ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
Հասարակություն
09.10.2026 | 23:15
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ միջոցներ է ձեռնարկել Հրազդանի թիվ 26 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում քարտուղարի և «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդի միջև տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու համար։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։
Հանձնաժողովից նշել են, որ իրենց լիազորությունների շրջանակում հետևողական են դիտորդների իրավունքների իրացման ապահովման հարցում և կարևորում են ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը։
ԿԸՀ-ն ընդգծել է, որ շարունակելու է իր լիազորությունների շրջանակում նպաստել ընտրական գործընթացի օրինականության, թափանցիկության և վստահության ապահովմանը։
Միջադեպի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ պարզելու դեպքում ԿԸՀ-ն այդ մասին կտեղեկացնի հանրությանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 8-ին Հրազդանի թիվ 26 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում միջադեպ է տեղի ունեցել հանձնաժողովի քարտուղարի և «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդի միջև։ Ըստ առաքելության՝ հանձնաժողովի քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին, պահանջել հանձնել անձնական հեռախոսը և փորձել խոչընդոտել նրա հեռանալուն։ Միջադեպը, ըստ դիտորդի, կապված է եղել իր իրավունքների սահմանափակման վերաբերյալ ավելի վաղ ներկայացված դատական հայցի հետ։

