Պերմյակովի ոճով. Գյումրիում սպանված կնոջ դուստրն ասում է՝ ռուս զինծառայողը 102-րդ ռազմաբազայում է

Լուրեր

15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիում 57-ամյա կնոջ սպանության գործով նոր զարգացումներ կան: Factor.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալված ռուս զինծառայողը, որի անունը գաղտնի է պահվում, այս պահին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում է: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց հանգուցյալ Ջուլիետա Ղուկասյանի դուստրը՝ Անահիտ Ղուկասյանը:

«Ես իմացել եմ, որ զորամասում են պահում: Ուրիշ բան չգիտեմ, ինձ այդ մասին քննիչ չի ասել: Ես դեպքի մանրամասներին էլ ծանոթ չեմ, պատճառները չգիտեմ: Մենք այդ մարդուն չենք ճանաչել, հետը ոչ մի կոնֆլիկտ չենք ունեցել: Առավոտ գործի գնալուց այդպես է եղել»,- պատմեց Անահիտ Ղուկասյանը:
Գլխավոր դատախազության լրատվական ծառայութունից մեր հարցին, թե որտե՞ղ է գտնվում սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողը, որևէ պատասխան չտվեցին՝ նշելով, որ չեն մեկնաբանում:

Գլխավոր դատախազության այս պատասխանը կասկածի տեղիք է տալիս, որ ռուս զինծառայողն իսկապես իր զորամասում է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Գյումրու Սլաբոդկա թաղամասում դաժան ծեծի էր ենթարկվել 57-ամյա մի կին, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: Ծեծված կինը Գյումրու Աճեմյան 26 հասցեի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանն է: Նա որպես աշխատակից գրանցված էր Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնում և փողոցի մաքրման աշխատանք էր կատարում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ այս գործին կցվել են ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի առանձնատան տեսահսկման խցիկներից կադրեր: Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կադրերում երևում է, թե ինչպես է կինը հանգիստ քայլում, երբ նրան է մոտենում երիտասարդը: Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ այդ կադրերում երևում է, թե ինչպես է երիտասարդը հուժկու հարվածներ հասցնում կնոջը, հատկապես՝ դեմքի շրջանում:

Սա առաջին դեպքը չէ, որ ռուսական ռազմաբազայի զինծառայողները կասկածվում են Գյումրիում կատարվող սպանությունների մեջ կամ հենց սպանություն իրականացնողներն են: 2015 թվականի հունվարի 12-ին վաղ առավոտյան՝ ժամը 06:00-ի սահմաններում, Գյումրիում նույն ռազմաբազայի մեկ այլ զինծառայող՝ Վալերի Պերմյակովը սպանեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին: Ուշագրավն այն էր, որ նա ևս դատավարության ամբողջ ընթացքում պահվեց ռազմաբազայում և չհանձնվեց հայ իրավապահներին: Հայկական կողմը դատական նիստերն անում էր ռազմաբազայի տարածքում:

Ոչ վաղ անցյալում՝ 2018 թվականի ամռանը, ևս մեկ միջադեպ տեղի ունեցավ. 102-րդ ռազմաբազայի զինծառայողները Շիրակի մարզի Փանիկ գյուղի տարածքում զորավարժանք էին անցկացրել, ինչը մեծ խուճապ էր առաջացրել գյուղում: Զորավարժությունից անտեղյակ գյուղացիները սարսափահար էին եղել՝ մտածելով, թե գյուղում իրական ռազմական գործողություններ են ընթանում: Սա ևս մեկ փաստ է, որ ցույց տվեց, որ ռուսական կողմը հարգալից չէ հայկական կողմի նկատմամբ և անտեսել է զորավարժությունների մասին նախապես զգուշացնելու կարգը:

Այս ամենի համատեքստում տարօրինակ է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի լռությունը. նա որևէ կերպ չի անդրադառնում իրավիճակին: Միաժամանակ, նշենք, որ նա Փանիկի դեպքի հետ կապված կոշտ հայտարարություն էր արել:

Հավելենք, որ 57-ամյա կնոջ սպանության և հանցագործությանը ռուս զինծառայողի հնարավոր մասնակցության կապակցությամբ հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» կուսակցությունը: «Հայաստանի Գլխավոր դատախազությունը միայն ընտրություններից հետո է հաստատել, որ Գյումրիում 57-ամյա Ջուլիետտա Ղազարյանի սպանության գործով ձերբակալվել է ռուսաստանյան ռազմակայանի զինծառայող: Մինչդեռ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին և նույն օրն իսկ, ըստ լրատվամիջոցների տվյալների, շրջանառվում էր նույն վարկածը՝ ռուս զինծառայողը դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան դաժանորեն ծեծել է փողոցը մաքրող կնոջը, որը մահացել է հիվանդանոցում: <…> «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը Հայաստանի կառավարությանը հորդորում է այս ողբերգական դեպքը առիթ դարձնել՝ առնվազն Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության պայմանների վերանայման գործընթաց սկսելու և այդ գործընթացը Ռուսաստանի հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու հնարավորության վերածելու համար»,- մասնավորապես ասված է կուսակցության հայտարարությունում:

Ի դեպ՝ այն մասին, որ 57-ամյա կնոջ սպանության մեջ ռուս զինծառայող է կասկածվում, Factor.am-ը գրել էր դեռևս դեկտեմբերի 3-ին:

Հայկ Վարդանյան