Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
Հասարակություն
05.11.2026 | 11:16
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանի՝ պահանջելով հերքել Ազգային ժողովի ամբիոնից «զրպարտություն համարվող և Տավրոս Սափեյանին վերաբերող փաստացի տվյալները»։
Մասնավորապես, հայցի համար հիմք է հանդիսացել Յոլյանի՝ հոկտեմբերի 29-ի այս ելույթը․
«Ես մի փոքր ուսումնասիրել եմ՝ ինչքա՜ն ՔՊ-ական համայնքների ղեկավարներ կան, ընդ որում՝ կարկառուն, բացել են ընկերություններ և մսխում են պետական բյուջեն ասֆալտապատման՝ անորակ ասֆալտապատման աշխատանքներով։ Ընտանիքներով՝ քույր, եղբայր, հայր, մայր, հորեղբայր… բոլորը լծված են պետական բյուջեն մսխելով։ Եվ ի՞նչ ա տեղի ունենում. ասֆալտը իրականացնում են, մի ամիս հետո քանդվում է։ Բավականին շատ հետաքննական նյութեր կան, հրապարակումներ կան, հոդվածներ կան։ Հարց է առաջանում՝ ինչի՞ որևէ անգամ Քննչական կոմիտեն սերիալ չի նկարահանում, Հակակոռուպցիոն կոմիտեն մարտաֆիլմ չի նկարահանում, որովհետև բոլորը պորտալարով կապված են իշխանության հետ։ Իսկ այն ինստիտուտը, որը պատասխանատու է էս ամեն ինչի մասին, էս հանցավոր անգործության մատնված խոսել՝ էդ կոռուպցիոն սխեմաների մասին, լռում է։ Բոլորը գալիս են էստեղից խոսում են թալանից, չգիտեմ ինչից… Դուք ձե՛ր մասին խոսեք»։
Յոլյանի այս ելույթից հետո ՔՊ-ական մի քանի համայնքի ղեկավարներ հայտարարեցին, որ դիմելու են դատարան և հայց ներկայացնեն ընդդիմադիր պատգամավորի դեմ։ Փաստացի, առաջինն այդ քայլին դիմել է Սափեյանը․ նա դատարանից խնդրում է պարտավորեցնել Իրինա Յոլյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրվա ընթացքում ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հրապարակայնորեն հերքել իր կողմից 29.10.2026թ. ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից կատարված հայտարարությամբ «զրպարտություն համարվող և Տավրոս Սափեյանին վերաբերող փաստացի տվյալները»՝ հետևյալ բովանդակությամբ․
«29.10.2026թ. ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալու ընթացքում Իրինա Յոլյանիս կողմից կատարված արտահայտություններն առ այն, որ «ինչքան ՔՊ-ական համայնքների ղեկավարներ կան, ընդ որում կարկառուն, բացել են ընկերություններ և մսխում են պետական բյուջեն ասֆալտապատման՝ անորակ ասֆալտապատման աշխատանքներով։ Ընտանիքներով՝ քույր, եղբայր, հայր, մայր, հորեղբայր, բոլորը լծված են պետական բյուջեն մսխելով» չեն համապատասխանում իրականությանը»։
Բացի հերքումից, Սափեյանը պահանջում է Իրինա Յոլյանից հօգուտ իրեն բռնագանձել 3 մլն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։
Ռոզա Վարդանյան

