Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
09.10.2026 | 18:18Երևանի Շինարարների փողոցում գործող կրպակների սեփականատերերն ու վարձակալները պնդում են՝ քաղաքային իշխանությունները պատրաստվում են քանդել իրենց կրպակները, թեև դրանք սեփականության վկայականներ ունեն։ Նրանց խոսքով՝ հողի վարձակալության պայմանագրերի ժամկետներն ավարտվել են, սակայն գույքը գրանցված է որպես սեփականություն։ Առևտրականներն ասում են՝ իրենց այլ տարածք չեն առաջարկում, իսկ կրպակների քանդման դեպքում փոխհատուցման հարցը հստակեցված չէ։
«Մեր կրպակները 20-25 տարի առաջ հայրս, հորեղբայս սարքել են։ Այստեղ տաշտի մեջ ձուկ ենք ծախել։ Իշխանությունները թույլ են տվել, այս կրպակները սարքել ենք, թղթերը հանել ենք, սեփականաշնորհել ենք», – ասաց կրպակներից մի քանիսի սեփականատեր Դավիթ Նահապետյանը։
Նրա խոսքով՝ տարիներ առաջ տարածքում կառուցված անօրինական կրպակներից մեկը պատկանել է նաև իրենց։ Այն քանդել են, և իրենք չեն առարկել՝ ընդունելով, որ շինությունն ապօրինի է եղել։ Սակայն այժմ, ըստ նրա, հերթը հասել է սեփականության վկայականներ ունեցող կրպակներին։
«Մի 20-25 օր առաջ եկան, շուխուռ տարածեցին, որ կրպակները քանդում են։ Հետաքրքրվեցինք, մեզ ասեցին, որ ձերը չեն քանդում, ձերը օրինական կրպակներ են, սաղ նորմալ ա», – պատմեց նա։
Առևտրականի խոսքով՝ օրեր առաջ տեղեկություն է տարածվել, որ քանդվելու են նաև իրենց կրպակները։ Սեփականատերերն ու վարձակալները մի քանի հոգով գնացել են թաղապետարան՝ պարզելու՝ որքանով են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը։ Դավիթ Նահապետյանի փոխանցմամբ՝ թաղապետարանում իրենց ասել են, որ բոլոր կրպակներն են քանդվելու, վարձակալները խնդրել են ժամանակ տրամադրել՝ այլ տարածք գտնելու և տեղափոխվելու համար, սակայն, իր պնդմամբ, նման հնարավորություն չեն տվել։
«Գոնե թաղապետարանը, քաղաքապետարանը պիտի հասկանան այն տարբերությունը, որ մարդը վեց տարի առաջ 500 հազարով կրպակը վերցրել ա, գնալով շուկայականը աճում ա, էսօր ուրիշ տեղ նույն կարգի կրպակ վերցնի՝ 2 միլիոնով ա վերցնելու», – ասաց սեփականատերը։
Առևտրականի պնդմամբ՝ նախկինում իրենց վստահեցրել են, որ սեփականության իրավունքով պատկանող կրպակները չեն քանդվելու։ Այդ վստահության պայմաններում մի շարք առևտրականներ շարունակել են ներդրումներ կատարել։
Նահապետյանի վստահեցմամբ՝ հողի վարձակալության պայմանագրերի ժամկետներն ավարտվել են, և դրանք չեն երկարաձգվել։ Միաժամանակ, նրա խոսքով, շինությունները գրանցված են որպես սեփական անշարժ գույք։
«Կադաստրում հաստատված սեփական անշարժ գույք է, բայց համայնքային հողի վրա կառուցված», – ասաց նա։
Սեփականատերը նաև պնդեց, որ իրենց չեն տրամադրում բավարար ժամանակ՝ դատարան դիմելու և իրավունքները պաշտպանելու համար։
Քանդման աշխատանքները, ըստ կրպակների սեփականատերերի, նախատեսվում են հոկտեմբերի 13-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

