Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
17.11.2026 | 16:52«Երևանի խցանումների հիմնական պատճառը ոչ թե մեքենաների քանակն է, այլ քաղաքաշինական սխալ քաղաքականությունն ու շինթույլտվությունները»,- պնդում է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
Ավագանու ընդդիմադիր անդամի խոսքով՝ քաղաքապետն իր հայտարարություններով պատասխանատվությունը բարդում է քաղաքացիների վրա։
«Ինքը նորից մեղադրեց քաղաքացիներին։ Ասեց՝ մենք ինչ անում ենք, լավ ենք անում, որովհետև դուք կուլ եք տալիս։ Մենք մեր աշխատավարձերը հունվարից բարձրացնելու ենք մինչև երկու միլիոն դրամ, ձեզ նոր տուգանքներ ենք անելու, դուք էլի կուլ եք տալու։ Սա լռելու, համակերպվելու հետևանքն է»,- ասաց Ստեփանյանը։
Անդրադառնալով մեքենաների թվի ավելացմանը՝ ավագանու անդամը նշեց, որ կառավարությունն է խրախուսել մեքենաների ներմուծումը՝ սահմանելով մաքսային արտոնություններ, իսկ այժմ քաղաքապետարանն ու կառավարությունը փորձում են սահմանափակել երթևեկությունը։
Նրա գնահատմամբ՝ առաջարկվող սահմանափակումները կարող են հասարակությանը բաժանել հարուստների և աղքատների՝ մեքենայով երթևեկելու հնարավորությունը դարձնելով ֆինանսական միջոցների հարց։
Ստեփանյանը նաև հիշեցրեց մեկ տարի առաջ Ավինյանի հոր կողմից «Օպելի» վարորդների վերաբերյալ հնչած արտահայտությունը՝ նշելով, որ այժմ այդ թեման կրկին արդիական է դառնում։ Հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի քաղաքապետարանը, ավագանու անդամը պատասխանեց, որ նախ պետք էր հաշվարկել երթևեկության պահանջարկը, ապա կառուցել նոր ճանապարհներ, էստակադաներ և շրջանցիկ ճանապարհներ։ Նա նաև հարց բարձրացրեց՝ որտեղ կարող են վարորդները կայանել մեքենաները և հասարակական տրանսպորտով շարունակել ճանապարհը։
Գևորգ Ստեփանյանի համոզմամբ՝ սկսվել է «Տիգրան ջա՛ն, սիրուն չի» գործընթաց։
Նշենք, որ Ստեփանյանի հայտարարած «Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա»-ն ակնարկ է 2012 թվականին հայտնի դարձած «Տարոն ջան, սիրուն չի» արտահայտությանը։ Այն կապվում է Երևանի Մաշտոցի պուրակում առևտրային տաղավարների տեղադրման դեմ բողոքի ակցիաների հետ։ Այդ ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր պուրակ և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հորդորել ապամոնտաժել տաղավարները՝ նշելով, որ դրանք այնքան էլ գեղեցիկ չեն։ Դրանից հետո արտահայտությունը դարձավ թևավոր խոսք։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

