասում է Թումասյանը։
Եվրոպայի խորհրդի՝ երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելու մասին Լանզարոտեի կոնվենցիայի 32-րդ հոդվածը պահանջում է, որ Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների քննությունը կամ քրեական հետապնդումը կախված չլինի տուժողի հաղորդումից կամ մեղադրանքից, և վարույթը կարողանա շարունակվել նույնիսկ այն դեպքում, երբ տուժողը հետ է վերցնում իր հայտարարությունը։
2025 թվականի զեկույցում բացատրվում է, որ այս սկզբունքը նախատեսված է նաև այն բանի համար, որ հանցագործություն կատարած անձը ճնշման կամ սպառնալիքի միջոցով չկարողանա երեխային ստիպել հետ վերցնել բողոքը և դրանով հասնել քրեական հետապնդման դադարեցմանը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2014 թվականի թիվ 69/194 բանաձևով ընդունված մոդելային ռազմավարությունները հաշտեցումը կամ մեդիացիան ամբողջությամբ չեն արգելում, սակայն պահանջում են, որ նման մեխանիզմները կիրառվեն միայն երեխայի լավագույն շահից ելնելով։ Այդ դեպքում պետք է գնահատվեն երեխայի և հանցանք կատարած անձի միջև ուժերի անհավասարությունը, երեխայի կամ նրա ընտանիքի խոցելիությունը, հնարավոր ճնշումը և երեխայի հետագա անվտանգության ռիսկերը։
15-ամյա աղջկա դատական գործը, հենց այս հակասությունն է ցույց տալիս․ երեխայի կարծիքը պետք է լսվի և գնահատվի՝ նրա տարիքին ու հասունությանը համապատասխան, բայց հարց է մնում՝ արդյո՞ք նրա հաշտվելու կամքը կարող է բավարար հիմք լինել, որպեսզի պետությունը հրաժարվի երեխայի նկատմամբ կատարված սեռական հանցագործության համար քրեական հետապնդումը շարունակելուց։
Մարիա Խաչատրյան
Նկարը գեներացված է ԱԲ-ով։

