«Անկողնային հիվանդ դատապարտյալն ինքնուրույն է փոխում իր տակդիրն ու միզային կաթետերը, որը 3 ամիս է չի փոխարինվել»․ ահազանգ բանտից
Հասարակություն
18.11.2026 | 18:00
Ծանր ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանով 46-ամյա դատապարտյալ Մայիս Եղոյանն ավելի քան մեկ տարի է անկողնային, անօգնական վիճակում է և պատշաճ բուժօգնություն չի ստանում։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ահազանգում է ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի նախագահ Արման Սահակյանը։
Եղոյանն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում է 2022 թվականի հոկտեմբերից, որտեղ ամիսներ անց վիրահատության է ենթարկվել, սկսել տեղաշարժվել անվասայլակով, հետո խնդիրներն ավելի են խորացել․ այսօր դատապարտյալն ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել․
«Մեր այցի ժամանակ՝ Մայիս Եղոյանը գտնվել է անկողնային վիճակում, ունեցել է արտահայտված ընդհանուր թուլություն, մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատություն։ Նրա մոտ տեղադրված է եղել միզային կաթետեր, իսկ մեզն ունեցել է արտահայտված մուգ, գրեթե սև գունավորում։ Մահճակալի մոտ առկա է եղել շուրջ 5 լիտր տարողությամբ տարա, որը, ըստ անձի բացատրության, օգտագործվել է կաթետերի պարկը դատարկելու նպատակով։ Միզային կաթետերը, ըստ իր հաղորդման, վերջին անգամ փոխվել է շուրջ երեք-չորս ամիս առաջ, իսկ տեղադրման հատվածում մշտապես զգում է ցավ և այրոց։ Դատապարտյալի խոսքով՝ ինքնուրույն է փոխում տակդիրը և դատարկում կաթետերի պարկը՝ չնայած ֆունկցիոնալ ծանր սահմանափակումներին։ Խուսափում է բավարար չափով սնվելուց՝ խնամքի դժվարությունների պատճառով։ Անձնական հիգիենան հիմնականում ապահովում է խոնավ կտորներով, իսկ պատշաճ լոգանքը, իր հաղորդմամբ, վերջին մեկ տարում կազմակերպվել է ընդամենը երկու անգամ»,- Եղոյանի առողջական վիճակն է նկարագրում դիտորդական խմբի ղեկավարը․ վերջին անգամ խումբը դատապարտյալին տեսակցել է նոյեմբերի 7-ին։
Մայիս Եղոյանի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը նախկինում գնահատվել է ծանր՝ 70 տոկոս, իսկ 2026 թվականի նոյեմբերին իրականացված կրկնակի գնահատմամբ՝ կրկին ծանր, սակայն այս անգամ՝ 68 տոկոս։ Ինչպես դիտորդական խումբը, այնպես էլ դատապարտյալն ահազանգում է, որ իր առողջական վիճակը վատթարացել է վերջին ամիսներին․ սեպտեմբերի 29-ի խմբի հերթական այցից և ահազանգից հետո Մայիս Եղոյանից վերցվել է արյան նմուշ, սակայն հետազոտության արդյունքները չեն տրամադրվել։
«Մենք խոր մտահոգություն ենք հայտնում Եղոյանի առողջական վիճակի, անհրաժեշտ բժշկական օգնության և ամենօրյա խնամքի ապահովման վերաբերյալ արձանագրված խնդիրների, ինչպես նաև իրավասու պետական մարմինի՝ ՀՀ Առողջապահության նախարարության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից առարկայական արձագանքման բացակայության կապակցությամբ։ Ազատությունից զրկված անձի առողջական ծանր վիճակի վերաբերյալ բազմակի ահազանգերի պայմաններում պետական մարմինների պարտականությունը չի սահմանափակվում ընդհանուր իրավական պարզաբանումներ տրամադրելով։ Այն ենթադրում է առողջական ռիսկերի ժամանակին գնահատում, անհրաժեշտ բժշկական միջամտությունների կազմակերպում, պատշաճ խնամքի ապահովում և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ հիմնավորված արձագանք»,- ընդգծում է Սահակյանը։
Դիտորդների խումբը Մայիս Եղոյանի առողջական վիճակի և պատշաճ խնամքի խնդիրների վերաբերյալ իրավասու մարմիններին տեղեկացրել է դեռևս 2025 թվականի դեկտեմբերին։ 2026 թվականի նոյեմբերի 12-ին Խումբը պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարին՝ պահանջելով համակողմանի ուսումնասիրություն, անհրաժեշտ հետազոտություններ և բուժօգնություն, նախկին հետազոտությունների արդյունքների պարզաբանում, ինչպես նաև պատժի հետագա կրման հետ առողջական վիճակի համատեղելիության գնահատում։ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանի՝ 2026 թվականի նոյեմբերի 17-ի պատասխան գրությամբ, առարկայական պարզաբանումներ չեն տրամադրվել իրականացված կամ նախատեսվող հետազոտությունների, բուժման, խնամքի և առողջական վիճակի գնահատման վերաբերյալ՝ հղում կատարելով բժշկական գաղտնիքի մասին օրենքին։
«Պատասխանում հիմնականում ներկայացվել են բժշկական օգնության և բժշկական գաղտնիքի վերաբերյալ ընդհանուր կարգավորումներ, այնինչ գրությանը կցվել են անձի համաձայնության թերթիկները»,- շեշտում է Արման Սահակյանը։
ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խումբը Մայիս Եղոյանի մասով ահազանգ-հաղորդագրություն է տարածել պահանջելով անհապաղ կազմակերպել նրա առողջական վիճակի համակողմանի բժշկական գնահատում՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով նեղ մասնագետների և կազմակերպելով տեղափոխում մասնագիտացված բուժհաստատություն, պարզել արձանագրված ախտանշանների և գանգատների պատճառները, գնահատել կաթետերի վիճակը և բժշկական ցուցումներով իրականացնել անհրաժեշտ հետազոտությունները, ապահովել առողջական վիճակին համապատասխան ամենօրյա մասնագիտական խնամք, հիգիենա, սնուցման կարիքների գնահատում և անկողնային վիճակի բարդությունների կանխարգելում, պարզել նախկինում իրականացված հետազոտությունների արդյունքները և ապահովել անձի տեղեկացումը և բժշկական փաստաթղթերին օրինական հասանելիությունը և գնահատել առողջական վիճակի համատեղելիությունը պատժի հետագա կրման հետ և իրավական հիմքերի առկայության դեպքում նախաձեռնել համապատասխան ընթացակարգը։
Ռոզա Վարդանյան

