Հունգարիան բացել է կոմունիստական շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
Քաղաքականություն
04.11.2026 | 19:44
Հունգարիան չորեքշաբթի հանրությանն է ներկայացրել կոմունիստական ժամանակաշրջանի գաղտնի ոստիկանության հազարավոր փաստաթղթեր՝ որպես երկրի՝ բռնաճնշումներով լի անցյալի հետ առերեսվելու երկար ձգձգված գործընթացի մի մաս, գրում է DW-ը։
Արխիվային նյութերը, որոնք այժմ ներառված են որոնելի առցանց շտեմարանում, պարունակում են միակուսակցական կառավարման շուրջ չորս տասնամյակների ընթացքում պետական անվտանգության մարմինների հետ համագործակցած հազարավոր նախկին տեղեկատուների անուններ։ Թեև Հունգարիայում կոմունիստական վարչակարգն ավարտվել է 1989 թվականին, արխիվները բացելու փորձերը բազմիցս հետաձգվել են։ Որոշ քննադատներ ուշացումը պայմանավորում էին հաջորդական կառավարությունների՝ հասարակական և քաղաքական հայտնի գործիչներին հնարավոր բացահայտումներից զերծ պահելու ցանկությամբ։
Կենտրոնամետ աջակողմյան վարչապետ Պետեր Մադյարը, որն ապրիլին պաշտոնանկ է արել երկար տարիներ իշխանության ղեկին գտնվող պոպուլիստ առաջնորդ Վիկտոր Օրբանին, խոստացել էր հանրության համար ապահովել անսահմանափակ հասանելիություն այդ փաստաթղթերին։
«36 տարի անց մենք վերջապես կատարում ենք այն խոստումներից մեկը, որը ժամանակին 1990 թվականի վարչակարգի փոփոխության առանցքային խոստումներից էր, սակայն հետագայում այն ուրացվեց և դրա մասին ստեր հնչեցին»,- պետական անվտանգության արխիվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մադյարը։
Նրա խոսքով՝ նոր առցանց շտեմարանում հրապարակվել է շուրջ 60 հազար անուն։ Փաստաթղթերի երկրորդ փաթեթը նախատեսվում է հասանելի դարձնել մինչև փետրվար։
«Ես խնդրում եմ բոլորին արժանապատվությամբ և մարդասիրությամբ վերաբերվել փաստաթղթերի այս վաղուց սպասված հրապարակմանը, քանի որ բազմաթիվ ընտանիքներ այժմ ստիպված կլինեն առերեսվել դժվարին տեղեկությունների հետ, որոնք հաճախ վերաբերում են իրենց մահացած հարազատներին։ Անհնար է հաղթահարել հոգեբանական ծանր փորձառությունը՝ առանց դրա մասին խոսելու և հարցեր տալու»,- ասել է Հունգարիայի վարչապետը։
Հունգարիան 1949-1989 թվականներին գտնվել է միակուսակցական կոմունիստական կառավարման ներքո։ Ինչպես Սառը պատերազմի տարիներին Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում, այնպես էլ Հունգարիայում գաղտնի ոստիկանությունը քաղաքացիներին վերահսկելու համար ապավինում էր տեղեկատուների լայն ցանցին։ Այդ տեղեկատուներին հաճախ հարկադրաբար ստիպում էին տեղեկություններ հաղորդել իրենց գործընկերների, ընկերների և նույնիսկ հարազատների մասին։
Պետական անվտանգության արխիվների գնահատականներով՝ իշխանությունները հավաքագրել են շուրջ 150 հազար մարդկանց, թեև նրանց մոտ երկու երրորդի վերաբերյալ փաստաթղթերն այլևս գոյություն չունեն։ Փաստաթղթերից շատերը ոչնչացվել են 1956 թվականին՝ Հունգարիայում հակախորհրդային ապստամբության ընթացքում, կամ թաքցվել ժողովրդավարության անցման ժամանակ։ Ենթադրվում է, որ որոշ փաստաթղթեր տեղափոխվել են Մոսկվա։
Մինչ փաստաթղթերի հրապարակումը լուրեր էին շրջանառվում, թե նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը նույնպես գաղտնի ոստիկանության տեղեկատու է եղել։ Սակայն չորեքշաբթի հրապարակված թվային տվյալների բազայում նրա անունը չի հայտնվել։
Օրբանը երեքշաբթի ասել է, որ կոմունիստական գաղտնի ծառայությունները փորձել են հավաքագրել իրեն, երբ նա իր զինվորական ծառայությունն է կատարել, սակայն նա հրաժարվել է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

