ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
Քաղաքականություն
07.11.2026 | 15:06
ԱՄՆ իշխանությունները մինչև 20 միլիոն դոլար պարգևատրում և ԱՄՆ տեղափոխվելու հնարավորություն են առաջարկում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու դիմաց։ Այս մասին նոյեմբերի 6-ին X սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը։

Հրամանատարության տվյալներով՝ առաջարկը գործում է ԱՄՆ Պետդեպարտամենտի «Արդարության համար պարգևատրում» (Rewards for Justice) ծրագրի շրջանակում։ Պարգևատրումը նախատեսված է Իրանի միջուկային ծրագրի, այդ թվում՝ դրա օբյեկտների, սարքավորումների և ծրագրի հետ առնչություն ունեցող աշխատակիցների, ներառյալ գիտնականների վերաբերյալ տեղեկությունների համար։
Ծրագիրը ստեղծվել է 1984 թվականին՝ որպես ամերիկյան քաղաքացիների կյանքն ու Միացյալ Նահանգների շահերը պաշտպանելուն ուղղված տեղեկատվության դիմաց պետական պարգևատրման համակարգի մաս։
Թե ինչ պայմանների դեպքում տրամադրված տեղեկությունների համար հնարավոր կլինի ստանալ առավելագույն՝ 20 միլիոն դոլար պարգևատրումը, չի հստակեցվում։
Հիշեցնենք՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ Իրանի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) նկատմամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով գործակալությունը կորցրել է միջուկային ծրագրի որոշ առանցքային բաղադրիչների, այդ թվում՝ ցենտրիֆուգների արտադրության և պաշարների շարունակական վերահսկողության հնարավորությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի միջուկային ծրագիրը փաստացի ամբողջությամբ ոչնչացվել է։ Միաժամանակ նա հայտարարել է, որ Թեհրանը ցանկանում է ավարտել հակամարտությունը, և կողմերի միջև բանակցություններ են ընթանում։
Նոյեմբերի 3-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ևս հայտարարել էր, որ իր կառավարությունը շարունակում է ճգնաժամը երկխոսության միջոցով կարգավորելու ջանքերը։
Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ դեռ պետք է «զբաղվի» Իրանում գտնվող մեկ կամ երկու թիրախով, որոնց թվում է կենտրոնական Իրանի այսպես կոչված Pickaxe Mountain-ը, որտեղ, ըստ ենթադրությունների, միջուկային օբյեկտ է գտնվում։ Թեհրանը հերքում է դա։
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

