Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
Քաղաքականություն
05.11.2026 | 11:11
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը լույս նոյեմբերի 5-ի գիշերը հարձակվել են ՌԴ Ռյազանի մարզի վրա, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Պավել Մալկովը, գրում է Meduza-ն։
Նրա խոսքով՝ Ռյազանում արդյունաբերական օբյեկտների տարածքում «բեկորների ընկնելու» հետևանքով հրդեհներ են բռնկվել։ Թե կոնկրետ որ օբյեկտների մասին է խոսքը, նա չի հստակեցրել։
Էլեկտրահաղորդման գծերի վնասման պատճառով քաղաքում էլեկտրամատակարարման խափանումներ են սկսվել։ Դպրոցներից մեկում ապակիները կոտրվել են, ու ըստայդմ՝ դասերը չեղարկվել են։
Մալկովի հաղորդմամբ՝ Ռյազանի շրջանում վնասվել են մասնավոր տներ, իսկ Ռիբնովի շրջանում՝ մասնավոր հատվածում գտնվող ոչ բնակելի շինություն է հրդեհվել։ Մեկ մարդ տուժել է։
Ուկրաինական Exilenova+ և Supernova+ մոնիթորինգային տելեգրամ ալիքները պնդում են, որ անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին, որը նախկինում ևս բազմիցս ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի հարվածներին։ Գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել։ Exilenova+-ը նաև հայտնում է Wildberries-ի պահեստում բռնկված հրդեհի մասին։
Astra-ն, հղում անելով տեղի բնակիչներին, նույնպես հայտնում է Wildberries-ի լոգիստիկ կենտրոնում բռնկված հրդեհի մասին։ Ինքը՝ առցանց առևտրի հարթակը, դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

